1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ձևավորվում է աշխատանքային խումբ Հանրապետության հրապարակի պատմական շերտը բացելու առնչությամբ

Ձևավորվում է աշխատանքային խումբ Հանրապետության հրապարակի պատմական 
շերտը բացելու առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամքը կա, գաղափարը կա. Երևանի Հանրապետության հրապարակի պատմական շերտը պետք է բացվի:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը՝ անդրադառնալով այն դիտարկումներին, թե այնտեղ արժեքավոր բան չկա:

«Ես այդ դիտարկումները չեմ հասկանում: Այնտեղ պահպանվածը մեր պատմությունն է, և այն պահպանելու, ներկայացնելու, հանրայնացնելու, սերունդներին փոխանցելու տեսանկյունից բացելը շատ կարևոր է: Գաղափարը կա, կամքը կա, ինչո՞ւ դա չանել»,- ասաց Պավել Ավետիսյանը: Այլ հարց է, թե ինչպես պետք է դա անել: Պավել Ավետիսյանը նշեց, որ մեր ունեցած Հանրապետության հրապարակն իր ներկայիս ձևով ու տեսքով շատ կարևոր մշակութային, ճարտարապետական արժեք է: Եթե ինչ-որ աշխատանքներ են նախատեսվում, ապա դրանք պետք է արվեն այնպես, որ հրապարակի տեսքը որևէ ձևով չխաթարվի:

«Դա նշանակում է, որ մենք պետք է գտնենք ձևեր բացելու այն ամենը, ինչը պատմական արժեք ունի, սակայն դա չպետք է խաթարի հրապարակի տեսքը: Դրանից բացի, աշխատանքներն այնպես պետք է կազմակերպել, որ հրապարակի խոշոր տրանսպորտային հանգույցը շարունակի գործել»,- ասաց Պավել Ավետիսյանը:

Նա նշեց, որ գործ ունենք 1830-ական թվականներից հետո ձևավորված Երևանի քաղաքային հրապարակի հետ: Այդտեղ պահպանվել են այդ ժամանակվա շենքերի նկուղային հատվածները:

«Ինձ համար շատ կարևոր է, որ այսպիսի նախաձեռնությունը նախադեպ լինի: Երևանն այսօր ունի դեռևս պահպանված իր պատմության տարբեր ժամանակների մասին վկայող մի շարք տարածքներ՝ դա կլինեն Կարմիր բլուրի քաղաքային թաղամասերը, Դալման, Կոնդը, Հանրապետության հրապարակը և այլն: Պետք է հայեցակարգ մշակել, որ պատմամշակութային ողջ ժառանգությունը հարմարեցվի այսօրվա Երևանին և ամենօրյա կյանքի մաս դառնա»,-հավելեց Պավել Ավետիսյանը:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հանձնարարականը կա, որպեսզի ձևավորվի աշխատանքային խումբ Հանրապետության հրապարակի պատմական շերտը բացելու հարցի հետ կապված: Աշխատանքային խմբում պետք է ընդգրկված լինեն այդ հարցով զբաղվող հնարավոր բոլոր մասնագետները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մշակութաբաններ: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ այս տարի կսկսվեն Հին Երեւանի՝ Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]