Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

ԼՀԿ-ն կանխատեսեց Սուրեն Գրիգորյանի պայծառ ապագան. վերջինս կսպասի ընդդիմադրի կանխատեսման իրականացման

ԼՀԿ-ն կանխատեսեց Սուրեն Գրիգորյանի պայծառ ապագան. վերջինս կսպասի 
ընդդիմադրի կանխատեսման իրականացման

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանը մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կողմից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի համար պայծառ ապագայի կանխատեսմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 20-ի խորհրդարանի նիստում Էդմոն Մարուքյանը նման կանխատեսում արեց այն բանից հետո, երբ Գրիգորյանը կոչ արեց դեմ քվեարկել ԼՀԿ-ի կողմից ներկայացված և ԱԺ հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ստացած օրենքների նախագծերին:

«Քիչ առաջ մերժվեց ԼՀԿ-ի կողմից ներկայացված չորս նախագիծ: Եթե երեք նախագծերի հետ կապված կարող եմ ասել, որ դուք մեկ այլ փիլիսոփայություն ունեք, երևի, և այլ կերպ եք ցանկանում այդ խնդիրները լուծել, ապա ոչ մի կերպ չեմ հասկանում Սահմանադրական դատարանի որոշման իմպլեմենտացիայի նախագիծը մերժելը: Պարոն Գրիգորյան, ես ուզում եմ ասել, որ ձեզ իրապես մեծ ապագա է սպասում, որովհետև այն էներգետիկան, այն էնտուզիազմը, էքսպրեսիան, որ դուք ներդնում եք մեր նախագծերը մերժելիս,... ուղղակի ապշած եմ: Ասում եք՝ այո, մերժվեց ձեր նախագիծը, բայց մենք բովանդակային քննարկեցինք»,- ասաց Մարուքյանը:

Սուրեն Գրիգորյանն ի պատասխան հույս հայտնեց, որ ընդդիմության այս կանխատեսումն իրականություն կդառնա:

«Ես անընդհատ հիշում եմ, որ ընդդիմությունը խոսում է, թե իշխանության վիճակը վատ է, և այս ամսին կտեսնեք, թե ինչ է լինելու: Հոկտեմբերն էր, հիմա, կարծես, մայիս է տեղափոխվել, եթե չեմ սխալվում: Ես հուսով եմ, որ, գոնե, իմ պայծառ ապագայի մասով կանխատեսումները ճիշտ կլինեն, որովհետև նախորդ մասով հաստատ սխալ է: Շնորհակալ եմ նման կանխատեսման համար, պարոն Մարուքյան»,- ասաց Գրիգորյանը:

Հունվարի 20-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկված է 43 հարց:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]