1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չինաստանի հետ քաղաքական հարաբերությունների խորացումն անհրաժեշտություն է

Չինաստանի հետ քաղաքական հարաբերությունների խորացումն անհրաժեշտություն 
է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Մհեր Սահակյանը Չինաստանը համարում է աշխարհի նորահայտ գերտերություն, որի հետ հարաբերությունների խորացումն անհրաժեշտություն է: «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի հիմնադիր, ք. գ. թ. Մհեր Սահակյանի հետ «Արմենպրես»-ը զրուցել է իր ղեկավարած խորհրդի, Չինաստան-Եվրասիա համագործակցության, Հայաստանի և ՉԺՀ-ի հարաբերությունների խորացման և այլ թեմաների շուրջ:

- Պարոն Սահակյան, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդն ստեղծվել է 2016թ., ո՞րն էր դրա ստեղծման շարժառիթը, և ի՞նչ հիմնական խնդիրներ է լուծել այս երեք տարիների ընթացքում:
- Այո՛, այս տարի նոյեմբերի 11-ին լրացավ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի փաստացի ստեղծման 3 ամյակը, խորհուրդն իր գործնական և ակտիվ աշխատանքը սկսեց 2017թ նոյեմբերից հետո, երբ ես վերջնականորեն Չինաստանից վերադարձա Հայաստան։ Կազմակերպության հիմնադրումն ուներ մի շարք պատճառներ, որոնցից էին՝ առաջին՝ Հայաստանում նկատելի էր, որ Չինաստանի մասին բարձրորակ, գիտական և վերլուծական աշխատանք կատարող կազմակերպության և գրականության բաց կա, երկրում լավ չէին պատկերացնում Չինաստանի վարած քաղաքականությունը։ Երկրորդ՝ երկար տարիներ կապեր էի հաստատում Չինաստանի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի և այլ երկրների առաջատար մասնագետների հետ, ովքեր զբաղվում են Չինաստանի և Եվրասիական երկրների քաղաքական և տնտեսական հիմնախնդիրներով, այս ներուժը համախմբել էր պետք, որ հետագայում կապերն ամրապնդվեին և այս հզոր պոտենցիալն օգտագործվեր նաև Հայաստանի համար։ Երրորդ՝ ապրելով հինգ տարի Չինաստանում՝ նկատել էի, որ Հայաստանը լավ չէին պատկերացնում նաև Չինաստանում, պետք էր այս ուղղությամբ ևս լուրջ աշխատանք տանել, թեև այս ուղղությամբ որոշակի աշխատանք կատարում էինք նաև Չինաստանի հայկական համայնքում։ Չորրորդ՝ պետք էր նաև լուրջ ուսումնասիրել «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, Հայաստանի համար ստեղծել ճանապարհային քարտեզ, որով Հայաստանը ևս հնարավորություն կունենար ընդգրկվելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում։ Սրանք էին այն ուղղությունները, որոնցով զբաղվել ու զբաղվում է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը։
- Որքանո՞վ եք այս երեք տարիների ընթացքում լուծված համարում ձեր կազմակերպության առջև դրված խնդիրները, և աշխատանքի ընթացքում ի՞նչ նոր նպատակներ ու խնդիրներ են առաջացել:
- «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը երիտասարդ կազմակերպություն է: Իհարկե, մեկնարկը հաջող է ստացվել և այս ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել, բայց այն դեռ զարգանալու և վերջնական կայանալու ճանապարհին է, ինչը երկար տարիների քրտնաջան աշխատանք է պահանջում։ Քանի որ կյանքը արագ է փոփոխվում, խնդիրները վերանայելու կարիք կա գրեթե ամեն օր։ Բայց հիմնական նպատակներն են՝ նպաստել հայ-չինական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանում ստեղծել Չինաստանի տնտեսությունը, քաղաքականությունը հասկացող դպրոց, նպաստել հայ չինագետների մասնագիտական կայացմանը, դառնալ համաշխարհային, բարձրակարգ, անկախ ուղեղային կենտրոն։ Պետք է հպարտությամբ նշեմ, որ այսօր «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդն իր շուրջն է համախմբել բազմազգ, փորձառու թիմ, որի շնորհիվ կարևորագույն ներդրում է ունենում նաև Չինաստանի և Եվրասիայի վերաբերյալ հետազոտությունների գործում՝ արդեն նաև համաշխարհային մակարդակում։ Իհարկե, պետք է նշեմ նաև, որ խորհուրդը գործում է փոքր ու սահմանափակ ուժերով հստակ արդյունքներ ամրագրելու սկզբունքով։ Պետք է նաև հիշել, որ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը գրասենյակ չէ, այն փիլիսոփայություն է և միավորող ցանց։ Այն հիմնականում գործում է անդամների երևակայության, անշահախնդիր, նվիրված աշխատանքի շնորհիվ, ում համար կարևորը Հայաստանին օգտակար լինելն է, հայ-չինական հարաբերությունների զարգացմանը նպաստելը։
