Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ «Անջատում հանուն փրկության»...

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ «Անջատում հանուն փրկության»...

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ Ազգային ժողովում հունվարի 18-ին հրավիրվել էր Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստ՝ նվիրված Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին։

1990թ. ծայրահեղական տրամադրված ուժերի կողմից եւ երկրի բարձրագույն իշխանության աջակցությամբ ու թողտվությամբ Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկ շաբաթ շարունակ (հունվարի 13-19-ը) հայերը ենթարկվում էին խոշտանգումների, նվաստացումների եւ ջարդի։ Դրա արդյունքում զոհվեցին հարյուրավոր մարդիկ, իսկ հազարավորներն էլ տեղահանվեցին եւ արտաքսվեցին։ Այդ գործողությունները 1988-ին ազատության համար պայքարի դուրս եկած արցախահայությանը ճնշելու քաղաքականության մասն էին կազմում, որը դրսեւորվել էր 1988 թ. փետրվարին՝ Սումգայիթում, նույն թվականի նոյեմբերին` Գանձակում (Կիրովաբադ) եւ արդեն 1990-ի հունվարին՝ Բաքվում:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի կարծիքով, որեւէ հիմք չկա անգամ մտածելու, որ Արցախի բնակչությունը կարող է համաձայնվել որեւէ ձեւով իր գոյությունը շարունակել Ադրբեջանի կազմում, որովհետեւ բացակայում են ապրելու օբյեկտիվ հիմքերը։ «Վտանգի տակ է դրված հայության ֆիզիկական գոյությունը։ Արցախի հիմնախնդրի լուծման տարբերակը համարում ենք կամ Արցախը որպես անկախ միավոր տեսնելը, կամ Հայաստանին միանալը։ Երեսուն տարի առաջ տեղի ունեցած ջարդերը ցույց են տալիս, որ զրոյական են Ադրբեջանի բոլոր պնդումները, թե հայերի վերադարձի դեպքում կապահովեն նրանց ֆիզիկական գոյությունը։ Պատմությունն այլ բան է վկայում»,- ասաց Սիմոնյանը։

Անդրադառնալով միջազգային իրավունքի ունեցած գործիքակազմին, պատգամավորը նշեց, որ երեսնամյա պատմության ընթացքում մեր քաղաքական էլիտան միշտ տարակուսանքով է մոտեցել միջազգային իրավունքին եւ այն չի համարել կարեւոր գործիք արտաքին քաղաքականություն իրականացնելիս։ Մինչդեռ միջազգային իրավունքը հնարավորություն է տալիս, որպեսզի մենք երաշխավորենք Ադրբեջանից տարհանված հայության, նաեւ Արցախում ապրող հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը։ Այդ դոկտրինը միջազգային իրավունքում ընդունված է կոչել «remedial secession»՝ «անջատում հանուն փրկության», որն էլ դրված է ազգերի եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիմքում։

Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանն էլ նշեց, որ երեսուն տարի շարունակ չեն լռել, մշտապես բարձրաձայնել են եւ միջազգային հանրության ուշադրությունն են բեւեռել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վրա, որը գալիս է Թալեաթից՝ հիմքում ունենալով Մեծ Թուրանի գաղափարախոսությունը։ Միեւնույն ժամանակ մշտապես հույսը չեն կորցրել, որ միջազգային իրավական կազմակերպություններն ուշադրություն կդարձնեն եւ երեւույթին կտան իրավական գնահատական։ Սակայն հիասթափեցնում է այն հանգամանքը, որ այդ կազմակերպություններն ունեն քաղաքական այլ նորմեր։

«Սա ոչ միայն հայության, այլեւ ամբողջ աշխարհի առաջադեմ մարդկության խնդիրն է։ Միջազգային հանրությունն ունի տեղեկատվության պակաս։ Ադրբեջանը փորձում է Արցախի խնդիրը ներկայացնել որպես տարածքային վեճ՝ անտեսելով մարդու իրավունքը, արցախցու՝ իր հողում արժանավայել եւ անվտանգ ապրելու իրավունքը։ Մեր խնդիրն է ցույց տալ, որ մենք ոչ թե տարածքային վեճ ենք լուծում, ինչը Արցախի ժողովուրդը լուծել է հանրաքվով, այլ լուծում ենք արցախցու, Եվրոպայի քաղաքացու անվտանգ ապրելու իրավունքը, քանի որ Արցախը Եվրոպայի մաս է,- ասում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը»:

                                            Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]