Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հետաքրքիր տուրեր, համեղ խոհանոց. ուժի մեջ է մտել ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև վիզայի չեղարկման համաձայնագիրը

Հետաքրքիր տուրեր, համեղ խոհանոց. ուժի մեջ է մտել ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև վիզայի 
չեղարկման համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Չինաստանի միջև մուտքի արտոնագրի պահանջի վերացման նախաձեռնությունը շատ կարևոր է: Այն իր ազդեցությունը կունենա ինչպես զբոսաշրջության զարգացման, այնպես էլ գործարարության ակտիվացման ուղղությամբ:

 «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց  Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Այս քայլն առաջին հերթին խոսում է երկու պետությունների միջև բարձր մակարդակի հարաբերությունների, փոխադարձ հարգանքի ու վստահության մասին: Ե՛վ տնտեսական, և՛ մշակութային, և՛ զբոսաշրջության տեսանկյունից շատ անհրաժեշտ քայլ է: Երկու երկրների քաղաքացիներն առանց որևէ հերթի, փաստաթղթեր հավաքագրելու, փաստաթղթային գործընթացներ անցնելու կարող են հանգիստ ճանապարհորդել Հայաստան-Չինաստան և հակառակ ուղղությամբ»,-ասաց  Մեխակ Ապրեսյանը:

Հայ զբոսավարների գիլդիայի ներկայացուցիչ, զբոսավար Լուսինե Վարդանյանը նշեց, որ մինչ վիզայի չեղարկման այս նախաձեռնությունը ակնհայտ նկատվում էր Չինաստանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների այցելության ակտիվացում: Վիճակագրական ծառայության տվյալներով, եթե 2018 թ. հունվար-հոկտեմբերին ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել Չինաստանի 8 հազար 430 քաղաքացի, ապա 2019 թվականին` շուրջ 14 հազար 500: Լուսինե Վարդանյանը տեղեկացրեց, որ Չինաստանից զբոսաշրջիկները Հայաստան են գալիս տարածաշրջանային փաթեթներով: Մեկ այցով նրանք ցանկանում են Հայաստանից բացի հարևան այլ երկրներում էլ լինել:

«Չինաստանից Հայաստան եկող զբոսաշրջիկները հիմնականում կենսաթոշակի տարիքի անձինք են: Նրանք նախընտրում են զբոսաշրջության դասական տարբերակը, այն է՝ այցելություններ պատմամշակութային վայրեր, եկեղեցիներ, թանգարաններ: Հաճույքով համտեսում են հայկական խոհանոցի բազմազան ճաշատեսակները, վայելում են գինին, կոնյակը, հնարավորինս շատ լուսանկարում են ու լուսանկարվում: Չինացի զբոսաշրջիկների հետ որպես անմիջական աշխատող զբոսավար կարող եմ վստահաբար ասել, որ վերադառնում են Հայաստանից տպավորված»,-ասաց Լուսինե Վարդանյանը: Զբոսավարը նկատեց, որ Հայաստան եկած չինացի զբոսաշրջիկներն արդեն բավական շատ թվով երկրներում եղել են, ճանապարհորդության զգալի փորձ ունեն: Ընտրում են Հայաստանը, որովհետև նոր ուղղություններ են փնտրում, որոնք առանձնանում են պատմամշակութային վայրերով, գեղեցիկ տեսարաններով ու համեղ խոհանոցով:

Քանի որ մուտքի արտոնագրի չեղարկմամբ պայմանավորված ակնկալվում է զբոսաշրջիկների հոսք Չինաստանից, հետևաբար չինարենի իմացությամբ զբոսավարների թվի ավելացման անհրաժեշտություն կա: Չինացի զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են չինարենի իմացությամբ զբոսավարների հետ աշխատել:  

Բանախոսները տեղեկացրին, որ առաջիկայում այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է նախատեսվում: Հայ զբոսավարների գիլդիան և  Տուրիզմի հայկական ֆեդերացիան այս ուղղությամբ համատեղ են աշխատելու: Հայ զբոսավարների գիլդիան այս ոլորտում մեծ փորձ ունի:

Հունվարի 19-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]