Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Փետրվար

Ադրբեջանահայության հիմնախնդիրը պետք է դառնա բանակցային սեղանի քննարկման առարկա. Գրիգորի Այվազյան

Ադրբեջանահայության հիմնախնդիրը պետք է դառնա բանակցային սեղանի քննարկման 
առարկա. Գրիգորի Այվազյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը ադրբեջանահայության հիմնախնդիրը բանակցային սեղանի քննարկման առարկա դարձնելու խնդիր է տեսնում:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Այվազյանն ասաց հունվարի 13-ին լրագրողների հետ զրույցում:

«Ադրբեջանում հայերի ցեղասպանությունը ապացույցն է, որ ադրբեջանցի թուրքերի և արցախահայերի՝ մեկ պետության սահմաններում համատեղ խաղաղ գոյակցությունն անհնար է: Ադրբեջանում հայերի կրած զրկանքները՝ բարոյական, նյութական, տարածքային վնասների խնդիրը պետք է դրվի բանակցային սեղանին: Ոչ թե խոսվի, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի, այլ կեսմիլիոնանոց ադրբեջանահայ համայնքի ոտնահարված իրավունքների մասին, որը փաստացի այս 30 տարիների ընթացքում ստվերում է մնացել: Ճիշտ օգտագործման պարագայում դա զուտ հումանիտար հարց չէ: Կարող է մեր երկրի համար բերել բաղձալի լուծումներ»,- ասաց Այվազյանը:

Գրիգորի Այվազյանի խոսքով` երեսուն տարի առաջ Բաքվում տեղի ունեցածը Ադրբեջանի ղեկավարության կողմից նախապատրաստած ծրագիր էր:

«Նախօրոք քաղաքում ապրող հայերի բոլոր հասցեներն իմանալով՝ համատեղ գործողություն էր: Նրանք նախ փորձում էին Բաքուն ազատել հայերից, հետո այդ ցեղասպանական մեքենան տեղափոխել Արցախ: Առնվազն 500 հայ սպանվեց ամենադաժան ձևերով, որը պատկերացնելն անգամ ահասարսուռ է, և այդ երկիրը հիմա փորձում է ինչ-որ կարգավիճակ առաջարկել, բարբաջել տարածքային  ամբողջականության վերաբերյալ այն պարագայում, երբ սեփական խաղաղ քաղաքացիներին իրենց մայրաքաղաքում մորթի նախաձեռնողն են եղել»,- նշեց նա:

Երեսուն տարի առաջ՝ 1990 թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դաժան սպանդի զոհ դարձան և բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր: Հայերի նկատմամբ 6 օր դրսևորված վայրագություններից հետո շուրջ 250 հազար հայ բնակիչ ունեցող քաղաքը հայաթափվեց: Տեղի ունեցած ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից, իսկ իշխանությունները հովանավորում էին դրանք: Ադրբեջանում հակահայկական հիստերիայի ալիք բարձրացել էր դեռևս 1988 թ. դեկտեմբերի վերջին և 1989-ի հունվարի սկզբին: 1990-ի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել: Ջարդերը շարունակվել են 6 օր: Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Միխայիլ Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին: Զինված դիմադրության ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելի գրոհայիններ, շատերը ձերբակալվել են: Փաստերը թաքցնելու և դրանք չբարձրաձայնելու պատճառով հնարավոր չի եղել հաշվել Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի ստույգ թիվը, սակայն, ըստ տարբեր տվյալների՝ 1988-1990 թթ. այն հասնում է առնվազն 500-600-ի: Հայերի ջարդերը և նրանց դեմ բռնաճնշումները շարունակվել են նաև 1990 թ. հունվարից հետո՝ հանգեցնելով Ադրբեջանի հայաթափման: Չնայած Ադրբեջանի ժխտողական քաղաքականությանը, Բաքվում և ավելի վաղ՝ 1988 թ. փետրվարի վերջին Սումգայիթում, ինչպես նաև Կիրովաբադում (Գյանջա) հայերի դեմ իրականացված ջարդերը և բռնությունները դատապարտել են մի շարք միջազգային կառույցներ, կազմակերպություններ: Հայերի նկատմամբ իրականացված ջարդերը 1988, 1990 և 1991 թթ. ընդունած բանաձևերում դատապարտել է Եվրոպական Խորհրդարանը: Փաստն արձանագրել և դրա հետևանքների մասին 2002 թ. խոսել է ԱՄՆ փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Բիլ Ֆրելիքը: Ականատեսների վկայությունները, ինչպես նաև նշված բանաձևերը ցույց են տալիս, որ, մասնավորապես, Բաքվում և Սումգայիթում հայերի դեմ իրականացված գործողությունները կրել են կազմակերպված բնույթ կամ առնվազն իրականացվել են Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