1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վանաձորում կանգնեցվել է զորավար Անդրանիկի առաջին բրոնզաձույլ հուշարձանը

Վանաձորում կանգնեցվել է զորավար Անդրանիկի առաջին բրոնզաձույլ հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաժողովրդական նվիրատվություններով, «Ինտերկապ» բարեգործական կենտրոն ՀԿ-ի նախաձեռնությամբ և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ Վանաձորում կանգնեցվել է զորավար Անդրանիկի առաջին բրոնզաձույլ հուշարձանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Լիբանանի «ՍՓՅՈՒՌՔ» հրատարակության ազդագրի թղթակիցը միջոցառման մասին զրուցել է նվիրատուների և նախաձեռնող խմբի անդամների հետ:

Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը նշել է, որ հայ հավատացյալ ժողովրդի համար զորավարի կերպարը ընկալվում է որպես քաջության, իմաստության և հայրենապաշտության խորհրդանիշ: «Նա զորավար է ողջ էությամբ, որը մշտապես փայլատակում է հայոց ազատագրական պայքարի պատմության էջերում: Սերունդներ են կրթվել ու ոգեշնչվել նրա հաղթանակներով: Նրա ազգային նկարագիրը համախմբել ու նորանոր պայքարների, հաղթանակների է առաջնորդել քաջարի հայորդիներին»,-ասել է առաջնորդը:

Նրա խոսքով` հայկական յուրաքանչյուր օջախում տիրոջ` երկնավոր փրկչի՝ Քրիստոսի պատկերից զատ մշտապես  պահպանվել է զորավարի պատկերը, իբրև հայրենյաց փրկչի, իբրև քաջ զորավարի, իբրև  հայդուկապետի,  քանզի այն զորություն է հաղորդում, քանզի այն օգնել է և օգնելու է մեզ, որպեսզի չշեղվենք մեր ինքնությունից, որի հոգևոր հիմքերը դրել են սուրբ Վարդանանք, սուրբ Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը: «Անդրանիկ զորավարը հատկապես երիտասարդ սերնդին պատգամում է, որ տեր կանգնեն պետականությանը, քանզի այն մեր ինքնության առհավատչյան է, իսկ հայ զինվորը ու զինական ուժը մեր գոյության գրավականը: Անդրանիկի գործը մեր բոլորիս գործն է, այն արդար է ու հաղթական: Մենք պիտի զորացնենք մեր ներկա  պետականությունն ու վերադարձնենք մեր կորուսյալ հայրենիքը: Անդրանիկը ցմահ անհաշտ մնաց հայի հողում օտարի տիրապետության հետ, ցմահ պայքարեց հայրենի հողի ազատագրման համար, տասնյակ հազարավոր   գաղթականներ ու որբեր փրկեց, որպեսզի հարատևի հայկազյան ազգը»,-ասել է արքեպիսկոպոսն ու հավելել, որ երախտագիտությունն է հայտնել քանդակագործին, ճարտարապետին, շինարարներին, վարպետներին և նախաձեռնողներին:

Ե.Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն էլ ընդգծել է, որ Անդրանիկի դյուցազնական կերպարը համահայկական է ու համազգային, բայց հայոց ամեն տարածաշրջանն ունի ի՛ր Անդրանիկը: «Այդպիսի մի տարածաշրջան էլ գեղատեսիլ Լոռին է, որի լեռներում ու հովիտներում զորավարը թողեց իր չարչարված հոգու մի նշանակալի մասը: Լոռեցին հպարտ է իր բաժին Անդրանիկով,  հպարտ է այն սիրով  ու ջերմությամբ, որ տածում էր զորավարը այս բնաշխարհի և նրա քաջարի ժողովրդի հանդեպ: Լոռեցին հպարտ է այն իրողությամբ, որ զորավարի մեծարանքին ու ակնածանքին արժանացած սակավ անձանցից ամենաառաջնայինը մեծանուն Հովհաննես Թումանյանն էր: Մեր ժողովրդի այս երկու երևելիների հոգևոր եղբայրությունն ու հարազատությունը համազոր օրինակ չուներ անցյալում, չունեցավ նաև հետագայում»,-ասել է Վարդանյանը:

Նա նշել է, որ մեծանուն լոռեցիների անդրանիկամեծարությունը անխաթար կերպով փոխանցվել է հետնորդներին, այդ թվում՝ «ԻՆՏԵՐԿԱՊ» բարեգործական միությանն ու նրա շուրջ համախմբված մարդկանց, որոնց ջանքերի շնորհիվ էլ Վանաձորն ունեցավ Զորավարի արձանը:

Խոսելով հուշարձանի կառուցման պատմական նշանակության մասին` Վանաձորի պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանը նշել է, որ Վանաձորում ասպետական զորավարի արձանը տեղադրելու գաղափարը գալիս է 1990 թվականից, երբ քաղաքի գլխավոր փողոցներից մեկը կոչվեց զորավար Անդրանիկի անունով և որոշվեց տեղադրել նրա արձանը։

«Անցան տարիներ, բայց այդ մտահաղացումը կյանքի կոչվեց մի շարք պատճառներով։ Այն, ինչ անցած մոտ երեսուն տարվա ընթացքում չարեցին, հաջողվեց իրականացնել «ԻՆՏԵՐԿԱՊ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։ Կենտրոնի հիմնադիր Նորայր Զուլոյանը Վանաձորում հայտնի է իր բարեգործական բազմաթիվ գործերով։ Երկար տարիներ անձամբ մոտիկից ճանաչելով նրան, տեղյակ եմ նրա գործունեությանը, որն արժանի է միայն դրվատանքի և ամենայն հարգանքի։ 1990-ական թվականների սոցիալական ծանր պայմաններում, իր անձնական կապերի շնորհիվ, նա եվրոպական երկրներից բազմաբնույթ օգնություններ բերեց և հատկացրեց սոցիալապես անապահով հազարավոր մարդկանց, կրթական օջախներին ու բուժհիմնարկներին`  աղետի գոտում ու Արցախում և ամենուր նրան այսօր էլ հիշում են երախտագիտությամբ։ Իսկ որպես արձանի կառուցման նախաձեռնող խմբի անդամ տեղյակ եմ, թե ինչպիսի դժվարություններ հաղթահարեց, որքան ջանք, եռանդ ու նվիրում դրսևորեց այս հիրավի հայրենանվեր գործը գլուխ բերելու համար»,-պատմել է նա:

ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դասախոս, պատմաբան Ռուբեն Պարսամյանը հիշել է, որ տարբեր առիթներով, ուսանողության, թե այլ հանրույթների հետ շփվելով մշտապես շեշտել ու շեշտելու է այն հիմնարար դրույթը, որ մեզ հարկավոր է հենվել մեր պատմության վեհություն և հզորություն հաղորդող ազդակների վրա, նման մոտեցումը անհրաժեշտ է առկա մարտահրավերներին դիմակայելու և հետագա ազգային ընթացքը սնելու համար: «Այդ իսկ առումով այնպիսի վեհատեսիլ ու հաղթական անհատ, ինչպիսին Զորավար Անդրանիկն է, մեր համար եղել է ու կմնա դրական ազդակ, կմնա անմար փարոս: Ու երբ գլուխներս բարձին դնելուց առաջ ամեն անգամ նրա պես հաշվետու լինենք ինքներս մեզ, թե ինչ ենք արել այդ օրը երկրի ու ժողովրդի համար, ըստ այդմ էլ, անկասկած, հաղթական  կլինի մեր երթը:  Պատասխանեմ դասական մոտեցմամբ. անցյալի ուսումնասիրությունը մեզ հարկավոր է ներկան հասկանալու և ապագայում կողմնորոշվելու համար: Ներկա բարդ աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում (Արցախյան հիմնահարց, Սիրիական պատերազմ), երբ մեր պատմության ընթացքն է դառնում ոչ բարեկամ ուժերի և երկրների կողմից հարձակման առարկա, Անդրանիկի կերպարը, կյանքն ու գործը պիտի օգնեն մեր երկրին, առանձնապես երիտասարդությանը համախմբվելու և կազմակերպված հակահարված տալու մեր ինքնության դեմ ոտնձգություն կատարողներին, մեր պատմությունը խեղաթյուրողներին: Զորավարի գործը պիտի շարունակվի նաև գաղափարական ճակատամարտերում»,-շեշտել է պատմաբանը:

