Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանի հայատյացությունը դրսևորվել է նաև 21-րդ դարում. Բաքվի ջարդերի մասին ԱԺ նախագահի ելույթը

Ադրբեջանի հայատյացությունը դրսևորվել է նաև 21-րդ դարում. Բաքվի ջարդերի մասին 
ԱԺ նախագահի ելույթը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 30 տարի առաջ տեղի ունեցած հայերի ջարդերին, նշեց, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունն իր դրսևորումներն է ունեցել նաև 21-րդ դարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը հայտնեց հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստի ընթացքում:

«Ուղիղ երեսուն տարի առաջ խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում իշխանությունների ակնհայտ թողտվությամբ և աջակցությամբ տեղի ունեցան պատմությունից մեզ ցավալիորեն շատ ծանոթ իրադարձություններ՝ հայերի ջարդեր: Արկադի Ավանեսով, Սերգեյ Հարությունյան, Արուսյակ Մարկոսյան, Պետրոս Հարությունով, Սաթենիկ Սարգիսյան, Աննա Սարկիսովա, Մկրտիչ Պետրոսյան և տասնյակ ուրիշներ, ում սպանեցին: Հարյուրավոր այլ մարդիկ, որոնք անմարդկային խոշտանգումների ենթարկվեցին, հազարավորները ստիպված եղան լքել իրենց տները և կյանքը շարունակել փախստականի կարգավիճակում: Այս մարդիկ սպանվեցին, կտտանքների ենթարկվեցին, հալածանքների ենթարկվեցին միայն այն պատճառով, որ հայ էին: Նրանց միակ մեղավորությունը հայկական ազգային պատկանելություն ունենալն էր»,- ասաց Միրզոյանը:

Ազգային ժողովի նախագահը նշեց, որ ջարդերից օրեր անց Հայաստանի Գերագույն խորհուրդն արդարացիորեն արձանագրել է, որ Բաքվի դեպքերը խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող շովինիստական քաղաքականության ակնհայտ դրսևորում էին:

«Ճակատագրի հեգնանքով այս ջարդերը մուլտիկուլտուրալիզմի կենտրոն հռչակված Բաքվում արդեն երրորդն էին միայն 20-րդ դարի ընթացքում: Նույն իրադարձությունները, նույն ձեռագրով, նույն քաղաքում եղել էին նաև 1905-ին և 1918-ին: 1990-ի այս ջարդերից չափազանց շատ կարճ ժամանակ առաջ ջարդեր էին տեղի ունեցել նաև Սումգայիթում և Կիրովաբադ (Գանձակում): Բաքվի ջարդերից շատ կարճ ժամանակ անց հայերի ջարդեր սկսվեցին Մարաղայում և այլուր»,- նշեց նա:

Խորհրդարանի խոսնակը հավելեց, որ հայատյացության այդ քաղաքականությունն իր դրսևորումներն է ունեցել նաև 21-րդ դարում:

Ադրբեջանական իշխանությունների կողմից հերոս հռչակվեց Ռամիլ Սաֆարով անունով մի անձ, որը կացնահարել էր քնած հայ զինվորին: 2016թ. ապրիլին Թալիշում դաժանաբար սպանվեցին քաղաքացիական անձինք: Նույն քաղաքականության վկայությունները կարող ենք գտնել Ադրբեջանում ամենուր՝ դպրոցական դասագրքերից մինչև այդ երկրի նախագահի հայտարարություններ, որոնցում ողջ հայ ազգը հայտարարվում է Ադրբեջանի ժողովրդի՝ ոչնչացման ենթակա թշնամի: Բաքվի ջարդերը ադրբեջանական իշխանությունների կողմից վարած երկարատև հակահայ քաղաքականության մի մասն էին միայն: Սառցաբեկորի առավել տեսանելի մասը: Դրանց նախորդել էին դեռևս 80-ականներից սկսված հստակ կազմակերպված քայլերը՝ առավելապես սոցիալական, մշակութային, կրթական, որոնք ստիպում էին հայերին լքել իրենց տները և հեռանալ Բաքվից: Ինչի արդյունքում արդեն իսկ այդ պահին էականորեն նվազել էր Բաքվի հայ բնակչության թիվը»,- ասաց Միրզոյանը:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իր ելույթում նաև շնորհակալություն հայտնեց այն ադրբեջանցիներին, ովքեր, չնայած Ադրբեջանի իշխանությունների այդ օրերին վարած քաղաքականությանը, օգնեցին հայերին՝ խուսափելու մահից:

«Այսօրվա նիստում մենք կլսենք երկու հայկական պետությունների խորհրդարանականների, Մարդու իրավունքների պաշտպանների և այդ մեծ ողբերգությունը վերապրածների ելույթները: Ուզում եմ նշել, որ, չնայած Ադրբեջանի իշխանությունների այդ օրերին վարած քաղաքականությանը, Բաքվում գտնվեցին ադրբեջանցիներ, ովքեր օգնեցին հայերին՝ խուսափելու մահից: Ես ցանկանում եմ սրտանց, անկեղծ շնորհակալություն հայտնել այս անհատներին, և կոչ անել, որ իրենք նույնպես բարձրաձայնեն այս ջարդերի մասին իրենց հուշերը»,- նշեց ԱԺ նախագահը:

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]