Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

Նախարարությունն ակնկալում է ներգնա զբոսաշրջության 15 տոկոսով աճ

Նախարարությունն ակնկալում է ներգնա զբոսաշրջության 15 տոկոսով աճ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախորդ տարվա 9 ամիսների արդյունքով ներգնա զբոսաշրջության աճ ապահոված երկրների եռյակում են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ակնկալում է, որ 2019-ի արդյունքներով ներգնա զբոսաշրջության աճի ցուցանիշը կլինի 15 տոկոս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«9 ամսվա արդյունքներով ունենք ներգնա զբոսաշրջության 14.4 տոկոս աճ: Շատ կարևոր է, որ այդ աճը մեծ չափով այնպիսի երկրներից Հայաստան այցելողների հաշվին է տեղի ունեցել, որտեղից այցելությունները գերազանցում են 30-40 տոկոսը: Օրինակ՝ Գերմանիայից այցելուների քանակն աճել է 45 տոկոսով, Ֆրանսիայից՝ 21 տոկոսով, Նիդերլանդներից Հայաստան այցելած անձանց քանակն աճել է 23 տոկոսով։ Սպասում ենք, որ 2019-ը կամփոփվի 15 տոկոս ներգնա զբոսաշրջության աճի թվով»,- ասաց Խաչատրյանը:

2019-ի ընթացքում Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով Զբոսաշրջության կոմիտեն Հայաստան է հրավիրել ավելի քան 50 ԶԼՄ ներկայացուցիչների աշխարհի տարբեր կողմերից, բլոգերների՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Իսրայելից, Լեհաստանից: Այցերի արդյունքում ապահովվել է Հայաստանի մասին 5 մլնից ավելի դիտում և 50-ից ավելի հոդվածների հրապարակում: «Սա այն հիմքն է, որը մեզ թույլ է տալիս մտածել, որ 2020-ի ընթացքում մենք կունենանք ոչ պակաս ներգնա զբոսաշրջության ցուցանիշների աճ, ինչը, իր հերթին, ազդում է հատկապես զբոսաշրջության հետ կապ ունեցող ծառայությունների ոլորտի զարգացմանը: Կարծում ենք, որ 2019-ի ընթացքում հանրային սննդի և կացության ոլորտում ծառայությունների աճը 30 տոկոսը գերազանցող չափով է աճած լինելու»,-ասաց նախարարը:

2019-ի 9 ամիսների կտրվածքով Հայաստան է այցելել 1 մլն 459 հազար 200 մարդ:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