Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Լարված մթնոլորտն առժամանակ սառեցվեց. փորձագետները ԱՄՆ-Իրան խնդրի մասին

Լարված մթնոլորտն առժամանակ սառեցվեց. փորձագետները ԱՄՆ-Իրան խնդրի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն ու ԱՄՆ-ն բավական խոհեմություն ցուցաբերեցին, լարված մթնոլորտն առժամանակ սառեցվեց: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի հայտարարությանը:

«Չարժե գերագնահատել կամ թերագնահատել կողմերից որևէ մեկին՝ ասելով, թե այս կամ այն կողմը պարտվեց կամ հաղթեց: Իրանն իր գործողությունն իրականացրեց, այնուհետև հայտարարեց, որ դա պատասխան է ԱՄՆ-ին, սակայն շահագրգռված չէ պատերազմով: ԱՄՆ նախագահն էլ  հայտարարություն արեց՝ ասելով, որ ամեն ինչ լավ է: Այսօր կարող ենք ասել, որ լարված մթնոլորտն առժամանակ սառեցվեց»,-ընդգծեց Գոհար Իսկանդարյանը: Նա նշեց, որ խնդիրն, իհարկե, շարունակում է մնալ, և կողմերը պետք է ի վիճակի լինեն հաղթահարել ստեղծված իրավիճակը՝ գտնելով լուծումներ: Այդ պարագայում հիմնական հնարավորությունն իրանագետը համարում է քննարկումները: Թեպետ նա ավելացրեց, որ այս փուլում շատ են «եթե»-ները, հետևաբար դժվար թե ներկայում բանակցություններ լինեն:

Ի՞նչ ուժերի վերադասավորում կարող է լինել Մերձավոր Արևելքում, արդյո՞ք ԱՄՆ-ն դուրս է կգա տարածաշրջանից՝ հաշվի առնելով որոշ երկրների, հատկապես, Իրաքի որոշումը ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը դուրս հանելու մասին:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ նման բան չի կարող լինել: ԱՄՆ-ը կշարունակի մնալ մերձավորարևելյան տարածաշրջանում: Իրաքի խորհրդարանն, իհարկե, ունի որոշում, սակայն ԱՄՆ-ն հայտարարել է, որ չեն պատրաստվում դուրս գալ:

Արաբագետը չի կարծում, որ Իրանը և ԱՄՆ-ն անմիջական բախումների կգնան տարածաշրջանում, առավել ևս, որ երկու երկրներում էլ 2020-ին ընտրություններ են սպասվում: «Տեղային բախումները չեն բացառվում, դրանք դեռ կլինեն: Երկու երկրները ցույց տվեցին իրենց ուժը, հիմա որոշակի ռացիոնալ հատիկ գտնելով, փորձում են լարվածությունը թուլացնել»,-ասաց Սարգիս Գրիգորյանը:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին Հայաստանի հայտարարություններին ու դիրքորոշմանը՝ փորձագետները նշեցին, որ եղել են հստակ հավասարակշռված հայտարարություններ: ՀՀ-ն այդ օրերին արեց բոլոր անհրաժեշտ գործողությունները: ԱԳՆ-ում հրավիրվեց խորհրդակցություն, որից հետո տարածվեց հայտարարություն: Դրան հաջորդեց ՊՆ-ի խորհրդակցությունը, այնուհետև Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց  է ունեցել Հայաստանի  իր գործընկերոջ հետ: ՀՀ-ում Իրանի դեսպանատանը բացվել է սգո մատյան, որտեղ գրառում են կատարել տարբեր պաշտոնյաներ գործիչներ: Փորձագետներն ընդգծեցին, որ թե Իրանը, թե ԱՄՆ-ն Հայաստանի համար բարեկամ երկրներ են, հավասարակշռված դիրքորոշումը ճիշտ քայլ էր: Արաբագետ Սարգիս Գրիգորյանն ավելացրեց, որ Հայաստանը պետք է ավելի նախաձեռնողական լինի՝ հաշվի առնելով այն, որ մերձավորարևելյան տարբեր երկրներում ունենք հայ համայնքներ:

Իրանն Իրաքում ԱՄՆ զինծառայողների տեղակայման բազաների ուղղությամբ  15 բալիստիկ հրթիռ է արձակել, որոնցից  11-ը դիպել են թիրախներին: Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության  պահապանների կորպուսը հայտարարել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդիր լինելու գործողության մեկնարկի մասին: Հրթիռակոծությունից հետո ԱՄՆ նախագահը հանդես եկավ հայտարարությամբ՝ հերքելով ամերիկյան կողմից որևէ զոհի ունենալու մասին տեղեկությունը: «Մենք որևէ կորուստ չունենք։ Մեր բոլոր զինվորներն ապահով են, մեր ռազմաբազաները նվազագույն վնասներ են կրել»,-նշել է Թրամփը: ԱՄՆ նախագահը կոչ է արել դաշնակիցներին հրաժարվել Իրանի հետ միջուկային համաձայնագրից և աշխատել Իրանի հետ նոր համաձայնագրի վրա, որը «աշխարհն ավելի ապահով կդարձնի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]