Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

Անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ.1990թ. ջարդերի դատապարտումը միջազգային կառույցների կողմից

Անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ.1990թ. ջարդերի դատապարտումը 
միջազգային կառույցների կողմից

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1988 թ.-ից սկսվել էր 1905 և 1918 թ. կոտորածներից հետո արդեն Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի հայերի երրորդ խոշոր ջարդերի ալիքը, որը պետք է դառնար վերջինը դարերով այդտեղ ապրող հայկական բնակչության համար: Երկու տարվա ընթացքում շուրջ 250 հազարանոց համայնքի մեծ մասը բռնագաղթել էր Բաքվից և հարակից ավաններից: Քաղաքում մնացել էր շուրջ 30 հազար հայ բնակիչ՝ մասամբ տարեցներ, միայնակ, հիվանդ կամ անապահով մարդիկ, որոնք չէին կամենում կամ պարզապես չէին կարողացել հեռանալ, ինչպես նաև նրանց լքել չցանկացած մերձավորները: Ջարդերի վերջնական ալիքը սկսվեց 1990 թ. հունվարի սկզբից և մեծ թափ ստացավ հունվարի 13-19-ի ընթացքում: Հայերի շրջանում գրանցված զոհերի վերաբերյալ ստույգ տվյալները մինչ օրս ամբողջությամբ հայտնի չեն: Եղած փաստերը թույլ են տալիս խոսել մինչև 500 կորուստի մասին, որոնց մի մասը մահացել են Բաքվից բռնագաղթելուց հետո՝ ստացած վերքերից և վնասվածքներից: Բաքվից գաղթած հայերը մնացին առանց որևէ գույքի, զրկվեցին իրենց բնակարաններից և ունեցվածքից:

Ջարդերի վերաբերյալ համապատասխան քաղաքա-իրավական գնահատականը մինչ օրս չի տրվել, ինչը հանգեցրել է հայերի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից այլ հանցագործությունների և քսենոֆոբիայի քաղաքականության խորացմանը։ Ադրբեջանական ընդդիմադիր «Ժողովրդական Ճակատ» շարժման կողմից՝ Խորհրդային Ադրբեջանի անմիջական աջակցությամբ և թողտվությամբ իրագործված անմարդկային գործողությունները միջազգային քրեական իրավունքով նախատեսված ծանրագույն հանցագործությունների շարքին են դասվում, ինչի մասին են վկայում բազմաթիվ անհերքելի վկայություններ ու փաստեր, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների դատապարտող բանաձևերը։

ԽՍՀՄ Կոմկուսի Կենտկոմի Քաղբյուրոյի անդամության թեկնածու Եվգենի Պրիմակովը 1990թ. մարտի 5-ին ԽՍՀՄ ԳԽ փակ նիստում հայտարարել է. 

«Մենք ականատես եղանք, թե ինչպես ստեղծված իրավիճակում սկսված գազանաբարո հակահայկական ջարդերը հանգեցրին հազարավոր մարդկային զոհերի։ Հաշված օրերի ընթացքում տասնյակ հազարավոր հայեր զրկվեցին օթևանից և բռնի տեղահանվեցին հանրապետությունից»։

ԽՍՀՄ պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Յազովը ադրբեջանական «Լիդեր» ՀԸ-ին տված հարցազրույցում նշել է, որ Մ. Գորբաչովը իրեն, ՆԳ նախարար Վ. Բակատինին, ՊԱԿ ղեկավար Վ. Կրյուչկովին կանչել է իր մոտ և ասել, որ Բաքվում իրադրությունը լարված է, [Մ. Գորբաչովը] հեռախոսազրույց է ունեցել Բաքու գործուղված Պրիմակովի և Գիրենկոյի [ԽՄԿԿ Կոմկուսի Կենտկոմի անդամ Անդրեյ Գիրենկո] հետ, որոնք կարծում են, որ Բաքվում շտապ պետք է արտակարգ դրություն հայտարարել, քանի որ ադրբեջանցիները հայերին պատուհաններից ցած են նետում, մեծ արյան հոտ է գալիս»։

