Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բաքվում կատարվածը հայերի նկատմամբ իրական ցեղասպանության տիպիկ օրինակ է. Բաքվի ջարդերի ականատես

Բաքվում կատարվածը հայերի նկատմամբ իրական ցեղասպանության տիպիկ օրինակ է. 
Բաքվի ջարդերի ականատես

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ փլուզման և կենտրոնական իշխանության թուլացման առաջին նախանշաններին զուգահեռ Ադրբեջանում վերսկսվեցին հայերի կյանքի և գույքի նկատմամբ բռնությունները, կազմակերպված ջարդերի քաղաքականությունը նոր թափ ստացավ:

Առանձնապես ծանր էր Բաքվի բազմահազարանոց հայկական համայնքի դրությունը, որն արդեն իսկ 2 անգամ՝ 1905 և 1918 թթ., ենթարկվել էր զանգվածային ջարդերի: Սումգայիթի ջարդերից հետո 1988 թ.-ից սկսած բռնության ալիքը տարածվեց նաև Բաքվում՝ ստիպելով հազարավոր հայերի լքել իրենց տները և մազապուրծ փախչել: Բաքվի ջարդերն իրենց գագաթնակետին հասան 1990 թ. հունվարին. ավելի քան մեկ շաբաթ շարունակ՝ հունվարի 13-19-ը՝ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ և անմիջական մասնակցությամբ: Մեկ շաբաթ տևած ջարդերին զոհ դարձավ առնվազն մի քանի հարյուր հայ, իսկ հազարավոր հայեր բռնագաղթեցին՝ ցրվելով աշխարհով մեկ: Այսօր պահպանվել են հարյուրավոր վկայություններ, որոնք պարզորոշ կերպով ցույց են տալիս հայերի վերապրած սարսափը:

Բաքվում հայ բնակչության դեմ իրականացված ջարդերի ականատես է նաև Ժաննա Կոցիշևսկայան: Նա ծնվել է Բաքվում և աշխատում էր Նավթի ու քիմիայի ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում: Շենքը, որտեղ տեղակայված  էր ամբիոնը, Լենինի պողոտայում էր՝ համանուն հրապարակի մոտ, ինչը Ադրբեջանի Ժողճակատի ցույցերի ու զանգվածային հանրահավաքների էպիկենտրոն էր դարձել: «Այս բոլոր իրադարձությունների մեկնարկային կետը դարձավ Սումգայիթի ջարդը… Մի քանի օր անց, երբ հայտնի դարձավ ողբերգության մասին, ես մտա մթերային խանութ: Այդ պահին ադրբեջանցի վաճառողուհուն մոտեցավ մի երիտասարդ տղա և սկսեց ուրախ պատմել, թե ինչ լավ դաս են ստացել Սումգայիթում հայերը», - նշում է  Ժ. Կոցիշևսկայան: Նրա խոսքերով՝ Բաքվում եղել են դեպքեր, երբ ԱԺՃ անդամ ուսանողները ներխուժել են լսարան, ծեծել և նույնիսկ մտադրվել դուրս նետել պատուհանից հայ դասախոսի, ինչը կանխվել է միայն ուսանողների աղաղակների ու պաշտպանության շնորհիվ:

 

Ժաննա Կոցիշևսկայի ու այլ ականատեսների վկայությունները փաստում են, որ այս ժամանակաշրջանում Բաքուն հայ բնակչության համար դարձել էր վտանգավոր մի վայր, որտեղ ծնողը չգիտեր՝ կրկին իր երեխային ողջ կտեսներ, թե՝ ոչ: Եվ, ընդհանրապես, հայկական համայնքի յուրաքանչյուր ներկայացուցիչ չէր կարող վստահ լինել, արդյոք տնից դուրս գալով անվնաս կվերադառնա թե ոչ: Հարձակումներ էին իրականացվում այն դպրոցների կամ կառույցների վրա, որտեղ աշխատում կամ սովորում էին հայերը:

 

«Բաքվում խորհրդային զորքեր մտցնելուց և պարետային ժամ հայտարարելուց քիչ առաջ համալսարանի լսարան, որտեղ ես դաս էի անում, ներխուժեց ադրբեջանցի ուսանողների խումբ և սկսեց սպառնալ ինձ. «վաղը աշխատանքի չգաս: Միայն համարձակվիր գալ: Մենք գիտենք, որտեղ են քո երեխաները սովորում: Եթե դա չանես, մենք նրանց...», և ժեստերով ցույց են տալիս, որ կմասնատեն: Իմ ուսանողները  նրանց լսարանից դուրս հանեցին և սկսեցին ինձ հանգստացնել…»,- հիշում է Ժ. Կոցիշևսկայան: Նա նաև պատմում է, որ իր մայրիկի աշխատավայրում ժամանակ առ ժամանակ «հայեր, թաքնվե՛ք» նախազգուշացական կանչն էր հնչում, որից հետո հայ բժիշկներն ու բուժքույրերը պետք է թաքնվեին, քանի որ Ժողճակատը գալիս էր ստուգելու՝ կան արդյոք այս հաստատությունում հայեր:

 

Առկա փաստերն ու վկայությունները ցույց են տալիս, որ ջարդերը ծրագրված էին. նախապես հստակեցվել էին գրանցում ունեցող հայերի առկայությունը՝ պարենային կտրոնների ցուցակներով, կազմվել նրանց պատկանող տների ցուցակները և բնակարանների հասցեները: Ժ. Կոցիշևսկայան ևս հիշում է 1989թ. օգոստոսի վերջին քաղաքում մեկնարկած տարօրինակ արշավի մասին. բնակշահագործման աշխատակիցներն այցելում էին տներն ու գրանցում քաղաքում մնացած հայ բնակիչների անունները: «Երբ նրանցից մեկը հայտնվեց մեզ մոտ, ես հարցրի՝ ինչո՞ւ են նրանք միայն հայերի անունները գրում: Նա պատասխանեց, որ դա, իբր, անհրաժեշտ է նրանց պաշտպանելու համար: Իմ հաջորդ՝ «ումի՞ց պաշտպանելու» հարցին, նա չպատասխանեց: Ես չհանգստացա ու նույն հարցով զանգեցի [Ադրբեջանի] Կոմկուսի կենտրոնական կոմիտե: Ասացին՝ կպարզեն ու կտեղեկացնեն: Բնականաբար, ոչ ոք հետո չզանգեց ու ոչինչ չհաղորդեց»,- պատմում է նա: Գրանցման պատճառները Ժ. Կոցիշևսկայային ու շատերին հասկանալի է դառնում ավելի ուշ. երաժշտական դպրոցում որդու համերգից հետո նրանք գնացել էին մայրիկի տուն, իսկ հետո տեղեկացել, որ իրենց բնակարանի վրա հարձակում է եղել: «Այդ պահին տանը սկեսուրս է եղել, բավականին տարեց կին: Ըստ երևույթին, հայերի բնակարանների ցուցակները կազմելուց հետո սկսել են դրանց վրա հարձակումները»:

 

Ժ. Կոցիշևսկայան հիշում է նաև հունվարի սկզբին սկեսուրին Մոսկվա ճանապարհելիս կայարանում տեսած սարսափելի իրադարձությունները. ամենուր իրենց Ժողճակատի ներկայացուցիչ անվանող կամակատար անձինք թափառում էին և հայերի փնտրում: Գտնելով՝ լավագույն դեպքում միայն թալանում էին նրանց՝ վերցնելով ամենաթանկը: «…Մենք տեսել ենք, ինչպես է 16-20 տարեկան երիտասարդների ամբոխը իր առջևից քարշ տալիս մի տարեց կնոջ, որի մի ոտքին հողաթափ կար, մյուսը՝ ոտաբոբիկ էր: Տարեց կնոջ ձեռքին թեյնիկ էր, իսկ դեմքին անկեղծ զարմանք էր գրված. ինչո՞ւ: Ավազակախումբը նրան աքացիներով ու մեջքին հարվածելով գոռում էր. «Չքվի՛ր քո Հայաստանը»»:

 

1990թ. հունվարի 13-ին կամ 14-ին Ժ. Կոցիշևսկայան Բայիլովի իրենց երկրորդ տանն է եղել: Նա հարևանի երկու հայ երեխաներին բերել էր այդ ժամանակ հազվագյուտ գունավոր հեռուստացույցով նրանց մուլտֆիլմով ուրախացնելու: Հենց այդ ժամանակ էլ իրենց բակում սկսվել են հայերի բնակարանների ջարդերը:  Ջարդարարները ներխուժել են այն տունը, որտեղ այդ երեխաներն էին ապրում և սկսել գործել. նրանց տատիկին բակ են դուրս հանել և քարշ տվել ասֆալտի վրայով, նա հետո վերքերից մահացել է: «Երեխաները կանգնել էին պատուհանի մոտ ու գոռում էին, ես չէի կարողանում նրանց հետ քաշել»:

 

Ժ. Կոցիշևսկայայի ընտանիքին հաջողվել է կապերի շնորհիվ օգնություն խնդրել և հասնել Կասպից ծով ու նավով հեռանալ Բաքվից: Այստեղ նա շատ հայերի է տեսել՝ մեծամասնությունը սարսափելի իրավիճակում. ծեծված, այրված, բռնաբարված…

 

«Ինձ համար Բաքվում ամբողջ կատարվածը ազգությամբ հայ անձանց նկատմամբ իրականացված իրական ցեղասպանության տիպիկ օրինակ է», – նշում է Ժ. Կոցիշևսկայան:

Հարցազրույցը վերցրված է «Բաքվի ողբերգությունն ականատեսների վկայություններում. գիրք առաջին» գրքից (2016թ., էջ՝ 57, առցանց տարբերակ), որն իրականացվել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում: Ժաննա Կոցիշևսկայայի վկայությունը ներկայացված է կրճատումներով: Ամբողջական տարբերակը, ինչպես նաև այլ ականետեսների վկայությունները կարող եք ընթերցել նշված գրքի առաջին և երկրորդ մասերում :


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am