- Օրեր առաջ ձեր կազմակերպությունը ներկայացրել եք նաև Չինաստանում և համագործակցության առաջարկ ներկայացրել չինացի հետազոտողներին: Ինչպիսի՞ արձագանք եք ստացել, և ինչպիսի՞ հետաքրքրություն կա իրենց մոտ Հայաստանի հետ կապված:
- Օրերս չինական կողմի հատուկ հրավերով գտնվում էի Չինաստանում, որտեղ հանդիպումներ ունեցանք Չինաստանի ԱԳՆ-ի Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի դեպարտամենտի դիվանագետների հետ, Յուննան նահանգի կոմունիստական կուսակցության ղեկավար կազմի հետ, չինացի երիտասարդ առաջնորդների հետ, քննարկեցինք հայ-չինական հարաբերությունները, Հայաստանի՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում ակտիվորեն մասնակցելու հնարավորությունները։ Ելույթ ունեցա նաև «Չինաստանի և Եվրասիական երկրների երիտասարդ գիտնականների երկխոսություն» գիտաժողովում, որտեղ բազմաթիվ առաջարկություններ արեցի հայ-չինական հարաբերությունները զարգացնելու համար։ Բազմաթիվ հանդիպումների ընթացքում ձեռք բերվեցին համագործակցության մի շարք համաձայնություններ, որոնք շուտով իրականություն կդառնան և կնպաստեն ժողովրդական դիվանագիտության շնորհիվ հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում։
- Ի՞նչ կարող է այսօր Չինաստանին տալ Եվրասիայի հետ համագործակցությունը, և Եվրասիայի երկրներն ինչ կարող են ստանալ Չինաստանի հետ փոխգործակցությունից:
- Չինաստանն իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շնորհիվ շրջադարձ է կատարել դեպի Եվրասիա, որի շնորհիվ փորձում է զարգացնել իր տնտեսությունը, ամրապնդել անվտանգությունը և այլն։ Եվրասիայի երկրները հնարավորություն են ստանում խորացնել իրենց համագործակցությունն աշխարհի ամենամեծ շուկան ու տնտեսությունն ունեցող երկրի հետ, նրանից ստանալ նորագույն տեխնոլոգիաներ։
- Եթե երկու երկրների համագործակցության տեսանկյունից դիտարկենք, ի՞նչ կարող է Չինաստանը տալ Հայաստանին և հակառակը:
- Չինաստանն աշխարհի նորահայտ գերտերությունն է, որի հետ անհրաժեշտ է խորացնել հարաբերությունները, փորձել նրա ահռելի ու հարուստ շուկայում, որը բաղկացած է 1,4 միլիարդ մարդկանցից տեղ գտնել հայկական ապրանքների համար։ Նրանից ստանալ նորագույն տեխնոլոգիաներ, համատեղ խորացնել համագործակցությունը ռազմաարդյունաբերության ոլորտում, ֆինանսաբանկային համակարգում, գյուղատնտեսությունում և այլ ոլորտներում։ Հայաստանն իր հերթին արագ ու կայուն զարգացող երկիր է, որն ունիկալ է և մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել Չինաստանի համար, թե՛ իր աշխարհաքաղաքական դիրքով, թե՛ հարուստ մշակույթով և պատմությամբ, թե՛ ռազմական փորձառությամբ։
- Աշխատանքի բերումով կարծես հաճախ եք մեկնում Չինաստան, եթե պատասխանեք որպես զբոսաշրջիկ, ի՞նչը կարող է հայ զբոսաշրջիկին հետաքրքրել Չինաստանում:
- Հինգ տարի ապրել եմ Չինաստանում, դա մի յուրահատուկ երկիր է, Ասիա իր բոլոր կողմերով, այն հասկանալ է պետք։ Զբոսաշրջիկին այն կարող է հետաքրքրել պատմամշակութային բացառիկ վայրերով, յուրահատուկ ճաշատեսակներով, քաղաքներով, որոնց գետի մի ափին հին քաղաքն է, իսկ մյուս ափից քեզ են նայում նորագույն երկնաքերերը, իսկ այս երկու մասերն իրար են կապում նորագույն ճեպընթացներն ու տեխնոլոգիաները: Հազարամյակների պատմություն, մշակույթ, փիլիսոփայություն ունեցող երկիր, որն ապրում է տեխնոլոգիաների նորագույն ռիթմերով, կարծում եմ, որ անպայման տեսնել է պետք այս ամենը:

Հարցազրույցը՝ Նորայր Շողիկյանի

Հարցազրույցը տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» և «Республика Армения» թերթերի՝ հունվարի 17-ի համարների «Չինաստանը հայերի աչքերով» խորագրով հատուկ ներդիրներում՝ հայերեն և ռուսերեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]