Քանդակի հեղինակ Գեղամ Բեգջանյանն էլ խոստովանել է, որ երբ իրեն առաջարկել են ձուլել արձանը, մեծ ոգևորություն է ապրել:

«Անչափ շնորհակալ եմ Նախաձեռնող խմբի բոլոր անդամներից վստահության համար: Նրանք շատ օգնեցին պատմական գրականությամբ, որը օգնեց ինձ խորապես ճանաչելու զորավարի կերպարը: Գաղափարը իրականացնելու համար շուրջ մեկ տարի չարչարվեցի, որ գոյություն ունեցող դասական արձաններից տարբերվի, ընկալվի որպես մեծ հայի հաղթանակող կերպարն ու գաղափարը: Անդրանիկը հայոց սրբազան հողի ու  ժայռերի ծնունդ է և ասում է: Թուրը պատյանից կիսով չափ հանած վիճակը արդեն պատգամ է` ներկա ու գալիք սերունդներին, որ զորավարի գործը կիսատ չթողեն և ազատագրեն մեր հայրենական տարածքները: Շատ ուրախ եմ, որ արձանը լավ ընդունվեց հանրության մեծամասնության կողմից, դա ինձ պարտավորեցնում և ոգևորում է ստեղծելու նոր գործեր»,-անկեղծորեն նշել է նա:

«ԼՈՌՈՒ ՄԱՐԶ» մարզային լրագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծ  Մանվել Միկոյանն էլ շեշտել է, որ  ձեռնարկումն աննախադեպ էր և սպասելի, քանի որ համաժողովրդական սերը հայ ժողովրդի լեգենդար զավակի հանդեպ խոր արմատներ ունի և ժամանակներն անզոր են,  այն հնարավոր չէ ջնջել կամ թաղել մոռացության փոշու տակ:

«Համոզված եմ, որ արձանի կառուցմամբ մեր քաղաքը լավ նվեր ստացավ, հուշարձանը և շրջական փոքրիկ պուրակը, որպես համաքաղաքային հանգստյան գոտու մի հատված, ազգային և համաքաղաքային տոներին իր դերը կունենա՝ միջոցառումներն ավելի բովանդակալից դարձնելու տեսակետից: Մեր համաքաղաքացիները, հատկապես նոր կյանք մտնող սերունդը, աշակերտներն ու ապագա զինվորներն ստացան ռազմահայրենասիրական, առհասարակ ազգային ոգով դաստիարակվելուն ուղղված լուսավոր մի վայր ու կերպար:  Զորավարի կյանքն ու գործը մշտապես ուղեկցել են հայությանը վերջին հարյուրամյակում և ուղեկցելու են այսուհետ մինչև մեր ազգային նպատակների լիակատար իրականացում: Մենք ու եկող սերունդները պարտավոր ենք, զինվորագրվելով անդրանիկյան ուխտին, շարունակել այն գործը, որն է՝ Արևմտյան Հայաստանի ազատագրությանը: Դրա համար է արձանի` Զորավարի սուրը պատյանից կիսով դուրս ելած: Հետևենք մեծն հայդուկապետի, ռազմիկի ու զորավարի պատգամներին և մշտապես հաշիվ տանք մեզ մեր ամենօրյա գործերում»,-եզրափակել է բանաստեղծը:

Վանաձորի թիվ  1 դպրոցի զինղեկ, փոխգնդապետ, արցախյան ազատամարտի վետերան և «ԻՆՏԵՐԿԱՊ» ՀԿ-ի փոխնախագահ Արկադի Մարտիրոսյանը շատ գնահատելի է համարել, որ կառուցումն իրականացավ համաժողովրդական նվիրատվություններով, որին մասնակցեցին, աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայեր, անգամ օտարերկրացիներ, ինչպես Բուլղարիայի Պաշտպանության նախարարությունը` ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանության միջնորդությամբ, ԱՄՆ-ում Նիկարագուայի հոգևոր առաջնորդ Արիել Օբրեգոնը և գերմանաբնակ եզդի բարեկամ Սուրեն Խանոյանը: «Հուզվեցի հատկապես Վանաձորի թիվ 2 դպրոցի 8-ամյա Գայանե Ղարաբեկյանի վերաբերմունքից, ով արտասահմանում, վաճառելով իր ստեղծած հուշարձանի ջրանկարի ողջ հասույթը` 200 ԱՄՆ դոլար, հատկացրել էր արձանի կառուցմանը: Այս մասին ես հաճախ եմ պատմում ռազմագիտություն առարկայի պարապմունքներին մասնակցող աշակերտներիս: Նրանց մեջ քիչ չեն պատանի երկրապահ դառնալ ցանկացողները, ծրագրում ենք օծման արարողությունները կազմակերպել զորավարի հուշարձանի մոտ»,-նշել է նա:

«ՎԱՆ ԱՐՅԱՆ» հրատարակության տնօրեն, գրող, հրապարակախոս, Վիլյամ Պողոսյանը
Անդրանիկ զորավարն իր ժողովրդի պես է համարել ու նշել, որ նա հազարամյակների եղելություն է: «Մեկ մարդու մեջ խտացված է ամբողջ մի ըմբոստ ազգի կենսագրություն: Այս հենց այսպես թեև լույս աշխարհ է եկել 1865 թ-ին , սակայն ինչպես Սասնա ծուռ Դավիթն է իր ժողովրդի հավաքական կերպարի խտացումը, այնպես էլ Անդրանիկը, մի  էական, շատ էական զուգադիպությամբ, որ եթե 1000 տարի առաջ ծնված լիներ, պետք է նրա նախատիպը լիներ: Այս իմաստով հեծ հայը մեր նոր սերնդին անհրաժեշտ է, որ այլևս ոչ մի ոսոխ չկարողանա մեր տեսակին սպառնալ ու հայրենազրկել»,-ասել է նա ու համոզմունք հայտնել, որ Անդրանիկի բրոնզաձույլ արձանը իր տարածքով, անշուշտ, կդառնա վանաձորցիների սիրված ու պաշտելի վայրերից մեկը»,-շեշտել է նա: 

Գրող, հրապարակախոս, անդրանիկագետ Ռուբեն Սիմոնյանը, խոսելով զորավարի սխրանքների մասին, նշել է, որ Սարդարապատի և Բաշ-Ապարանի հերոսամարտերից շուրջ մեկ ամիս առաջ՝ 1918-ի ապրիլին, Սիբիրից եկած արեւմտահայ 210 ռազմագերիների երթային վաշտի հիմքի վրա ձեւավորված իր՝ հայկական առանձին հարվածող զորամասով, Անդրանիկն առաջինն է Աշոցքի սարահարթում բազմօրյա ծանր կռիվների մեջ մտել թուրքերի նախահարձակ զորքերի հետ՝ անթերի կատարելով հայկական կորպուսի հրամանատար Թովմա Նազարբեկյանի մարտական հրահանգը: «Միայն Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) անկումից հետո (15 մայիսի), շրջապատումից խուսափելու համար Անդրանիկն իր զորքով եւ օրեցօր բազմապատկվող գաղթականներով նահանջում է Լոռու սարահարթ: Հակառակորդը, թարմ ուժերով համալրված, շարունակում է կատաղի հարձակումը: Հայկական առանձին հարվածող զորամասը, թուրքերի գերակշռող ուժերին երկու օր Ջալալօղլիում (այժմ Ստեփանավան) ճակատամարտ տալուց հետո, նորից կանգնում է շրջապատման փաստի առաջ եւ մայիսի 23-ին գաղթականների հետ անցնում Դսեղ: Այստեղ ազգային հերոսը հանդիպում է իր սրտակից եղբորը՝ Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանին:Զորավարը կորպուսի հրամանատարից առաջադրանք է ստանում՝ ամեն գնով պահել Դեբեդի ձորով անցնող երկաթգիծը, որով դեպի Թիֆլիս եւ Բաքու էր ձգտում հակառակորդը»,-պատմել է նա ու հավելել, որ Դսեղում դիրքավորված Անդրանիկն իր զորքով նաեւ անգործության է մատնում Ձորագետի հովիտ մտած թուրքական զորախմբին, որ չի կարողանում մասնակցել Ղարաքիլիսայի ճակատամարտին, ավելին, մեծահամբավ հայ զորավարի ահից զսպված են մնում Լոռու եւ Բորչալուի (այժմ՝ Մարնեուլի) վատահամբավ թուրքերը, որոնց հետախույզները վխտում էին մոտակա անտառներում:

«Ղարաքիլիսայի անկումից հետո, երբ շրջապատման նոր վտանգ էր առաջացել, Անդրանիկը Գուգարաց լեռներով զորքի եւ գաղթականների հետ անցնում է Դիլիջան: Այստեղ նա ստանում է Բաթումի պայմանագրի օրինակը, որով վավերացված էր Հայաստանի Հանրապետության ճանաչման փաստը: Սակայն այդ փաստաթուղթը թողնում է նաեւ ծանր տպավորություն: Հայաստանը 10 000 քառ. կիլոմետր տարածության վրա սահմանափակվում էր Երևանի շուրջ, հօգուտ թուրքերի եւ ադրբեջանցիների պոկվում էին Շիրակը, Լոռին, Կարսը, Իգդիրը, Նախիջեւանը, Սյունիքն ու Ղարաբաղը: Սպայակույտի խորհրդակցությունում որոշվում է չենթարկվել պայմանագրի պահանջներին: Կարելի է ասել, որ միայն Աստծո կամոք Անդրանիկյանները 1918-ի ամռանը հայտնվում են Բաթումի պայմանագրով Հայաստանի սահմաններից դուրս մնացած հայոց պատմական Սյունիքում: Դա ճիշտ այն ժամանակ էր, երբ իրենց դրության տեր կարծող թուրքերը, զորքեր կուտակելով Նախիջեւանում, ձգտում էին Շահբուզ-Սիսիան-Գորիս-Շուշի ճանապարհով մարտական կապ հաստատել Ադրբեջանի հետ»,-նշել  է գրողը:

Նրա խոսքով` թշնամու մտադրության իրականացման դեպքում նախճիրի կենթարկվեր Սյունիքի հայությունը՝ արժանանալով մեր եղեռնազրկված նահանգների ճակատագրին: «Պետական օգնությունից զրկված Անդրանիկն աներեւակայելի ջանքերով կազմակերպեց երկրամասի ինքնապաշտպանությունը, լեռնացավ եւ անհաղթահարելի արգելք դարձավ թուրքերի ճանապարհին: Այսպես` փրկվեցին շուրջ 80 000 սյունիքցիները, 35 000 գաղթականները, եւ Սյունիքը պաշտպանվեց ու պահպանվեց՝ որպես Հայաստանի անբաժանելի մաս: Հայոց հերոսապետն իր քաջարի զինվորների զենքերով ու կամքով վերախմբագրեց Բաթումի պայմանագիրը`  հօգուտ հայրենիքի: Փաստորեն հայկական նորաստեղծ պետության համար Զորավար Անդրանիկը սկսեց հողահավաքը, պահպանեց` սեպի պես թուրքականության սիրտը խրված երկրամասը, որով այսօր նորանկախ Հայաստանը սահման ունի իր հին հարեւանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,-եզրափակել է Սիմոնյանը:

