Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-Իրան հակամարտության նոր շրջափուլի համակողմանի գնահատականները, հնարավոր զարգացումները

ԱՄՆ-Իրան հակամարտության նոր շրջափուլի համակողմանի գնահատականները, 
հնարավոր զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։

  • Ուշագրավ մանրամասներ Սոլեյմանիի սպանության առնչությամբ

Հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով իրականացված հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ուժերի հրամանատար, իրանցի հեղինակավոր գեներալ լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին, ինչպես նաև՝ Իրաքում շիայական ժողովրդական աշխարհազորի՝ «Ալ-Հաշդ ալ-Շաաբիի» (ՀՇ) հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ։ Քաղաքացիական հանդերձանքով Սոլեյմանին Բաղդադ էր ժամանել Դամասկոսից ուղևորատար ինքնաթիռով։ Նրան դիմավորել էին ՀՇ-ի մի շարք բարձրաստիճան հրամանատարներ։ Իրանցի զորահրամանատարի և նրան ուղեկցող ավտոմեքենաների դեմ հարձակումը տեղի է ունեցել օդանավակայանի բեռնապահեստների հարևանությամբ ամերիկյան MQ-9 Reaper ԱԹՍ-ից արձակված 4 AGM-114 Hellfire տեսակի հրթիռների միջոցով։

Ընդհանուր առմամբ, նշված հարձակումը կարելի է գնահատել որպես Դոնալդ Թրամփի վարչակարգի կառավարման շրջանում՝ մասնավորապես 2018թ. մայիսից վերսկսված ամերիկա-իրանական հակամարտության սրացման գագաթնակետ։ Ավելի քան մեկ ու կես տարի շարունակվող դիմակայությունը դրսևորվել է զուգահեռաբար մի քանի հարթություններում՝ տնտեսական, քաղաքական-դիվանագիտական, ռազմական, քարոզչական, հոգեբանական և այլն։ Ընդ որում, իրավիճակային լարվածության հանգեցրած որևէ միջադեպ իր հերթին արտացոլվել է նշված ուղղություններից մի քանիսում միաժամանակ։

Միևնույն ժամանակ, հարկ է փաստել, որ երկկողմ առճակատումը մշտապես տեղ է գտել կա՛մ երրորդ երկրների տարածքներում, կա՛մ չեզոք ջրային գոտիներում, ասել է, թե՝ հակամարտ կողմերից որևէ մեկի տարածքից դուրս։ Իսկ, մասնավորապես, կարևոր է ընդգծել Իրաքի գործոնը, քանի որ վերջին ամիսներին երկկողմ բազմաշերտ դիմակայությունը դրսևորվել է հենց այդ երկրի տարածքում։ Հոկտեմբերի 1-ից Իրաքում սկիզբ առած ներքաղաքական ճգնաժամի արտաքին բաղադրիչը միտված էր երկիրը որևէ արտաքին դերակատարի, մասնավորապես, ամերիկյան և իրանական ազդեցությունից «ազատագրելու» օրակարգին, որն ընթանում էր նաև որոշակի արտաքին ուղղորդմամբ՝ հակամարտ կողմերից յուրաքանչյուրի կողմից հովանավորյալ կառույցների տարաբնույթ ռազմական գործողությունների, քաղաքացիական ակցիաների ձևաչափում հարձակումների տեսքով։ Ի դեպ, այս ուղղությամբ Թեհրանի և, հատկապես, Սոլեյմանիի խաղադրույքը գլխավորապես ՀՇ-ի մաս կազմող «Քաթաիբ Հիզբալլահ» խմբավորման վրա էր, որի հրամանատար ալ-Մուհանդեսն էլ Սոլեյմանիի հետ զոհվածների թվում էր։ Որպես օրինակ նշված գործողությունների՝ կարելի է նշել վերոնշյալ կառույցի կողմից պարբերաբար Իրաքում ամերիկյան դիրքերի դեմ իրականացված հրթիռային հարվածները (ամենավերջինը՝ դեկտեմբերի 27-ին), ԱՄՆ-ի կողմից վերջինին պատկանող ռազմական հենակետերի հրթիռակոծման դեպքերը (ամենավերջինը՝ դեկտեմբերի 29-ին) և այլն։ Քաղաքացիական ակցիաների շարքում կարելի է առանձնացնել 2019թ. նոյեմբերի 28-ին իրաքցի ցուցարարների հարձակումը Նաջաֆ քաղաքում ԻԻՀ հյուպատոսության դեմ և, իհարկե, դեկտեմբերի 31-ին և հաջորդած օրերին արդեն Իրանի կողմից ուղղորդված հարձակումը Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան դեմ։ Հենց Իրաքի տարածքում թվարկված լոկալ սրացումների գագաթնակետն էլ դարձավ իրանցի հեղինակավոր զորահրամանատարի սպանությունը, որը հակամարտությունը տեղափոխեց որակապես նոր հարթություն։

