1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի պոլիկլինիկաների պետպատվերի ծառայություններում փոփոխություններ են գրանցվել

Հայաստանի պոլիկլինիկաների պետպատվերի ծառայություններում փոփոխություններ 
են գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հունվարից Հայաստանի  Հանրապետությունում գործող պոլիկլինիկաների՝ պետական պատվերով մատուցվող  ծառայությունների ծավալում փոփոխություններ են գրանցվել:  Առողջապահության նախարարության որոշմամբ այս տարի չի լինելու «այլ կաբինետներ»-ի (նեղ մասնագիտական խորհրդատվություն իրականացնող կաբինետներ են, որոնք տարբեր պոլիկլինիկաներում նույն ծառայությունը չեն մատուցում) համար նախատեսված պետպատվերը: Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ առաջնային օղակում բժշկական օգնությունը պետք է լինի  ամբողջ բնակչության համար մատչելի, հասանելի և մատուցվի  հավասար ծառայությունների փաթեթով՝  անկախ նրանից, թե որտեղ է տեղակայված բժշկական կազմակերպությունը:  Այս քայլով առողջապահության նախարարությունը նպատակ ունի համահավասարեցնել բնակչությանը մատուցվող ծառայությունները, որոնք «այլ կաբինետներ»-ի պարագայում խախտվում էին:

«Տեսեք «այլ կաբինետները» նեղ մասնագիտական խորհրդատվություն իրականացնող կաբինետներ են, որոնք տարբեր պոլիկլինիկաներում նույն ծառայությունը չեն մատուցում:  Վերջիններս, ըստ իրենց ունեցած լիցենզիայի, մարդկային ռեսուրսի «այլ կաբինետ» նեղ մասնագիտական ծառայության ներքո պետական պատվեր էին  իրականացնում ուրոլոգիական, գաստրոէնտերոլոգիական, ռևմատոլոգիական, ալերգոլոգիական և այլ ծառայությունների  մասով, որի արդյունքում  պետպատվերով «այլ կաբինետով» մեկ պոլիկլինիկան կարողանում է անվճար ծառայություն մատուցել, օրինակ` ուրոլոգիական, մյուսը՝ ալերգոլոգիական խորհրդատվության մասով: Արդյունքում` ստացվում է անհամաչափ ծառայությունների մատուցում բնակչության համար: Կախված, թե որ պոլիկլինիկայում է քաղաքացին հավաքագրված, ըստ դրա կարող է օգտվել կամ չօգտվել տվյալ նեղ մասնագիտական ծառայությունից:  Մեկ պոլիկլինիկայում լինում է ուրոլոգիական ծառայությունն անվճար, մյուսում՝ վճարովի: Ստացվում է, մի քաղաքացի, որը հաշվառվել է իքս պոլիկլինիկայում «այլ կաբինետ»-ում մեկ ծառայությունը ստանում է անվճար, մյուս քաղաքացին ուրիշ պոլիկլինիկայում  նույն ծառայությունը ստանում  է վճարովի»,-ասաց Ծաղիկ Վարդանյանը:

Նրա կարծիքով, խախտվել է առողջության առաջնային պահպանման բժշկական օգնության  գլխավոր սկզբունքը՝ ամբողջ բնակչության համար հավասար, մատչելի, հասանելի արտահիվանդանոցային ծառայությունների մատուցումը:

Այսօր նախարարությունը գնում է նրան, որ առաջնային բժշկական օղակում հստակ  սահմանվի այն կաբինետներն ու ծառայությունները, որոնք անվճար են բոլորի համար՝ լինի Երևանում, թե մարզերում, թիվ 16 պոլիկլինիկայում, թե թիվ 2-ում: Ծաղիկ Վարդանյանն ընդգծեց, որ իրենք խնդիր են դրել հավասարաչափ բժշկական օգնություն իրականացնել ամբողջ ազգաբնակչության համար:

Ծաղիկ Վարդանյանն ավելացրեց, որ պետության ֆինանսավորմամբ պահպանվելու են բոլոր այն նեղ մասնագիտական կաբինետները, որոնք եղել են: Մասնավորապես, վիրաբուժական/վնասվածքաբանական, ակնաբուժական, սրտաբանական, նյարդաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական: Դրանից բացի, դիսպանսեր հսկողության կաբինետը՝ վարակաբանական, ուռուցքաբանական, ներզատաբանական, մաշկավեներաբանական, ինչպես նաև հոգեբուժական/նարկոլոգիական, տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետներ:  Դրանք շարունակում են մնալ անվճար:

Առաջին փուլում նախարարությունը պետպատվերն «այլ կաբինետներ»-ի ուղղությամբ հանում է, սակայն առաջիկայում նախատեսում է մի շարք այլ առողջապահական ծրագրեր կյանքի կոչել, որոնք կլինեն առավել հասցեական: Այսինքն՝ առողջության առաջնային պահպանման ոլորտում նախարարությունը գնում է ավելի թիրախային մոտեցումների:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]