1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախի հայության անվտանգության ապահովման միակ ճանապարհը Արցախի ինքնորոշումն է. Արարատ Միրզոյան

Արցախի հայության անվտանգության ապահովման միակ ճանապարհը Արցախի 
ինքնորոշումն է. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Արցախի հայության անվտանգության ապահովման միակ ճանապարհը Արցախի ինքնորոշումն է համարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Միրզոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը այդ անվտանգության երաշխավորն է:

«Հարգանքի տուրք մատուցեցինք 1990թ. Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։

Մեկ դարի ընթացքում երրորդ անգամ Բաքվում կրկնված հայերի ջարդերը, ինչպես նաև Սումգայիթում, Կիրովաբադում և ադրբեջանական այլ բնակավայրերում կազմակերպված հայերի կոտորածները ամենավառ ապացույցն են նրա, որ հայերի նույնիսկ ֆիզիկական անվտանգությունը հնարավոր չէ ապահովել Ադրբեջանի տարածքում և ադրբեջանական սուվերենության շրջանակներում։ Ըստ այդմ, Արցախի հայության անվտանգության ապահովման միակ ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, և Հայաստանի Հանրապետությունը այդ անվտանգության երաշխավորն է»,- գրել է Միրզոյանը:

Երեսուն տարի առաջ՝ 1990 թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դաժան սպանդի զոհ դարձան և բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր: Հայերի նկատմամբ 6 օր դրսևորված վայրագություններից հետո շուրջ 250 հազար հայ բնակիչ ունեցող քաղաքը հայաթափվեց: Տեղի ունեցած ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից, իսկ իշխանությունները հովանավորում էին դրանք: Ադրբեջանում հակահայկական հիստերիայի ալիք բարձրացել էր դեռևս 1988 թ. դեկտեմբերի վերջին և 1989-ի հունվարի սկզբին: 1990-ի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել: Ջարդերը շարունակվել են 6 օր: Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Միխայիլ Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին: Զինված դիմադրության ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելի գրոհայիններ, շատերը ձերբակալվել են: Փաստերը թաքցնելու և դրանք չբարձրաձայնելու պատճառով հնարավոր չի եղել հաշվել Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի ստույգ թիվը, սակայն, ըստ տարբեր տվյալների՝ 1988-1990 թթ. այն հասնում է առնվազն 500-600-ի: Հայերի ջարդերը և նրանց դեմ բռնաճնշումները շարունակվել են նաև 1990 թ. հունվարից հետո՝ հանգեցնելով Ադրբեջանի հայաթափման: Չնայած Ադրբեջանի ժխտողական քաղաքականությանը՝ Բաքվում և ավելի վաղ՝ 1988 թ. փետրվարի վերջին Սումգայիթում, ինչպես նաև Կիրովաբադում (Գյանջա) հայերի դեմ իրականացված ջարդերը և բռնությունները դատապարտել են մի շարք միջազգային կառույցներ, կազմակերպություններ: Հայերի նկատմամբ իրականացված ջարդերը 1988, 1990 և 1991 թթ. ընդունած բանաձևերում դատապարտել է Եվրոպական Խորհրդարանը: Փաստն արձանագրել և դրա հետևանքների մասին 2002 թ. խոսել է ԱՄՆ փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Բիլ Ֆրելիքը: Ականատեսների վկայությունները, ինչպես նաև նշված բանաձևերը ցույց են տալիս, որ, մասնավորապես, Բաքվում և Սումգայիթում հայերի դեմ իրականացված գործողությունները կրել են կազմակերպված բնույթ կամ առնվազն իրականացվել են Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]