  • Սոլեյմանիի սպանության համակողմանի գնահատականները և դրա հնարավոր հետևանքները

 

Իրավական տեսանկյունից՝ իրանցի զորահրամանատարի սպանությունը բավականին ուշագրավ և իրարամերժ իրավիճակ է ստեղծել։ Ըստ էության, ամերիկյան հատուկ գործողության իրավական հիմքն ապահովվում է՝ համաձայն ԱՄՆ-Իրաք հակաահաբեկչական պայքարի ոլորտում համագործակցության վերաբերյալ նաև միջազգային մի շարք համաձայնագրերի, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի օրենսդրության, մասնավորապես՝ 2019թ. ապրիլի 8-ին ԻՀՊԿ-ն ահաբեկչական խմբավորում ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի որոշման։ Մյուս կողմից, իրանական և իրաքյան կողմերը հարձակումը ներկայացնում են որպես պետական ահաբեկչություն, ագրեսիվ գործողություն Իրաքի տարածքում, ինքնիշխանության խախտում՝ փորձելով այդ գիծն առաջ տանել նաև միջազգային կառույցներում, տարբեր երկրների հետ երկկողմ հարաբերությունների ձևաչափում։

Քաղաքական առումով ամերիկյան գործողությունը ևս միանշանակ չի ընկալվում, համեմատաբար սակավաթիվ միջազգային դերակատարներ են բացահայտ կերպով աջակցել Վաշինգտոնին՝ հաշվի առնելով այն հնարավոր անկանխատեսելի հետևանքները տարածաշրջանում և, ընդհանրապես, միջազգային հարաբերություններում, որոնց կարող է հանգեցնել նման ազդեցիկ իրանցի զինվորականի սպանությունը. բավական զուսպ կեցվածք են դրսևորել անգամ ԱՄՆ-ի եվրոպական առանցքային գործընկերները։

Ռազմավարական տեսանկյունից՝ Սոլեյմանիի նման ռազմական ստրատեգի, նման կարևոր կառույցի զորահրամանատարի և այդպիսի կորուստը լուրջ հարված է Թեհրանի հեղինակությանը։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Մերձավոր Արևելքում, մուսուլմանական համայնքներում ընկալումներն այլ են։ Նաև նման կշիռ ունեցող դերակատարների «հերոսական նահատակությունը» տարածաշրջանի երկրներում տրամագծորեն հակառակ ազդեցությունն է ունենում՝ առավել միավորելով բազմաշերտ հասարակությունները, հավելյալ արժևորելով նրանց պայքարը և համակողմանիորեն թիրախավորելով «դավադիր թշնամուն»։ Հետևաբար, նաև ԱՄՆ-ի գործող վարչակազմի համար այս գործողությունն առավելապես ներքին, մասամբ արտաքին քաղաքական ուղեգծում սահմանափակ կիրառելի հաղթաթուղթ է, քան ռազմավարական ձեռքբերում, քանի որ Սոլեյմանիի մահվանից հետո, փաստացի, ինչպես Իրանում, այնպես էլ ամբողջ հավատացյալ շիայական, մասամբ նաև սուննիական համայնքներում արձանագրվել են համախմբման միտումներ և ԱՄՆ-ի վարկանիշի էական անկում։ Նշվածի համատեքստում ստեղծված իրավիճակի միանշանակ գնահատական առկա չէ նաև Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակից երկրներում, քանի որ առկա է լուրջ մտավախություն՝ իրանամետ ուժերի անկանխատեսելի ինքնուրույն պատասխան գործողությունների հետ կապված։

