Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Միջազգային համագործակցություն, գիտաժողովներ. Բյուրականի աստղադիտարանի տնօրենը՝ անելիքների մասին

Միջազգային համագործակցություն, գիտաժողովներ. Բյուրականի աստղադիտարանի 
տնօրենը՝ անելիքների մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բյուրականի աստղադիտարանը 2021 թվականին տոնելու է հիմնադրման 75-ամյակը, ինչի կապակցությամբ լույս է ընծայելու աստղադիտարանի ամբողջ գիտական գործունեությունն ամփոփող գիրք, իսկ 2020-ին աստղադիտարանը կազմակերպելու է ճամբարներ, գիտաժողովներ և այլ նախաձեռնություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը նշեց, որ այս տարի Հայաստանում է անցկացվելու եվրոպական աստղագիտությանն ու աստղաֆիզիկային նվիրված հեղինակավոր գիտական ամսագրի տնօրենների խորհրդի նիստը, որին մասնակցելու են ներկայացուցիչներ եվրոպական քսանութ երկրից: «Սեպտեմբերին կազմակերպվելու է երիտասարդական ամառային դպրոցը և աստղագիտությանն ու համակարգչային  գիտություններին նվիրված գիտաժողով»,-ասաց տնօրենն ու հավելեց, թե շատ կցանկանա, որ Հայաստանում հայ աստղագիտության պատմության թանգարան ստեղծվի:

Անդրադառնալով 2019-ին Բյուրականի աստղադիտարանի կատարած աշխատանքին` Միքայելյանը հիշեցրեց, որ գիտական հիմնարկների աշխատանքի արդյունքները գնահատվում են գիտաչափությամբ: Միջազգային չափանիշներով նախորդ տարի աստղադիտարանը նվաճումներ է ունեցել:

Նա շեշտեց, թե վերջին տարիների կարևորագույն  ձեռքբերումն այն է, որ Բյուրականի աստղադիտարանը ճանաչվել է որպես ՀՀ  ազգային արժեք և տարածաշրջանային կենտրոն:

«Անցյալ տարի երկու կարևոր միջոցառում ենք անցկացրել` տարածաշրջանային երիտասարդական դպրոց և տարածաշրջանային երկրների աստղագիտական աշխատաժողով: Տարբեր երկրների աստղադիտարանների տնօրեններ մեզ մոտ զեկուցել են այն մասին, թե ինչպիսին է աստղագիտության վիճակն իրենց երկրներում: Ներկա էին նաև ուսանողներ տարածաշրջանից ու այլ երկրներից: Հայաստանը դիտարկվում է երկիր, որտեղ կարելի է գալ, սովորել, փորձի փոխանակում իրականացնել ու համագործակցել»,- նշեց տնօրենը:

Միքայելյանի խոսքով` արտերկրից ստացած հրավերների շնորհիվ Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները վաթսուն գործուղում են ունեցել` մասնակցելով գիտաժողովների, սեմինարների: Եղել են Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Չինաստանում և այլ զարգացած երկրներում:

Միքայելյանը տեղեկացրեց, որ երկար տարիներ Բյուրականի աստղադիտարանի տարածքում գտնվում էր Լենինգրադի պետական համալսարանի աստղադիտարանը: Միքայելյանի նախաձեռնությամբ ու ջանքերով հնարավոր է դարձել այդ աստղադիտակները անվճար տրամադրել Բյուրականի աստղադիտարանին:

Տնօրենն ընդգծեց, որ Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը`500 հազար դոլար, նախկինում ամբողջովին տրվում էր որևէ գիտնականի կամ խմբի: «Առ այսօր Հայաստանից որևէ գիտնական չի արժանացել այդ մրցանակին: Այժմ մրցանակակրին տրվում է 300 հազար դոլար, որից հարյուր հազարը հատկացվելու է Հայաստանի գիտնականների կողմից ներկայացված ծրագրերի»,-շեշտեց Արեգ Միքայելյանը:

Աստղադիտարանի տնօրենն անդրադարձավ նաև միջազգային կապերին և ասաց, որ քառասուներեք երկրի հետ են աշխատում:

«Որոշ հիմնարկների հետ պաշտոնապես ստորագրած համաձայնագրեր ունենք, որոշների հետ իրականացնում ենք նաև դիտողական ծրագրեր: Տարածաշրջանային բոլոր երկրների հետ համագործակցում ենք՝ բացի Ադրբեջանից: Եթե չեմ սխալվում,  Ադրբեջանում պարզապես արգելում են որևէ շփումը հայ գիտնականների հետ»,-եզրափակեց Միքայելյանը:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]