Բաքվի հայերի ջարդերը դատապարտվել են նաև ԱՄՆ կոնգրեսականների, Եվրախորհրդարանի, միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից:

1990թ. հունվարի 18-ին ԱՄՆ մի խումբ սենատորներ համատեղ նամակ են հղել Մ. Գորբաչովին, որում անհանգստություն են հայտնել Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերի կապակցությամբ:

ԱՄՆ փախստականների հանձնաժողովի տնօրեն Բիլ Ֆրելիքը 2002թ. փետրվարին ԱՄՆ փախստականների ընդունման ծրագրի շրջանակներում ԱՄՆ Կոնգրեսի արդարադատության հանձնաժողովում ներկայացրած «ԱՄՆ փախստականների ընդունման ծրագրի» վերաբերյալ հաշվետվության մեջ նշել է, որ 2000թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ՝ Մոսկվայում ապրել է Ադրբեջանից գաղթած մինչև 2000 էթնիկ հայ փախստական, «նրանք տարհանվել են Բաքվից 1990թ. հակահայկական ջարդերի (pogroms) հետևանքով...»։

2014թ. մարտի 1-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը, վերջինիս գործընկերներ Բրեդ Շերմանը, Թոնի Քարդենասը, Աննա Էշուն և Քեթրին Քլարքը դատապարտել են Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերը: Բ. Շերմանը իր հայտարարությունում, մասնավորապես, նշել է, որ Հայկական փոքրամասնության դեմ լարվածության սկիզբ են դարձել Սումգայիթի ջարդերը՝ Կիրովաբադի և Բաքվի հակահայկական վայրագությունների ալիքով, որոնք ավարտվել են ավելի քան 390 հազար հայ բնակիչների բռնի արտաքսումով։

2011թ, 2013թ., 2014թ. և 2015թ. ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ, այդ թվում՝ Ադամ Շիֆը և Դեյվիդ Սիսըլին, անդրադառնալով ադրբեջանահայության ջարդերին, կոչ են արել  խստորեն դատապարտել Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի կոտորածները (massacres Սենատորներից Հարի Փիթերսը իր հայտարարության մեջ նշել է. «Հայերի կոտորածները (massacres) կանգ չառան Սումգայիթում, այլ շարունակվեցին մայրաքաղաք Բաքվում՝ 1990թ.։ ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է այդ շրջանի ջարդերը»։

Եվրախորհրդարանը երեք անգամ՝ տարբեր բանաձևերով, դատապարտել է Ադրբեջանի կողմից իրականացված հայերի ջարդերը. 1988թ. հուլիսի 7-ի բանաձևում արձանագրվել է, որ Ադրբեջանում վատթարացող քաղաքական իրադրությունը հանգեցրել է Սումգայիթում և Բաքվում հակահայկական բռնություններին, ինչը սպառնում է Ադրբեջանում բնակվող հայերի անվտանգությանը։ Հատկանշական է, որ բանաձևում Եվրախորհրդարանը, հաշվի առնելով նաև հայերի ջարդերը, իր աջակցությունն է հայտնել «հայկական փոքրամասնության՝ Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորվելու պահանջին»։  Եվրախորհրդարանը նաև կոչ է արել Խորհրդային իշխանություններին ԽՍՀՄ օրենքներին համապատասխան պատասխանատվության ենթարկել հայկական ջարդերի պատասխանատուներին և ապահովել Խորհրդային Ադրբեջանում ապրող 500 հազար հայ բնակիչների անվտանգությունը։

 