Ինչ վերաբերում է հնարավոր զարգացումներին, ապա սպանությանն անմիջապես հաջորդած ժամանակահատվածում իրանական կողմի պատասխանը սուր, սպառնալից հռետորաբանության, քարոզչական, քաղաքական, իսկ ավելի ուշ նաև իրավական  հարթություններում էր, մասնավորապես՝ բոլոր հնարավոր մակարդակներում (նաև Իրանից դուրս հովանավորյալ խմբավորումների կողմից) թշնամու հանդեպ «ահեղ վրեժի» հասնելու խոստումներից, մինչև ամերիկյան բանակն ու Պենտագոնը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու, տարածաշրջանից, մասնավորապես, Իրաքից ամերիկյան ուժերը դուրս բերելու, Միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորություններից ամբողջությամբ հրաժարվելու տեսքով և այլն։

Իսկ արդեն հունվարի 8-ի գիշերը իրանական ԻՀՊԿ-ի կողմից Իրաքում ամերիկյան 2 ռազմական օբյեկտների՝ «Այն ալ-Ասադ» ավիաբազայի և Էրբիլում տեղակայված հրամանատարային շտաբի հրթիռակոծումը կարելի է դիտարկել որպես իրավիճակային, բայց, բնականաբար, ոչ համաչափ պատասխան բարձրաստիճան զորահրամանատարի սպանությանը։ Իրավական տեսանկյունից՝ Թեհրանն այս գործողությունը հիմնավորում է ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված պետությունների ինքնապաշտպանության իրավունքով. հարկ է նշել, որ հրթիռակոծումից առաջ իրանական կողմը, հավուր պատշաճի, պաշտոնապես իրազեկել էր Իրաքի իշխանություններին։

Իրանական հարվածի հետևանքով մարդկային զոհերի և Էական նյութական կորուստների չգրանցվելու հանգամանքը, բնականաբար, պայմանավորված է ամերիկյան կողմի հաշվարկներով՝ հակառակորդի հնարավոր ռազմական պատասխան գործողությունների հետ կապված։ Ստեղծված իրավիճակում, անշուշտ, կանխատեսելի է նաև Վաշինգտոնի ոչ համաչափ պատասխանն Իրանի ոչ համաչափ պատասխանին։

Բացի վերջին զարգացումներից, խոստացված «Ահեղ վրեժի» տրամաբանության մեջ կանխատեսելի են նաև Թեհրանի ոչ անմիջական, այլ մի շարք իրանամետ ուժերի կողմից ինքնուրույն տարաբնույթ գործողություններն ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ տարածաշրջանային դաշնակիցների դեմ՝ Իրաքում, Սիրիայում, Եմենում, Պաղեստինում, Լիբանանում, Բահրեյնում, Պարսից ծոցում, նաև տարածաշրջանի այլ երկրներում, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաներ։

 

Ամփոփելով՝ կարելի է նշել, որ չնայած ԱՄՆ-Իրան հակամարտության շրջանակում  հետագա ռազմական լուրջ սրացման հավանականությունը նվազ կանխատեսելի է, այդուհանդերձ, Սոլեյմանիի սպանությունից հետո մեկնարկած նոր շրջափուլը գրեթե զրոյական մակարդակի է իջեցնում նաև հիմնախնդրի քաղաքական կարգավորման հնարավորությունը։ Վերջինի բացառման կարևոր ցուցիչ է ոչ միայն 2 երկրների ղեկավար շրջանակների միջև հարաբերությունների ծայրաստիճան շիկացումը, այլև  դա պայմանավորված է նաև ընտրական տարում երկու հասարակություններում առկա թշնամական տրամադրվածությունների բարձր մակարդակով։

Արմեն Պետրոսյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]