Վանաձորի փոխքաղաքապետ, պատմական գիտությունների թեկնածու Արման Բեռնեցյանն էլ հպարտությամբ նշել է, որ զորավար Անդրանիկի արձանի կառուցումը Վանաձորի պատմության կարևոր էջերից է: «Կարծում եմ` ապագա սերունդները դա ևս կգնահատեն: Մենք ըստ ամենայնի աջակցեցինք «ԻՆՏԵՐԿԱՊ» ՀԿ-ին և լոռեցի երիտասարդ քանդակագործին, համոզված, որ մշակութային, հայրենասիրական դաստիարակության խորացման, մեր քաղաքի գեղագիտական տեսքը պարզեցնելու առումներով հիմնարար քայլ ենք արել: Ազգային-հայրենասիրական պայքարի ոգին թեժ պահելը անանց, մշտական ուշադրություն պահանջող և ամրապնդման անհրաժեշտություն ունեցող հիմնախնդիր է: Ուշացված է, բայց ոչ ուշ, պատմության դասագրքերում ուրույն տեղ հատկացվի Մեծն Զորավարի հերոսապատմանը: Իսկ ավելի լավ ձև ու բովանդակություն, քան մեր համայնքում մեծ հայի հուշարձանի կանգնեցումն ու նրա անդուլ հայաշահ գործի հանրահռչակում, կարծում եմ, դժվար է տեսնել: ԶորավարԱնդրանիկի գործը շարունակելը բոլորիս սրբազան պարտքն է ու դա ևս, որպես պատմաբան և մանկավարժ, արդեն ուղղում եմ ներկայի ու գալիքի բոլոր սերունդներին: Սովորենք Անդրանիկից և գնանք դեպի նա»,-եզրափակել է նա:

Վանաձորի տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Սերգեյ Մելիքյանը միանշանակ ասել է, որ մեծ ցանկությամբ և ուրախությամբ է մասնակցել արձանի կառուցման բոլոր փուլերի ձեռնարկումներում.  և ՛ հիմնարկեքին, և՛ պատվանդանի  կառուցմանը, և՛ արձանի ձուլման հետ առնչվող գործողություններին: «Աջակից և սատար եմ եղել երիտասարդ շնորհալի քանդակագործ  Գեղամ Բեգջանյանին, օգնել արձանի հիմնակմախքի կառուցմանը: Համարում եմ, որ կյանքիս լավագույն պահերից են այսօր արդեն հուշ դարձած  այդ օրերը:  Ինչպես կարող էի նման հայրենասիրական ձեռնարկման մեջ չլինել, արվեստագետն այնտեղ պետք լինի, ուր ժողովրդի սիրտն ու իղձերն են: Զորավարն իր կերպարով ինձ մշտապես ուղղորդել և ուղղորդելու է ինձ իմ այդ կողմնորոշման մեջ: Շատ տպավորիչ էր, երբ բացման օրը մասնակից դարձավ Երևանի «Զորավար Անդրանիկ» թանգարանի համահիմնադիր տիկին Ժորժետա Առաքելյան-Բեգլարյանը, ով իր հետ բերել էր զորավարի մարտական թուրը, որը ժամանակավոր ի պահ տրվեց Արցախյան ազատամարտի երախտավոր և «ԼՈՌՎԱԱՍՊԵՏ» տիտղոսակիր գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանին: Ես գյումրեցի եմ, Հայաստանի մշակութային մայրաքաղաքից: Ապրելով և ստեղծագործելով  Վանաձորում, միշտ մտածել եմ, որ այստեղ ևս հասարակությունը պիտի տեսնի ու զգա Զորավարի ներկայությունը, այստեղ  ևս, ինչպես Գյումրիում, Ուջանում նրա փառահեղ  կերպարը ուղեկցող պիտի լինի յուրաքանչյուր հայորդու, ուստրերին և դուստրերին, ինչպես  Փարիզում` Պեր Լաշեզում  է սփյուռքահայի համար: Պեր Լաշեզում ես դա տեսել և զգացել եմ, իսկ ինչո՞ւ Վանաձորում չպիտի լիներ:

Այդ առումով, իհարկե, կարծում եմ, որ շնորհակալ  և ազգաշահ գործ  արեցինք մեր Նախաձեռնող խմբով: Ինչպես մեր սրբազան լեռը` Արարատն է խորհրդանշում հայության համախմբում, այնպես էլ Զորավարը. դա է սույն ձեռնարկման  խորհուրդը: Դա կայացել է: Ասեմ ավելին` ազնվացնող և ոգեկոչող միջավայր է ստեղծվել Վանաձորում: Արդեն այստեղ նորապսակ զույգեր են գալիս հավերժացնելու իրենց համատեղ կյանքի առաջին օրը, իսկ դա շատ բան է նշանակում»,-շեշտել է Տիկնիկային թատրոնի տնօրենը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]