Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հայաստան-Իրան. 2019-ը վստահելի գործընկերության տարի էր

Հայաստան-Իրան. 2019-ը վստահելի գործընկերության տարի էր

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2019 թվականը բավական բարդ տարի էր Իրանի Իսլամական Հանրապետության համար: Թեհրանը ստիպված էր մի կողմից դիմակայել ԱՄՆ-ի կողմից իրականացվող հակաիրանական արշավին, մյուս կողմից, զսպել երկրում հնարավոր ներքաղաքական անկայունությունը, ինչը մեծապես պայմանավորված էր երկրում վատթարացող տնտեսական իրավիճակով:

Իրանի արտաքին քաղաքականությունը 2019 թվականին

Իրանի արտաքին քաղաքականությունը գերազանցապես միտված էր Իրանի դեմ ԱՄՆ գործողություններից բխող ռիսկերի նվազեցմանը, Պարսից ծոցի շրջանում Իրանի դիրքերի պահպանմանը, ավանդական դաշնակիցներին իր ազդեցության գոտում պահելուն, ինչպես նաև հնարավոր բոլոր ուղղություններով (Ռուսաստան, Չինաստան) հարաբերությունների զարգացմանը:

Իրան-ԱՄՆ առճակատումը շարունակում է խորանալ

2019 թվականին Իրան-ԱՄՆ հարաբերությունները շարունակեցին չափազանց լարված մնալ: ԱՄՆ քաղաքականությունը միտված էր տարածաշրջանում Իրանի ազդեցության թուլացմանը և այդ նպատակով ԱՄՆ ավանդական դաշնակիցների ակտիվացմանը: Արդյունքում, որևէ առաջընթաց չգրանցվեց ԱՄՆ-Իրան նոր բանակցություններ սկսելու հարցում: Միացյալ Նահանգները ձգտում է նոր միջուկային գործարք կնքել Իրանի հետ, եթե Թեհրանը համաձայնի իր պայմաններին, այդ թվում սառեցնի միջուկային զենքի հրթիռային համակարգերի հետագա գործարկումը կամ զարգացումը, դադարեցնի իր աջակցությունը Մերձավոր Արևելքի «ահաբեկչական» խմբավորումներին և այլն: Իրանին նոր գործարք պարտադրելու համար Միացյալ Նահանգները շարունակաբար կոշտացնում է Իրանի դեմ պատժամիջոցները: Իր հերթին, Թեհրանը հայտարարում է, որ պատրաստ է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ՝ պատժամիջոցների և տնտեսական ճնշման չեղարկման և միջուկային համաձայնագրին վերադառնալու դեպքում միայն:

2019 թվականին Իրան-ԱՄՆ լարվածությունն էական աճ գրանցեց հատկապես Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի շրջանում: Նավթակիրների և սաուդական ռազմական օբյեկտների վրա գրանցված հարձակումները և տարածաշրջանում ամերիկյան կոնտինգետնի ուժեղացումը հավելյան լարվածություն մտցրին Իրան - ԱՄՆ հարաբերություններում: Ուղղակի առճակատումից հաջողվեց խուսափել, սակայն այս լարվածությունը հանգեցրեց մերձավորարևելյան տարածաշրջանում միջնորդավորված պատերազմների սրացմանը: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը ձգտում է Պարսից ծոցի շրջանում միջազգային կոալիցիա ստեղծել, իսկ Իրանը ձգտում է համախմբել տարածաշրջանային ուժերին արտաքին միջամտության դեմ:

Ակնհայտ է, որ 2020 թվականին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրվելու պարագայում ԱՄՆ հակաիրանական քաղաքականությունը շարունակվելու է՝ ստանալով առավել կոշտ դրսևորումներ:

Իրան-ԵՄ. միջուկային գործարքը դատապարտված է տապալման

2015 թվականին միջուկային գործարքի կնքումից հետո վերջինս առանցքային նշանակություն ուներ Իրան-ԵՄ հարաբերություններում. եվրոպական երկրներն այն դիտարկում էին որպես Իրանի հետ հետագա հարաբերությունների զարգացման առանցքային մեխանիզմ: Սակայն 2019 թվականը ցույց տվեց, որ միջուկային գործարքը դատապարտված է տապալման:

Իրանական կողմը ԵՄ-ի կողմից միջուկային գործարքը ստորագրած «Եռյակից» (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) ամուր երաշխիքներ է պահանջում միջուկային գործարքի շրջանակներում իրանական շահերի պաշտպանության համար: Եվ թեև միջուկային գործարքի անդամ ԵՄ եռյակը փորձում է որոշ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, մասնավորապես, փորձելով գործարկել Իրանի հետ միջբանկային INSTEX համակարգը, սակայն որևէ զգալի արդյունք մինչ այժմ չկա: Արդյունքում, Իրանը շարունակաբար կրճատում է միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունները՝ սպառնալով ամբողջությամբ դուրս գալ գործարքից, եթե Եվրոպան չկարողանա պաշտպանել իրանական տնտեսությունը ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունից:

Պետք է արձանագրել նաև, որ եվրոպական երկրները շարունակական ճնշման են ենթարկվում Միացյալ Նահանգների, ինչպես նաև Իսրայելի կողմից Իրանի հետ հարաբերությունները խզելու և հակաիրանական արշավին միանալու համար: Այնուամենայնիվ, ԵՄ-ի գլխավոր խնդիրը ներկա փուլում Իրանի հետ համագործակցության պահպանումն է: Տնտեսական և անվտանգային շահերից ելնելով՝ ԵՄ-ն փորձելու է պահպանել Իրանի հետ համագործակցությունը միջուկային համաձայնագրի շրջանակներում կամ դրա վերջնական տապալման դեպքում որևէ այլ ձևաչափով:

Իրանի հարաբերությունները հարավկովկասյան տարածաշրջանի հետ զգուշավոր բնույթ են կրում

Թուրք-իրանական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել իրենց հակասական բնույթով: Երկու երկրների դիրքորոշումները տարբեր միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ ոչ միշտ են համընկնում: Եվ այս ողջ հակասականությամբ հանդերձ՝ երկու երկրների հարաբերություններում առկա միտումները փաստում են այն մասին, որ ներկա փուլում Թուրքիայի և Իրանի շահերն ավելի շատ են հատվում, ինչն էլ, իր հերթին, նպաստում է թուրք-իրանական համագործակցության զարգացմանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Երկկողմ համագործակցության վրա դրական է ազդում նաև այն հանգամանքը, որ Թուրքիան հայտարարել է, որ չի աջակցում ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին և պատրաստ է շարունակել զարգացնել իր հարաբերություններն Իրանի հետ:

Չնայած Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան) միջև միջուկային համաձայնագրի կնքումից հետո վրաց-իրանական հարաբերություններում նկատվող զգալի դրական դինամիկային՝ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնումից հետո Վրաստանը էական զգուշավորություն է ցուցաբերում Թեհրանի հանդեպ իր քաղաքականության հարցում: Ձգտելով հնարավորինս պահպանել Իրանի հետ համագործակցությունը գործող ձևաչափերի և համատեղ նախագծերի շրջանակներում՝ Վրաստանը խուսափում է իրանական ուղղությամբ հավելյալ նախաձեռնողականություն դրսևորելուց՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ սերտ հարաբերությունների փաստը: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Վրաստանը փորձում է համահունչ լինել Իրանի հարցում ԵՄ քաղաքականության հետ:

Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան հարաբերություններին, ապա պետք է նշել, որ վերջին 5 տարիների ընթացքում երկու երկրների հարաբերություններում զգալի դրական տեղաշարժ է արձանագրվել, այդ թվում նաև տնտեսական համագործակցության ոլորտում: Սակայն ներկա փուլում չնայած ադրբեջանական կողմից պաշտոնական մակարդակով որդեգրված չեզոքությանը և Իրանի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությանը՝ Ադրբեջանը փաստացի զգուշավորություն է ցուցաբերում Իրանի հետ հարաբերությունների հետագա խորացման հարցում, այդ թվում նաև հրաժարվելով էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցությունից (Ադրբեջանը դադարեցրել է Իրանի տարածքով գազի ներկրումը, որի մասին գործարքը 2016թ. համաձայնեցվել էր Ադրբեջանի, Իրանի և Թուրքմենստանի միջև): Ընդհանուր առմամբ, ներկա փուլում երկու երկրների հարաբերությունների վրա բացասական ազդեցություն են ունենում Իսրայելի հետ Ադրբեջանի խորացող համագործակցությունը և առկա լրջագույն մտահոգություններն այն մասին, որը Ադրբեջանը կարող է Իրանի դեմ հնարավոր գործողությունների համար պլացդարմ ծառայել:

Ներքաղաքական իրավիճակը Իրանում 2019 թվականին

2019 թվականին Իրանի արտաքին քաղաքական խնդիրներն իրենց զգալի ազդեցությունն ունեցան նաև ներքաղաքական կյանքի վրա: Իրանական ղեկավարությունը չի էլ հերքում, որ ամերիկյան պատժամիջոցները ծանր ազդեցություն են թողնում երկրի տնտեսության վրա: Արդյունքում, երկրում հաճախակի են դարձել տնտեսական տարբեր դրդապատճառներով բողոքի ակցիաները: Տարվա ընթացքում ծավալված բողոքի ակցիաներից ամենազանգվածայինը, թերևս, 2019 թվականի նոյեմբերին սկիզբ առած ցույցերն էին, որոնք ուղղված էին բենզինի գինը բարձրացնելու իշխանությունների որոշման դեմ: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի փետրվարին Իրանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխանությունները հաջողվում է չեզոքացնել երկրի կայունությանը սպառնացող վտանգները:

Հայ-իրանական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում

Իրանի արտաքին և ներքին խնդիրները, բնականաբար, զգալի մարտահրավերներ են ստեղծում Իրան-Հայաստան հարաբերությունների տեմպը պահելու և զարգացնելու համար: Մի կողմից, Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների փուլային վերականգնումը և Իրանի հետ համագործակցող երկրների նկատմամբ երկրորդական պատժամիջոցներ կիրառելու ամերիկյան կողմի սպառնալիքները, մյուս կողմից Իրանի տնտեսական ներուժի թուլացումը զգալի խոչընդոտում են հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը:

Եվ չնայած վերոնշյալ բոլոր խնդիրներին՝ 2019 թվականն ավելի քան արդյունավետ տարի էր Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Հայ-իրանական հարաբերությունները ոչ միայն կայուն զարգացում են ապրում, այլ նաև քաղաքական փոխըմբռնման բարձր մակարդակ են արձանագրում:

Ողջ տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակով շարունակվող քաղաքական երկխոսությունն ու փոխայցելությունները փաստում են հարաբերությունները զարգացնելու համար առկա երկուստեք պատրաստակամության մասին:

Իրանի նկատմամբ իրականացվող ամերիկյան «արշավի» համատեքստում Հայաստանին հաջողվեց հավաստիացնել Թեհրանին, որ բացառվելու է հայ-իրանական համագործակցությանը երրորդ երկրների միջամտությունը, և Հայաստանը պլացդարմ չի հանդիսանալու իրանական գործողությունների համար: Եվ Հայաստանի այս կառուցողական դիրքորոշումն, անշուշտ, գնահատվում է նաև իրանական իշխանությունների կողմից: Ընդ որում, Հայաստանի քաղաքականությունն ավելի է կարևորվում Իրանի նկատմամբ հարավկովկասյան մյուս երկու երկրների՝ Վրաստանի և Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականության ֆոնին, որոնք տարբեր դրդապատճառներից ելնելով, էական զգուշավորություն են ցուցաբերում Իրանի հետ հարաբերությունների զարգացման հարցում:

Տարեսկզբին ՀՀ վարչապետի այցը Թեհրան, ապա հոկտեմբերին Իրանի նախագահի այցը Երևան մեծապես նպաստեցին հայ-իրանական քաղաքական և տնտեսական օրակարգային հարցերի առաջմղմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության ձևաչափերում: Այդ հանդիպումների ընթացքում երկու երկրների ղեկավարները գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները զգալիորեն աճել են, իսկ համատեղ ծրագրերը (Մեղրի ՀԷԿ-ի կառուցում, էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարություն, գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիր և այլն) շարունակում են հաջողությամբ կյանքի կոչվել, ավելին, առկա է երկկողմ պատրաստակամություն նոր ծրագրեր մշակելու և կյանքի կոչելու համար:

Արփինե Հովսեփյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]