Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փոխվում են ժամանակները, մարդկային արժեքները՝ ոչ. Մոպասանի «Փափլիկը» Համազգայինի բեմում է

Փոխվում են ժամանակները, մարդկային արժեքները՝  ոչ. Մոպասանի «Փափլիկը» 
Համազգայինի բեմում է

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենասիրությունը, որի մասին բարձրաձայնում են շատերը, հաճախ հօդս է ցնդում, երբ ի հայտ է գալիս մարդու անձնական շահը: Պարզվում է` մասնագիտությամբ թեթևաբարո կինը կարող է ավելի բարձր արժեքային համակարգ ունենալ, ավելի նվիրված լինել հայրենիքին, քան կոմսերը, միանձնուհիները և այլք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆրանսիական դասական Գի դը Մոպասանի «Ճարպագունդը» ստեղծագործության բեմական տարբերակը, որի առաջնախաղը տեղի ունեցավ հունվարի 13-ին, Համազգային թատրոնի խաղացանկում կարելի է փնտրել «Փափլիկը» վերնագրով:

Սուտ և իրական ազգասիրության, կեղծ և անկեղծ բարոյականության, դավաճանության մասին պատմող ստեղծագործությունը, Համազգային թատրոնի դերասանները ներկայացրեցին նուրբ ու սուր հումորով, յուրօրինակ մեկնաբանությամբ, ժամանակակից լուծումներով և դերասանական գունեղ խաղով:

Մեզ հետ զրույցում բեմադրության հեղինակ Նարինե Գրիգորյանն ասաց, որ դեկտեմբերի 25-ին ներկայացման հանձնումն էր: «Երբ թատերասերները դուրս էին գալիս դահլիճից, փաստում էին, որ բարքերը չեն փոխվել: Ինձ տխրեցնում է այն, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա աշխարհում բիզնեսն է որոշում ամեն ինչ. անգամ պատերազմներն են անձնական շահերի բախման հետևանքով լինում: Այս  ստեղծագործության մեջ էլ բացահայտ է, որ անձը գինիները վաճառելու համար պատրաստ է տրորել մարդուն, զոհել նրան»,-նշեց Գրիգորյանը:

Նրա խոսքով` Գի դը Մոպասանը շատ լուրջ թեմայի շուրջ խոսել է հումորով, հեգնանքով՝ ցույց տալով հարցի ամբողջ ողբերգականությունը:

Անդրադառնալով բեմադրական լուծումներին` բեմադրիչը շեշտեց, որ այն պատկերացրել է ծաղրանկարներով, իսկ հիմնական գույները սևն ու սպիտակն են, ընդգծված վերաբերմունք կա թերթերի հանդեպ, որովհետև այդ ժամանակաշրջանում մարդիկ պատերազմի մասին լուրեր էին ստանում թերթերի միջոցով:

Փափլիկին մարմնավորած դերասանուհի Տաթև Ղազարյանի կարծիքով, հանդիսատեսի մեծ մասը պետք է որ կարդացած լինի «Ճարպագունդը» նովելը: «Անդրադարձել ենք 19-րդ դարի այս գործին, որովհետև այն մինչ օրս չի կորցրել իր արդիականությունն ու հնչեղությունը: Սա կեղծ հայրենասիրության մասին է, հասարակության կողմից անտեսված մարդկանց, որոնք ցածր խավ են համարվում, բայց ավելի մարդկային են ու արժանապատիվ»,- պատմեց Ղազարյանը:

Նա շեշտեց, որ յուրաքանչյուր դեր մարմնավորելիս նոր բացահայտումներ է անում: «Եթե դերասանն ամեն անգամ բեմ բարձրանալիս ինքն իրեն նորովի չբացահայտի, չկասկածի կամ չզարմանա, ուրեմն դերասան կոչվելու իրավունք չունի: Եթե այդպես չլինի, հանդիսատեսին չեմ կարող խաբել, որովհետև նա միշտ քեզ արժանվույն գնահատական է տալիս»,-եզրափակեց Տաթևը:

Վաճառական Լուազոյի կերպարը մարմնավորած Գագիկ Մադոյանը նշեց, որ վերջինս խորամանկ մարդու համբավ է վայելում, որովհետև էժանագին գինին կարողանում է  բարձր գնով վաճառել: «Նա ձեռներեցի հավաքական կերպար է, որի հայրենասիրությունն ունի սահմաններ։ Եթե նրա բիզնեսին չեն դիպչում, ապա նա հայրենասեր է… այս կերպարի համար բիզնեսը հայրենիք չունի»,- շեշտեց Մադոյանն ու հավելեց, որ լավագույն նորը մոռացված հինն է: «Մարդը հազարամյակներ առաջ նույնն էր, հիմա էլ է նույնը, զարգացել են տեխնոլոգիաները, փոխվել են հարցերի լուծման ձևերը, բայց ամբողջական առումով մարդիկ չեն փոխվել»,- նշեց դերասանը:

Ներկայացման մեջ զբաղված են Վարշամ Գևորգյանը, Տաթև Ղազարյանը, Դավիթ Հակոբյանը, Ալլա Սահակյանը, Գագիկ Մադոյանը, Արմինե Անդրեասյանը, Նարեկ Բաղդասարյանը, Սերգեյ Թովմասյանը, Մարիա Սեյրանյանը և Ստեփան Ղամբարյանը:

Ռեժիսորը Յուրի Կոստանյանն է, բեմի ձևավորման և զգեստների հեղինակը Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանն է, երաժշտական ձևավորումը` Նարեկ Բաղդասարյանի:

Ներկայացումը կյանքի է կոչվել ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները` թատրոնի պաշտոնական էջից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]