Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ

Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ է արձանագրվում նաև Հայաստանի Հանրապետությունում, չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատ սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված դեպքերը նվազել են, մասնավորապես՝ 2020 թվականի հունվարի 11-ի դրությամբ 1.2 անգամ նվազել է սուր շնչառական վարակներով պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը, 1.7 անգամ նվազել են նաև թոքաբորբերով հոսպիտալացումները:

Այսօր հանրապետության բժշկական կազմակերպություններում, սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 668 հիվանդ (նախորդ տարվա համեմատ նվազում՝ 1,1 անգամ), որի 97,9%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները:  Հիվանդների դիմելիության հիմնական բեռը բաժին է ընկել Երևան քաղաքի մանկական ստացիոնարներին: Բոլոր հիվանդները ստանում են համապատասխան բուժում, ունեն լավացման դրական շարժընթաց: Բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 31 հիվանդ (նախորդ տարվա 50-ի փոխարեն), որոնց մեծամասնությունը կազմում են 0-5 տարեկան երեխաները:

Իրականացվում է նաև ջերմային ռեժիմի սահմանված ցուցանիշների պահպանման դիտարկում կրթական կազմակերպություններում։ Հունվարի 10-ի դրությամբ շեղումներ արձանագրվել են 153 դպրոցում և 25 մանկապարտեզում: Անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով առողջապահության նախարարության կողմից շեղումների մասին օրական կտրվածքով տեղեկացվում է համապատասխան շահագրգիռ կառույցներին: 

Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում, դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից, շրջանառում են գրիպի Ա H1N1 և Բ տեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

Ցավով հայտնում ենք, որ երեկ արձանագրվել է մահվան մեկ դեպք:  Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը: Դեպքի համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդը բժշկական օգնության է դիմել ծայրահեղ ծանր վիճակում, շնչահեղձությամբ՝ հիվանդության 10-րդ օրը:

Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Նշենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում, և առողջ ազգաբնակչությունը ևս կարող է ստանալ պատվաստում։

Պատվաստումները կատարվում են առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին, մասնավորապես՝

  • հղիներ,
  • 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ,
  • 65 տարեկանից բարձր տարիքի անձինք,
  • շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,
  • բուժաշխատողներ (մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր, ընդունարանի, շտապ օգնության, վերակենդանացման, քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքների բուժանձնակազմ, համաճարակաբաններ և համաճարակաբանի օգնականներ),
  • զորակոչի ենթակա անձինք,
  • փակ կազմակերպություններում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ, տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններում, հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝  Առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հորդորում է.

  • պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
  • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
  • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
  • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
  • հագնվե´ք եղանակին համահունչ,
  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
  • հետևե´ք անձնական հիգիենային։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]