Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

Հավասարակշռված, դրական.իրանագետը մերձավորարևելյան իրավիճակի հետ կապված ՀՀ-ի հայտարարության մասին

Հավասարակշռված, դրական.իրանագետը մերձավորարևելյան իրավիճակի հետ կապված 
ՀՀ-ի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանագետը հավասարակշռված և դրական շեշտադրումներով է որակում Հայաստանի արձագանքը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ծավալված իրադարձություններին: «Հայաստանի վարչապետի հայտարարությունը բավական հավասարակշռված էր և դրական շեշտադրումներով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Արտյոմ Տոնոյանը:

Հունվարի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Նշվում է, որ Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ ևս: «Մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Իրանի գործողություններին, ապա դրանք, Արտյոմ Տոնոյանի խոսքով,    սպասելի էին, քանի որ սպանվել է երկրի առանցքային և կարևոր դեմքերից մեկը՝ Ղասեմ Սոլեյմանին: «Իրանը նախ և առաջ իր հասարակության առջև ունեցած պարտավորությունն է կատարել, ի վերջո երկրի առանցքային և կարևոր դեմքերից մեկն է սպանվել: Ինչ վերաբերում է միջազգային հանրության քննադատություններին, ապա դա ևս սպասելի էր: Դատելով իրանական կողմի հայտարարություններից, բացառված չէ, որ իրավիճակն ավելի սրվի: Հայտարարում են, որ տեղի ունեցածը ընդամենն առաջին քայլն է»,-ասաց իրանագետը՝ անդրադառնալով Իրաքում ԱՄՆ զինծառայողների տեղակայման բազաների հրթիռակոծմանը, միջազգային արձագանքին:

Ի՞նչ պատասխան կտա ԱՄՆ-ը. ամերիկագետ Սուրեն Սարգսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ դա կախված է, թե որքան կորուստ է ունեցել ԱՄՆ-ը Իրանի հրթիռակոծությունից:

«Այս պահի դրությամբ դեռ չկա պաշտոնական արձագանք արդյոք զինվորականներ տուժել են, թե ոչ: Հետևաբար` դժվար է ասել, թե պատասխանն ինչպիսին կլինի: Եթե մարդկային զոհեր եղել են, ապա պատասխանը լինելու է համաչափ և կոշտ, իսկ եթե մարդկային զոհեր չկան, ապա դա հույս է ներշնչում, որ իրավիճակը կգնա դեէսկալացիայի»,-ասաց Սուրեն Սարգսյանը: Նա ընդգծեց, որ մեծ անելիք ունի միջազգային հանրությունը, ի վերջո պատերազմ ոչ ոք չի ուզում, բոլորը հասկանում են, թե ինչ ծանր հետևանքների կբերի:

Մերձավորարևելյան տարածաշրջանի զարգացումներով պայմանավորված` խոշոր ավիաընկերությունները հայտարարել են այդ հատվածում օդային տարածքներից հրաժարվելու մասին, դրանից բացի նավթի գներն են բարձրացել: Արտյոմ Տոնոյանը կարծում է, որ առաջինի դեպքում խնդիրը ժամանակավոր է: Երբ իրավիճակը հանդարտվի օդային թռիչքները կվերականգնվեն:

«Ինչ վերաբերում է նավթի թանկացումներին, ապա դա խնդիր է այն երկրների համար, որոնք նավթի արտահանում չունեն: Հայաստանի, ընդհանրապես, նավթ չարտահանող երկրների շահերից այն չի բխում, մանավանդ, որ առաջիկայի համար ևս կանխատեսվում է թանկացում»,-ասաց Արտյոմ Տոնոյանն՝ ավելացնելով, որ այս իրավիճակից կարող է օգտվել Ադրբեջանը:

Իրանն Իրաքում ԱՄՆ զինծառայողների տեղակայման բազաների ուղղությամբ  15 բալիստիկ հրթիռ է արձակել, որոնցից  11-ը դիպել են թիրախներին: Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության  պահապանների կորպուսը հայտարարել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդիր լինելու գործողության մեկնարկի մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հայտարարությամբ հանդես գալ: «Ամեն ինչ կարգին է: Հրթիռներն արձակվել են Իրանի տարածքից՝ Իրաքում երկու ռազմական բազաների ուղղությամբ: Հիմա ճշտվում  է՝ արդյոք կան տուժածներ և վնասի չափը, բայց ամեն ինչ լավ է: Ես հանդես կգամ հայտարարությամբ»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Թրամփը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