Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ-ում Իրանի դեսպանատանը սգո մատյան բացվեց Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ

ՀՀ-ում Իրանի դեսպանատանը սգո մատյան բացվեց Ղասեմ Սոլեյմանիի մահվան 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը սգո մատյան բացվեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեսպանատան առջև նաև մոմավառության արարողություն տեղի ունեցավ:

«Այսօրվա սգո մատյանը բացված է մեր գեներալ-գնդապետ Ղասեմ Սոլեյմանիի նահատակման կապակցությամբ: Գեներալ Սոլեյմանին և իր զինակիցները մեծ դերակատարություն են ունեցել Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում: Նրանք իրենց անձնազոհությամբ հազարավոր մարդկանց կյանքեր են փրկել Իրաքում և Սիրիայում»,- ասաց փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հույս հայտնեց, որ տարածաշրջանում լարվածությունը կթուլանա:

«Հայաստանի Հանրապետության կառավարության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին` Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի` Ղասեմ Սոլեյմանիի վախճանի կապակցությամբ և հույս հայտնել, որ հետագա լարվածությունն արագ կթուլանա»,- նշեց նախարարը:

Սգո մատյանը բաց կլինի հունվարի 9-ին, ժամը 11:00-13:00-ն:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Հունվարի 3-ին Ղասեմ Սոլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը: ԱՄՆ-ը Սոլեյմանիին պատասխանատու է համարում Բաղդադում ԱՄՆ դեսպանության առջև դեկտեմբերի 31-ին բողոքի ցույցերի անցկացմանը հավանություն տալու համար, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփը նշել է, որ Սոլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների»։ Իրանի Press TV-ն հայտնել է, որ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է խստորեն պատասխանել Սոլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելով, որ Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ֊ից։ Խամենեին նաև 3 օր ազգային սուգ է հայտարարել:

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն այդ գործողությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ։ Fox News-ը, վկայակոչելով Սպիտակ տան, Պետդեպարտամենտի և ԱՄՆ ԶՈՒ աղբյուրները հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի բացառում իրադարձությունների հետագա զարգացման ցանկացած տարբերակ, իսկ Պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Պոմպեոն Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Վաշինգտոնը հաշվի է առել ցանկացած պատասխան, որը կարող է հետևել Իրանի կողմից։ ՀՀ արտաքին գործերի նախարարություն հայտարարությամբ խորը մտահոգություն է հայտնել Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ՝ նշելով, որ դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: «Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից»,- հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]