1990թ. հունվարի 18-ին ընդունված բանաձևում նշվել է. «...հաշվի առնելով Բաքվում սկսված հակահայկական գործողությունները, բազմաթիվ զոհերի վերաբերյալ նախնական գնահատականները, որոնց մի մասը մահացել է սարսափելի հանգամանքներում … հայկական գյուղերի վրա հարձակումները՝ Եվրահանձնաժողովին և Եվրոպայի Խորհրդին կոչ է արվում …. համոզվելու, որ հայերի նկատմամբ իրականացված ջարդերի (pogroms) հանգամանքները, մասնավորապես, Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում իրականացված ջարդերի, ամբողջությամբ կբացահայտվեն, նաև կոչ է արվել համոզվելու, որ ԽՍՀՄ իշխանությունները « երաշխավորում են Ադրբեջանում ապրող հայկական բնակչության իրական պաշտպանությունը՝ միջամտության նպատակով զորքեր ուղարկելու միջոցով»:

1991 թ. մարտի 14-ին Եվրախորհրդարանի ընդունած երրորդ բանաձևում նշվում է, որ նշվում է, որ «300 հազար հայեր, որոնք փախել են Ադրբեջանից (Բաքվի և Սումգայիթի ջարդերը (massacres)), ծայրահեղ աղքատության մեջ են և անհապաղ օգնության կարիք ունեն»:

Վերը թվարկված արձագանքները և զեկույցները ևս մեկ անգամ փաստում են, որ 1990թ. հունվարի 13-19-ին Բաքում հայերի դեմ իրականացված ջարդերը մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործությունների համակցություն է՝ այդ թվում՝ քաղաքացիական բնակիչների սպանություններ, բռնագաղթ, որն ուղեկցվել է խոշտանգումներով, բռնաբարություններով, ազգային խտրականության պետական քաղաքականությամբ պայմանավորված՝ էթնիկ հայ հանրույթի հետապնդմամբ և այլ դիտավորյալ հանրորեն վտանգավոր գործողություններով։ Նշված հանցագործությունները, անկախ այն հանգամանքից կատարվել են խաղաղ, թե պատերազմական իրավիճակում, դատապարտելի են և նրանց նկատմամբ վաղեմության ժամկետ կիրառելի չէ, ինչը սահմանվել է Նյուրնբերգի միջազգային ռազմական դատարանի 1945թ. օգոստոսի 8-ի կանոնադրությամբ (Հոդված 6, մաս 3) և հաստատվել են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1970թ. նոյեմբերի 10 n 2391 (XXIII) (Հոդված 1, մաս 2) բանաձևով։

Այդ հանցագործությունները, իրենց ծանրությամբ և հանրային մեծ վտանգավորությամբ պայմանավորված, ընդդատյա են նաև Հաագայի միջազգային քրեական դատարանին [Վ. Այվազյան, Մարդու իրավունքներ, էջ 480, Եր., 2014թ.]։ Միջազգային հանրությունը պետք է տա Խորհրդային Ադրբեջանում բնակված հայերի ջարդերի վերաբերյալ համապատասխան քաղաքական-իրավական գնահատականը և պարտավորեցնի պատասխանատվության ենթարկել կազմակերպիչներին ու իրագործողներին՝ այդպիսով արտահայտելով պատժի ինստիտուտի էությունը՝ հետագայում նման հանցագործությունները կանխելու նպատակով պատիժ կիրառելը։ Նշվածը ոչ միայն մինչ օրս չի իրականացվել, այլև Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է հայերի նկատմամբ խտրականության և քսենոֆոբիայի քաղաքականությունը, ինչի արտացոլումն են 2004թ. Հունգարիայում ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ընթացքում հայ սպա Գուրգեն Մարգարյանի՝ քնած ժամանակ կացնահարումը Ռամիլ Սաֆարովի կողմից, որը ներկայումս Ադրբեջանում ներկայացվում է հերոսի կարգավիճակում, 2016թ. ապրիլի ընթացքում Թալիշ գյուղում խաղաղ բնակիչների խոշտանգումները և սպանությունը,  Ադրբեջանի իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով հայերի նկատմամբ ատելություն և ագրեսիա հրահրող հայտարարությունները, ուժի սպառնալիքի կիրառումը:

Վանուհի Կարապետյան

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