Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Փետրվար

Միջազգային օլիմպիադայից 18 մեդալով վերադարձած աշակերտները պատրաստվում են նոր նվաճումների

Միջազգային օլիմպիադայից 18 մեդալով վերադարձած աշակերտները պատրաստվում են 
նոր նվաճումների

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնութ մեդալ մեկ միջազգային օլիմպիադայից. Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի և «Քվանտ» վարժարանի սաները օրերս լուրջ արդյունքներով են վերադարձել Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադայից: Այս օրերին նրանք չեն դադարում պատմել իրենց հաջողությունների մասին՝ հպարտությամբ ներկայացնելով նվաճած մեդալները:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմի ղեկավար Սուրեն Գրիգորյանը նշեց, որ այս անգամ օլիմպիադային Հայաստանը ներկայացված է եղել 26 աշակերտով:

«Ֆիզիկամաթեմատիկական դպրոցը ներկայացված է եղել 16 աշակերտով, իսկ «Քվանտ» վարժարանը՝ 10: Ընդհանուր առմամբ, երեխաներն արժանացել են 18 մեդալի, ինչը շատ կարևոր արդյունք է: Մեր դպրոցը երբեք դատարկաձեռն չի վերադարձել միջազգային օլիմպիադաներից: 2005 թվականից այսօր 7 ոսկի ունենք, 36 արծաթ: Ասեմ, որ այս անգամ ներկայացված պետությունների մեջ թիմային պայքարում մեր դպրոցը 4-րդն էր»,-ասաց Սուրեն Գրիգորյանը:

Օլիմպիադային մասնակցել է 16 երկիր՝ ետխորհրդային և եվրոպական պետություններ: Ընդհանուր առմամբ կար 600 մասնակից:

«Քվանտ» վարժարանի ֆիզիկայի ուսուցիչ, թիմի ղեկավար Էդգար Վարդանյանը նշեց, որ օլիմպիադան կազմակերպվել է  երեք առարկայից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա»:

«Առանձին առարկաների գծով մրցույթը բաղկացած էր երկուական փուլից: Բավական բարդ առաջադրանքներ էին: Մեր աշակերտների մեծ մասը կարողացավ խնդիրների զգալի հատվածը լուծել և արժանանալ մեդալների: Տարածաշրջանային երկրների համեմատ մենք առաջնային դիրքերում ենք»,-ասաց Էդգար Վարդանյանը:

«Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանն այս անգամ ոսկե մեդալով է վերադարձել: Օլիմպիադային նախապատրաստվելու ընթացքին շատ խիստ է մոտեցել: Հետևողական աշխատանքն, իր ուսուցիչների աջակցությունը տվեց ցանկալի արդյունքը:

«7-րդ դասարանից այս վարժարանում եմ սովորում: Այդ ժամանակվանից արդեն հետաքրքրություն ունեի մաթեմատիկայի ու ինֆորմատիկա առարկաների նկատմամբ: Ընդգրկվեցի Ինֆորմատիկայի օլիմպիական խմբակում, և հիմա մասնակցում եմ միջազգային օլիմպիադաներին: Մրցույթի երկրորդ օրն այնքան էլ հաջող չգրեցի, ինձնից գոհ չեմ, սակայն հետո շատ արագ հավաքվեցի, և ահա արդյունքը տեսնում եք»,-ասաց Ալեքսանդրը:  

«Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի Լորետա Արզումանյանը վերադարձել է արծաթե մեդալով: Վարժարանում սովորում է 8-րդ դասարանից:

«Այդ ժամանակ էլ ինձ մոտ հետաքրքրությունը մեծացավ մաթեմատիկայի նկատմամբ: Օլիմպիական խմբակում ընդգրկվելուց հետո ձգտում կար դեպի օլիմպիադաները: Սկզբում արդյունքներս այնքան էլ լավ չէին, սակայն հետո սկսեցի բարելավել: Սա իմ երկրորդ մեդալն է»,-ասաց Լորետա Արզումանյանը:

Ֆիզիկամաթեմատիկական դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Էլեն Պետիկյանը համալրել է թիմի բրոնզե մեդալակիրների ցանկը: Շատ օլիմպիադաների է մասնակցել, սակայն լուրջ հաջողություններ չի գրանցել: Այս անգամ ունեցավ այնքան սպասված մեդալը:

«Երկար, տևական աշխատանքի արդյունք է, ինչը շատ է ոգևորում: Օլիմպիադաներին մասնակցությունն ինքնավստահություն է տալիս, փորձ, հմտություններ՝ հետագայում այլ երկրների առաջատար բուհերում կրթությունս շարունակելու համար: Ամեն դեպքում, որտեղ էլ կրթությունս շարունակեմ, միևնույն է, վերադառնալու եմ Հայաստան»,-ասաց Էլեն Պետիկյանը:

Թիմի ղեկավարները նկատեցին, որ ամեն տարի ավելանում է աղջիկ մասնակիցների թիվը: Աղջիկների շրջանում հետաքրքրությունն ավելանում է, մանավանդ, որ արդյունքները սպասեցնել չեն տալիս:

Ալմաթի քաղաքում կայացած Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադան անցկացվել է 2020 թ. հունվարի 8-14-ը: Առաջիկայում ևս մեր աշակերտները կմասնակցեն միջազգային օլիմպիադաներին: Նրանք նպատակ ունեն վերադառնալ նոր ձեռքբերումներով ու նվաճումներով:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