Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Միջուկային համաձայնության շուրջ սպասվող զարգացումները

Միջուկային համաձայնության շուրջ սպասվող զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018թ. մայիսին, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային համաձայնությունից միակողմանի դուրս գալու մասին որոշում կայացրեց, Իրանը միջուկային համաձայնությունը ստորագրած եվրոպական երկրների հետ սկսեց ակտիվ բանակցություններ վարել՝ ակնկալելով եվրոպական կողմի գործուն աջակցությունն ԱՄՆ-ի որոշման արդյունքում ի հայտ եկած ֆինանսական և իրավական խնդիրները հաղթահարելու գործում:

Անցած մեկ ու կես տարվա ընթացքում միջուկային համաձայնությունը «փրկելու» նպատակով Իրանի և եվրոպական եռյակի միջև տարբեր ձևաչափերով հանդիպումներ տեղի ունեցան, որոնց ավարտին միջուկային համաձայնության շրջանակներում համագործակցության վերաբերյալ մի շարք համաձայնություններ ձեռք բերվեցին, որոնք, սակայն լիարժեք չկատարվեցին, քանի որ եվրոպական կողմն ստանձնած պարտավորությունները չկատարելու համար մեղադրում էր Իրանին, իսկ իրանական կողմը՝ Եվրոպային:

Իրանի և Եվրոպայի միջև թեև ոչ արդյունավետ, սակայն միջուկային համաձայնությունը պահպանելուն ուղղված քաղաքական գործընթացները մտան փակուղի 2019թ. սեպտեմբերին, երբ Նյու Յորքում ընթանում էր ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանը: Այդ ընթացքում, երբ արդեն հայտնի դարձավ, որ Իրանի միջուկային ծրագրի հարցում Իրանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսություն սկսելու Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությունն այլևս ձախողված է, եվրոպական եռյակը ևս փոխեց իր դիրքորոշումը:

Եթե մինչ այդ՝ Եվրոպան ամեն կերպ ձեռնպահ էր մնում միջուկային համաձայնությունից դուրս Իրանի հրթիռային համակարգերի և ԻԻՀ մերձավորարևելյան քաղաքականության վերաբերյալ կոշտ գնահատականներ հնչեցնել, ապա Եռյակի՝ Սաուդյան Արաբիայի վրա կատարված հարձակման մեջ Իրանին մեղադրելը և Իրանի հրթիռային համակարգերի հարցն օրակարգ բերելը վտանգեց ոչ միայն Իրանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության կայացմանն ուղղված Փարիզի ջանքերը, այլև նպաստեց Իրանի և եվրոպական երկրների միջև առկա անվստահության մթնոլորտի ձևավորմանը:

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության արդյունքում Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում առաջացած լարվածությունն իր բացասական ազդեցությունն ունեցավ նաև Իրանի և Եվրոպայի հարաբերություններում: Հենց այդ լարված շրջանում էր, երբ եվրոպական եռյակի՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հայտարարեցին միջուկային համաձայնության հետ կապված վեճերը լուծելու մեխանիզմի գործարկման մասին, ինչը ենթադրում է, որ եթե վեճը միջուկային համաձայնության շրջանակներում ձևավորված հանձնաժողովում լուծում չստանա, ապա հնարավոր է, որ գործընթացը տեղափոխվի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ:

Նախընտրական շրջանում Իրանի քաղաքական ուժերի, մասնավորապես պահպանողականների մոտ Միացյալ Նահանգների և Եվրոպայի նկատմամբ բացասական դիրքորոշումներն ավելի են կոշտացել, որոնք ԱԳ նախարարությանը դրդում են ավելի կտրուկ գործողությունների, որքան էլ, որ ԻԻՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ միջուկային համաձայնությունից դուրս գալը չի բխում Իրանի շահերից:

Այնուամենայնիվ ստեղծված իրադրության պայմաններում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հունվարի 20-ին Մեջլիսում ունեցած ելույթում հայտարարել է, որ եթե միջուկային ծրագրի հարցը դառնա ՄԱԿ-ի ԱԽ քննարկման առարկա, ապա Իրանը կդիտարկի «Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրից» (NPT) դուրս գալու հարցը՝ ակնարկելով, որ մինչ այդ սեղանին նաև այլ սցենարներ կան դրված: Դրանցից մեկն Իրանն օրերս արդեն օգտագործեց՝ հայտարարելով միջուկային համաձայնությամբ ստանձնած պարտավորություններից հրաժարվելու վերջին 5-րդ քայլի իրականացման վերաբերյալ:

Ստեղծված իրադրությունում Իրանի և Եվրոպայի գործողությունների շարունակականությունն ի վերջո հանգեցնելու է միջուկային համաձայնության վերջնական չեղարկման, սակայն թե՛ իրանական կողմը, և թե՛ եվրոպական կողմը դեռ հայտարարում են, թե նպատակ չունեն չեղարկել միջուկային համաձայնությունը: Սակայն, եթե մի կողմ դնենք քաղաքական հայտարարությունները, ապա Իրանի, Միացյալ Նահանգների և Եվրոպայի դիրքորոշումներում օրեցօր խորացող տարաձայնությունները, ինչպես նաև Իրանում և նրա շուրջ զարգացումներն այլևս միջուկային համաձայնության շրջանակներում համագործակցության որևէ հույս չեն ներշնչում:

Եթե մինչև Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը տեսականորեն հնարավոր էր ակնկալել միջուկային համաձայնության կատարման շուրջ (նաև ԱՄՆ-ի մասնակցությամբ) արդյունավետ քննարկումներ, ապա այժմ Իրանի ներքաղաքական օրակարգում նման հարց պարզապես հնարավոր չէ ներառել, իսկ NPT-ից դուրս գալու Իրանի նախազգուշացումը նման է Հորմոզի նեղուցը փակելու նախազգուշացմանը, որն Իրանը կկիրառի այն դեպքում, երբ բոլոր սցենարներն արդեն օգտագործված կլինեն:  

Արմեն Իսրայելյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]