Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Ադրբեջանում սպանում էին միայն նրա համար, որ մենք հայեր ենք». վկայում է Բաքվի ջարդերի ականատեսը

«Ադրբեջանում սպանում էին միայն նրա համար, որ մենք հայեր ենք». վկայում է Բաքվի 
ջարդերի ականատեսը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդային Միության փլուզման առաջին նախանշանների ի հայտ գալուց հետո 1988 թ. սկսվել էր հայերի ջարդերի երրորդ խոշոր ալիքը՝ մինչև Բաքուն ներառելով Սումգայիթը, Կիրովաբադը (Գանձակ), Ադրբեջանի ԽՍՀ այլ բնակավայրեր: Բաքվում ևս հայերի նկատմամբ բռնությունները սկսվել էին 1988 թ.-ից: Մինչև 1990 թ. հունվարը հայկական բազմահազարանոց համայնքի մեծագույն մասն արդեն լքել էր քաղաքը, որտեղ դարերով ապրում և արարում էր: 1990 թ. հունվարի 13-19-ի ջարդերը դարձան վերջին ակորդը, որին զոհ գնաց մի քանի հարյուր հայ, իսկ մնացած հայերն առանց գույքի և գումարի բռնագաղթեցվեցին ու ցրվեցին աշխարհով մեկ: Բաքվի ջարդերի սարսափների մասին վկայել են հազարավոր ականատեսներ, որոնցից է նաև Նելլի Ղուկասյանը:

Նա ռուսաց լեզու ու գրականություն էր դասավանդում Բաքվի Մասնագիտական-տեխնիկական ուսումնարանում: «Մեր կյանքում ամեն ինչ փոխվեց «Սումգայիթից» հետո։ Դա այնսպիսի սարսափ էր։ Հիշում եմ, աղջիկս անկողնուց վեր չէր կենում, հեծկլտում էր, քանի որ այդ ամենը նրա համար ցնցում էր։ Նա ադրբեջանցի ընկերուհիներ ուներ… և հանկարծ այսպիսի բան»,- նշում է նա։

Վախի զգացումն ու ջարդարարների ձեռքում հայտնվելու սարսափը նրանց ստիպել են տոմսեր գնել և նոյեմբերին հասել Երևան: Սակայն հազարավոր մարդկանց կյանք խլած 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո՝ [1989 թ]. փետրվարին, նա որոշել է վերադառնալ Բաքու: «Քաղաքն այդ ժամանակ իսկապես սարսափելի էր դարձել։  Հավաքի մասնակիցները՝ սև ժապավաններով գոռում էին «մա՛հ հայերին»։ Այդ բառերը գրել էին նաև մեր միկրոշրջանի պատերին: Տրանսպորտի մեջ մեզ թշնամաբար էին նայում։ Աղջիկս մի անգամ տրոլեյբուսի մեջ էր, իսկ վզին խաչ կար։ Մի ադրբեջանցի կնոջ մոտ քիչ էր մնում հիստերիա լիներ. նա պատրաստ էր մեզ սպանել։ Գոռում էր. «դուք նրան տեսեք, քիչ չէ հայ է, դեռ նստած է»։ Մենք շտապ դուրս եկանք տրոլեյբուսից»,- հիշում է նա։

Փոխվել էր վերաբերմունքը Ն. Ղուկասյանի նկատմամբ նաև աշխատավայրում. եթե նախկինում գործընկերների հետ ընկերներ էին, և միասին ընդմիջման ժամին ճաշում էին, ապա այժմ նրանք բոլորը գնում էին ուսուցչանոց, երբ նա էր ներս մտնում։ Թոշակի անցնելուց առաջ Ն. Ղուկասյանի վերջին տարին էր և նրան անհրաժեշտ էր մինչև վերջ աշխատել։ Նա հիշում է, թե ինչպես են դպրոցից վտարել քիմիայի հայ ուսուցչուհուն. աշակերտներին երկու շարքով  կանգնեցրել էին, հայ ուսուցչի ձեռքից մեկ այլ ուսուցիչ էր բռնել և տանում, իսկ ամբոխը բարձրաձայն ծաղրում, գոռում ու ծիծաղում էր… «Իմ նկատմամբ էլ է նման վերաբերմունք եղել, նույնիսկ տնօրենին են բողոքել, թե ինչու ինձ աշխատանքից չեն ազատում, ինչո՞ւ հայը պետք է աշխատի։ Տնօրենը նրանց հազիվ էր բռնել, որ ինձ չծեծեին»:

Փետրվարին վերադառնալով Բաքու՝ նա իր բնակարանը գտնում է թալանված վիճակում: Ոստիկանություն է կանչում, սակայն ժամանած մայորն ասում է. «շնորհակալություն հայտնիր, որ դու ողջ ես մնացել»: Հայերի նկատմամբ թշնամական ու հայատյաց մթնոլորտը տիրում էր ողջ քաղաքում. Ն. Ղուկասյանը մեկ անգամ չէ, որ անձամբ արժանացել է նման վերաբերմունքի, բացի այդ, նա բազմիցս տեսել ու լսել էր՝ ինչպես են իր հարազատների, ծանոթների ու այլ հայերի վրա հարձակվում, ծեծում, խլում ու կացիններով կոտրում նրանց պատկանող գույքը:

Նման բազմաթիվ դաժանությունների ականատես լինելով և սեփական մաշկի վրա զգալով դրանց հետևանքները՝ մինչև հունվար տանից դուրս չի եկել: Նա չէր հեռանում Բաքվից միայն երեխաների ճակատագրի մասին մտածելու պատճառով. ցանկանում էր իր լավ վերանորոգված, երեք սենյականոց բնակարանը վաճառել՝ հետագա ապրուստը հոգալու համար: Արդյունքում բնակարանը ուրիշին բաժին է հասնում անվճար: «Իսկ հունվարի 13-ին սկսվեցին սպանությունները, ջարդերը, պատուհաններից դուրս նետելը… Ինձ մինչև վերջ հեռախոսով զանգում էին, հայհոյում, ասում՝ «հայ սրիկա, դու դեռ այստե՞ղ ես, մենք հիմա կգանք… Ես վախենում էի խոսափողը բարձրացնել»:

Տիկին Նելլին տեսել է, որ փողոցում խարույկներ էին վառվում, որի մեջ այրում էին հայերի իրերը, պատուհանից նետում կահույքը և անձամբ բնակարանների տերերին: Այս ընթացքում նրա բնակարանում մարդիկ էին հաստատվել, որոնք պահանջում են նրան հեռանալ՝ ասելով, որ կարող է Ժողճակատից գան: Չունենալով գնալու այլ տեղ՝ Ն. Ղուկասյանը բարձրանում է վերևի հարկում բնակվող երևանցի ադրբեջանցիների մոտ և խնդրում թաքցնել իրեն: «Ջարդարարները եկան նրանց բնակարան և հարցրեցին՝ մուտքում հայեր կան: Բնակարանի տերը վախեցավ, նա երեք աղջիկ ուներ, հասկացավ, որ նրանց հետ կարող են ինչ-որ բան անել, եթե իմանան, որ հայի են թաքցնում: Ինձ փակել էին լոգասենյակում: Ժողճակատի այդ մարդիկ նրան ասում են, գնանք մեզ հետ, թալանենք հայկական բնակարան, այնտեղ շատ գորգեր, բյուրեղապակեղեն կան… Իսկ նա ասաց, որ հոգնել է և պետք է գնա կնոջը դիմավորելու»: Ջարդարարների հեռանալուց հետո բնակարանի տերը, վախենալով աղջիկների համար, խնդրում է հեռանալ:

Հունվարի 17-ին Վրաստանից եկած մի քանի ադրբեջանցի, որոնք ցանկանում էին գնել բնակարանը, Ն. Ղուկասյանին, իր սկեսուրի ու սկեսրայրի հետ օգնում են հասնել  նավահանգիստ՝ այդպես էլ չվճարելով բնակարանի համար. «Փողոցում շուրջբոլորը խարույկներ էին վառվում, աղաղակներ, լաց… Տարան ուղիղ նավահանգիստ: Այնքան ժողովուրդ կար այնտեղ, ինչ էր կատարվում. անհնար է ներկայացնել… Հաշմանդամ դարձած, ծեծված, արյունոտ, գիպսով, վիրակապերով մարդիկ, նաև հոգեբուժարանից էին դուրս գրել հիվանդ հայերին, բարեկամները փնտրում էին իրար, գոռում…  դա սարսափելի տեսարան էր…»:

Երբ մոտենում է լաստանավը,  մարդիկ սկսում են գրոհել այն: Ն. Ղուկասյանը, պայմանավորվելով զինվորականներից մեկի հետ, կարողանում է երկու տեղ զբաղեցնել տարեցների համար: «Մնացած բոլորը  հատակին էին պառկել, այնտեղ  վիթխարի եռոց կար և ճոճվելու ժամանակ եռջուրը լցվում էր ուղիղ մարդկանց  վրա: Մեզ կարգադրել էին տախտակամած դուրս չգալ. կարող էին պարզապես դուրս նետել: Աշխատակազմն ադրբեջանցիներ էին, մենք շատ էինք վախենում: … Ես չեմ կարող մոռանալ, ինչպես մի ծեր պապիկ, ամբողջովին  մեդալներով, քայլում և արտասվում էր: Անընդհատ կրկնում էր. «ինչո՞ւ, միայն նրա համար, որ հայե՞ր ենք: Միա՞յն դրա համար»,- հիշում է Ն. Ղուկասյանը:

«Այն, ինչ մեզ հետ եղավ՝ 1915թ. Ցեղասպանության շարունակությունն է: Նույնն է, հենց նույն կերպ: Այդ ժամանակ մարդկանց վտարում ու սպանում էին հայ լինելու համար: Ադրբեջանում ևս սպանում էին միայն նրա համար, որ մենք հայեր ենք: Միայն դրա համար»,- ասում է տիկին Նելլին: 

Հարցազրույցը վերցրված է «Բաքվի ողբերգությունն ականատեսների վկայություններում. գիրք երկրորդ» գրքից (2017թ., էջ՝ 87, առցանց տարբերակ), որն իրականացվել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում: Նելլի Ղուկասյանի վկայությունը ներկայացված է կրճատումներով: Ամբողջական տարբերակը, ինչպես նաև այլ ականետեսների վկայությունները կարող եք ընթերցել նշված գրքի առաջին և երկրորդ մասերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]