Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս

Վարչապետը կառավարության նիստում ամփոփել է 2019 թ. տնտեսական ցուցանիշները

Վարչապետը կառավարության նիստում ամփոփել է 2019 թ. տնտեսական ցուցանիշները

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ամփոփել է 2019 թվականի տնտեսական ցուցանիշները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ներկայացրել է քննարկման ամբողջական սղագրությունը:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

 

Սկսում ենք 2019 թ. կառավարության ամփոփիչ նիստը և պետք է արձանագրենք, որ տարին փակում ենք բավական լավ տրամադրությամբ: Երեկ Ազգային վիճակագրության կոմիտեն հրապարակել է նոյեմբեր ամսվա և 11 ամիսների տնտեսական ցուցանիշները: Պետք է արձանագրել, որ նոյեմբեր ամիսը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է 2019 թ. համար. մասնավորապես, տնտեսական ակտիվության 10.1 տոկոս ցուցանիշ ունենք: Ընդ որում, շատ կարևոր է, որ ապրանքների արտահանման աճ ունենք՝ 25.7 տոկոս, առևտրի շրջանառությունն աճել է 11.9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 11.6 տոկոսով, շինարարությունը՝ 4.8 տոկոսով:

Սա նոյեմբերի ցուցանիշներն էին: 11 ամսվա արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.5 տոկոս է, արդյունաբերության աճը՝ 9.3 տոկոս,  արտահանման աճը՝ 9 տոկոս: Սրանք իսկապես բավական լավ ցուցանիշներ են, և նորից ուզում եմ կրկնել, որ, ի վերջո, արձանագրում են, որ այն գաղափարախոսությունը, որ մենք դրել ենք տնտեսական զարգացման հիմքում, ռեալ աշխատում է Հայաստանի Հանրապետությունում: Սա շատ կարևոր արձանագրում է:

Պարոն Խաչատրյան, ի՞նչ հավելյալ տվյալներ կարող եք հաղորդել այս ցուցանիշների համատեքստում:

 

Էկոնոմիկայի նախարար Տիգրան  Խաչատրյան – Շնորհակալություն:

 

Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ,

հրապարակված որոշ ցուցանիշներում նաև փորձել ենք վերլուծություն կատարել՝ օգտվելով Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ տվյալներից, թե որոնք են հատկապես այն զարգացումները, որոնք արտահանման նման բարձր ցուցանիշների պատճառ են դարձել, արդյունք են ապահովել:

Պարոն վարչապետ, ինչպես և  տարեսկզբին ակնկալում էինք, ունենք շատ դրական զարգացումներ ապրանքների արտահանման որոշ խմբերում: 11 ամիսների ընթացքում մենք ունենք կոնյակի արտահանման աճ՝ մոտ 27 տոկոսով: Համարում ենք սա շատ կարևոր, որովհետև ուղիղ ձևով ապահովում է նաև մեր գյուղատնտեսական ոլորտի զարգացումը: Կարծում ենք, որ առաջիկա տարիների ընթացքում այս ուղղությամբ զարգացումները շարունակվելու են՝ հատկապես նկատի ունենալով, որ գինիների արտահանումը 11 ամիսների ընթացքում հանրագումարով աճել է 50 տոկոսով: Սա նոր զարգացում է մեր տնտեսության մեջ: Նախորդ վերջին 2 տարիների ընթացքում որոշ զարգացման միտումներ արդեն նկատելի էին, սակայն այն, որ այս տարի մենք ունենք 11 ամիսների ընթացքում 24 մլն դոլար ընդհանուր աժեքով գինիների արտահանում, որը 50 տոկոսով ավելի է, մեր նախորդ տարվա ցուցանիշը շատ հուսադրող և կարևոր ցուցանիշ է: Հատկապես հատկանշական են այդ թվում մրգային գինիները, որ տարվա ընթացքում նույնպես նկատելի է եղել դրանց տարբերվող  առաջանցիկ աճը, աճած են եղել 75 տոկոսով, այսինքն՝ այս ոլորտում նույնպես մենք ունենք շատ զգալի ձեռքբերում: Ունեցել ենք բուսական ծագման արտադրանքի արտահանման աճ՝ 18.5 տոկոսով: Սրանք հիմնականում ջերմատնային պայմաններում աճեցված կուլտուրաներն են: Շատ մեծ աճ ունենք հատկապես վարունգի և ելակի արտահանման ուղղությամբ: Այս տարվա ընթացքում ունեցել ենք շոկոլադի արտադրանքի արտահանում՝ մոտավորապես 15 տոկոսով, որը նույնպես նոր զարգացում է մեր տնտեսության մեջ: Մեկը՝ խոշոր, մյուսը՝ համեմատաբար խոշոր արտադրողներ շատ լավատեսորեն են տրամադրված իրենց արտահանման շուկաներում  հետագա ընդլայնման հնարավորությունների հարցում: Այս բոլորը միասին նշանակում է, որ տարին, կարծում ենք, պետք է ամփոփենք առնվազն 7.5 տոկոս տնտեսական աճով, և մեր արտահանումը տարեկան կլինի առնվազն 10 տոկոս: Հիմա արդեն կարող ենք ասել, որ այդ ցուցանիշները շատ իրատեսական են: Եթե մի քանի ամիս առաջ մենք կանխատեսում էինք այդպիսի բարձր լավ ցուցանիշներ, ապա 11 ամիսների արդյունքերը վկայում են, որ այդտեղ այլևս կասկածելու բան չկա: 2020 թ. ենք մտնելու շատ լավ տնտեսական հիմքով: Շնորհակալ եմ:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան: Ես երկու թեմայի կուզենայի անդրադառնալ:

Իսկապես գինու արտահանման ցուցանիշները շատ կարևոր են և հուսադրող, բայց ես ուզում եմ մեր ուշադրությունը դարձնել մրգային գինիների արտահանման ցուցանիշներին: Ընդ որում, ամենախոշոր աճ ցույց տվող ոլորտն է՝ 11 ամսվա տվյալով 75 տոկոս: Ինչո՞վ է հետաքրքիր այս ոլորտը, որովհետև կարծում եմ, որ Հայաստանում նոր բրենդի, նոր խմիչքի ձևավորման պրոցես է տեղի ունենում: Գիտեք, որ աշխարհում մրգային գինիներն այդքան էլ տարածված չեն: Փաստորեն այս ցուցանիշները ցույց են տալիս, որ իրենք կարող են առնվազն բավական լուրջ հետաքրքրություն առաջացնել արտաքին շուկաներում և, ըստ էության, հայկական «նոու հաու»-ի էլեմենտներ են կրում իրենց մեջ:

Երկրորդը՝ իսկապես շատ կարևոր են ելակի և վարունգի արտահանման ցուցանիշները, որովհետև սա, ըստ էության, համընկնում է գյուղատնտեսության արդյունաբերականացման մեր տեսլականի հետ, այսինքն՝ գյուղատնտեսությունում միավոր աշխատանքի արդյունքում ձեռք բերված արդյունքը մեծանում է: Իհարկե շատ լավ է, որ Դուք, անդրադառնալով տնտեսական աճի հնարավոր ցուցանիշին, արդեն 7.5 տոկոսն իրատեսական եք համարում: Ես կուզենայի նաև Կենտրոնական բանկի կարծիքը լսել այս առիթով:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Իհարկե, մենք  վերջին հրապարակման մեջ նշել էինք 7.2 տոկոս, բայց ՏԱՑ-ի ցուցանիշը հրապարակելուց հետո մենք վերանայել ենք՝ 7.3-7.4 տոկոս, ռիսկերը վերև՝ մեր լեզվով ասած: Դա նշանակում է, որ ես կիսում եմ իմ գործընկերոջ տված գնահատականը, ընդ որում, տնտեսական աճի հիմքում ընկած ամենակարևոր գործոններից են նաև պահպանվող և ամրապնդվող մակրոտնտեսական կայունությունը, ցածր գնաճը, ֆինանսական կայունությունը և նվազող պետական պարտքը: Սրանք անհրաժեշտ պայմաններ են ներդրումների և տնտեսական աճի համար, քանի որ ամրապնդում են մարդկանց վստահությունն ապագայի նկատմամբ:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ, պարոն Ջավադյան: Ես կարծում եմ, որ շատ կարևոր է արձանագրել, որ այս տարի տնտեսական ակտիվության ցուցանիշը հետաքրքիր վարքագիծ է դրսևորում, մասնավորապես, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին: Սեպտեմբերին մենք ունեցանք 7.5 տոկոս, հոկտեմբերին՝ 8 տոկոս, իսկ նոյեմբերին՝ արդեն 10.1 տոկոս, այսինքն՝ այս դինամիկան ինքնին շատ կարևոր է: Կարևոր է արձանագրել նաև, որ պետական բյուջեի հարկային հավաքագրումների առումով նույնպես մենք շատ էական և շոշափելի ցուցանիշներ ունենք: Պարոն Անանյան, ի՞նչ ենք սպասում այս տարի այդ առումով:

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյան- Շնորհակալություն, պարոն վարչապետ: Սպասում ենք, որ պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը, հանած ավելացված արժեքի հարկի բոլոր վերադարձները, լինելու է տրիլիոն 461-ի շրջանակում: Եթե մենք մի պահ հին ավելացված արժեքի հարկի դեբետների ցուցանիշը, որը կանխատեսվում է, որ կլինի շուրջ 42 մլրդ դրամի վերադարձ, այսօր արդեն մենք ունենք 40.5 մլրդ դրամի վերադարձ, ապա եթե հիպոթետիկ գումարենք այդ 42 մլրդ դրամը տրիլիոն 461-ին, մենք, ըստ էության, ունենք տրիլիոն 502-ի շրջանակում փաստացի կատարողական: Եվ սա է եղել այն, կարելի է ասել, հիմքը, որի հիման վրա մենք որոշում ենք կայացրել նաև հին պարտքերը վերադարձնել: Բայց զուտ ֆինանսական տեսանկյունից, ինչպես Դուք եք միշտ սիրում կրկնել, հաշվապահական տեսանկյունից կամ հաշվառման տեսանկյունից, մեր փաստացի կատարողականը լինելու է տրիլիոն 461-ի շրջանակում:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այստեղ պարզաբանման անհրաժեշտություն կա, որովհետև 2 կամ 1 օր առաջ ես իմ ֆեյսբուքյան էջում գրել եմ, որ այս տարվա բյուջեի եկամուտները կգերակատարվեն առնվազն 89 մլրդ դրամով: Հիմա դուք այլ ցուցանիշ եք ասում:  Նույն տրամաբանության մեջ մենք կարող ենք ձգտել մինչև 100 մլրդ դրամի գերակատարման, բայց այստեղ կարևոր է արձանագրել հետևյալը, որ մենք որոշում ենք կայացրել մոտավորապես 56 մլրդ դրամի նախկինում կուտակված ավելացված արժեքի հարկի պարտքերը վերադարձնել: Այսինքն, դրանք, այսպես ասած, հուսահատ պարտքեր էին, որը երբեք Հայաստանի Հանրապետությունում չի վերադարձվել, և դա կուտակվել է երկար տարիների ընթացքում: Եվ, հետևաբար, բյուջեի կատարման զուտ փաստաթղթային առումով արտահայտվելու է այդ թիվը, այսինքն՝ հավաքագրումը հանած այն թիվը, որը մենք վերադարձրել ենք տնտեսվարողներին, տնտեսությանը հին ավելացված արժեքի հին դեբետների մասով: Բայց սա նշանակում է, որ մենք այդ գումարը հավաքել ենք կամ կարող էինք հավաքել և հավաքել ենք և վերադարձրել ենք, ինչը մեր ցուցանիշը չի փոխում: Այսինքն` կա հաշվապահական զուտ տրամաբանություն, և կա փաստացի տրամաբանություն: Փաստացի տրամաբանությունն այն է, որ 90 մլրդ-ից ավելի հարկային հավաքագրումներ կունենանք: 

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյան - Ձեր ասած տրամաբանությամբ և մեթոդաբանությամբ 89 մլրդը, որ Ձեզ ներկայացրել էի, փաստացի լինելու է 101 մլրդ-ի շրջանակում, 89 մլրդը դեկտեմբերի 23-ի դրությամբ: Մի շատ կարևոր բան կուզենայի ասել, պարոն վարչապետ. մեր ընդդիմախոսները մեզ ասում են, որ հասկանալի է ավտոմեքենաների այս ծավալի պայմաններում կարելի էր ապահովել այդպիսի եկամուտներ: Ես 2 թիվ եմ ուզում հնչեցնել, որ նախորդ տարվա համեմատ ավտոմեքենաների ներհոսքի այս աննախադեպ ծավալի արդյունքում պետական բյուջե ավելի հավաքագրումները 55 մլրդ-ի շրջանակում են: Մի շատ կարևոր բան էլ  եմ ուզում ասել՝ եթե մենք վերցնենք 2018 թվականը, մենք վերադարձրել ենք 97 մլրդ ԱԱՀ, այսօրվա դրությամբ այդ ցուցանիշը 153 մլրդ է: Մենք, հավելյալ 55 մլրդ հավաքագրելով, որը հաջորդ տարի չենք ունենալու, ամենայն հավանականությամբ, նաև հետ ենք վերադարձրել շուրջ 65 մլրդ դրամ:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ավտոմեքենաների ներկրումից մենք ինչքա՞ն էինք պլանավորել:

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյան - Մենք պլանավորել էինք, որ կունենանք մոտավորապես 55-60 մլրդ, բայց ունենալու ենք մոտավորապես 90 մլրդ: Ես համեմատական եմ անցկացնում նախորդ տարվա փաստացիի հետ՝ այս տարի երեկվա դրությամբ ունենք մոտ 88-90 մլրդ, նախորդ տարի 36 մլրդ ենք հավաքագրել ավտոմեքենաներից, այսինքն՝ 54-55 մլրդ այսօրվա դրությամբ կարելի է ասել, ավելի, բայց այդ ավելի հավաքագրվածի վրա ևս մոտ 10 մլրդ ավելացրել ենք, հետ ենք վերադարձրել տնտեսությանը, որը մեր ծրագրային ցուցանիշը նվազեցրել է:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Այսինքն՝ մենք մյուս կողմից,  այսպես կոչված, գերավճարների ինստիտուտն ենք ընդհանրապես վերացրել:

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյան - Կարելի է ասել, որ վերացրել ենք, բայց, եթե հիշում եք, ես մի անգամ Ձեզ ցուցանիշ եմ ներկայացրել: 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ գերավճարների հանրագումարային մեծությունը կազմել է 275 մլրդ դրամ, երեկվա դրությամբ այն կազմում է 82 մլրդ դրամ:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Այսինքն՝ համարյա 200 մլրդ-ով պակասեցրել ենք:

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյան - Այո: Եվ հանրության համար այս հայտարարությունն այնքանով է կարևոր, որ, այո, մենք հաջորդ տարի ավտոմեքենաների աննախադեպ այս աճը, ամենայն հավանականությամբ չենք ունենալու՝ օրենսդրական փոփոխությունների պայմաններում: Բայց դա մեզ չի մտահոգում, որովհետև պետական բյուջեի հարկային  եկամուտների ծրագրային ցուցանիշը, որը պլանավորել ենք հաջորդ տարվա համար, կատարելու ենք և, ինչպես պայմանավորվել ենք իրար հետ, նաև գերակատարելու ենք:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Այո, այդ նախադասությունը միայն ինձ այդտեղից պետք է խմբագրել, որ ասում եք՝ 55 մլրդ չենք ունենալու: 55 մլրդ չենք ունենալու այդտեղից, ունենալու ենք 100 մլրդ ուրիշ տեղից, այսինքն՝ այս տրամաբանությունը շատ կարևոր է արձանագրել:  Խնդրեմ, պարոն Ջավադյան:

 

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան - Ուղղակի ամրապնդելով իմ գործընկերների ասածները՝ ուզում եմ ասել, որ մենք այսօր էլ շարունակում ենք աճուրդ հայտարարել շուկայում, և դա խոսում է հենց ֆինանսական հոսքերի և էքսպորտի ծավալի աճի մասին: Այս պահին մենք արտարժույթի առք ենք արել՝ 557 մլն, և մեր միջազգային պահուստենները հասել են աննախադեպ մակարդակի: Այս պահին մենք անեցել ենք 2.7 մլրդ ցուցանիշը:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Շատ լավ է: Պարոն Ջանջուղազյան, Դուք չգիտեմ կհիշեք, թե ոչ, բայց մեր բյուջեի գերակատարման ի՞նչ վիճակագրություն ունենք ընդհանրապես: Վերջին անգամ ե՞րբ է այս ծավալներով Հայաստանի Հանրապետությունում բյուջեն գերակատարվել:

 

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան - Պարոն վարչապետ, առաջին անգամը եղել է 2004 թ. հավանաբար, որովհետև մինչև 2002 թ. ունեցել ենք խորը խնդիրներ, որոնք հանգեցրել են բյուջետային պարտքերի առաջացման: Եվ, ըստ էության, 2002 թ. առաջին անգամ է, որ գերակատարում է եղել: 2004 թվականն ինչո՞ւ է տպավորված, որովհետև դա այն տարին է եղել, երբ լրացուցիչ բյուջե է ներկայացվել Ազգային ժողովի կողմից հաստատվել է: Տոկոսային հարաբերությամբ հիմա կդժվարանամ ասել՝ համադրելի՞ էր, թե՞ ոչ: Իսկ դրան հաջորդող տարիներին շատ տարբեր պատկերներ ենք ունեցել անվանական արտահայտությամբ՝ թե՛ գերակատարման, թե՛ թերակատարման տարի է եղել նաև: Այստեղ պետք է նաև նկատի ունենալ, որ կարևորը՝ հարկեր-ՀՆԱ  ցուցանիշը, որի վերաբերյալ մենք դատողություն կանենք այն ժամանակ, երբ ՀՆԱ-ի անվանական մեծությունն արդեն հայտնի կլինի, և կտեսնենք, թե ինչքանով է մեզ հաջողվել լուծել այն խնդիրը, որ առաջացած հարկերը ամբողջությամբ կամ ինչ չափով են առաջացած հարկերը համալրել պետական բյուջեն: Թվով արտահայտած՝ հարցի կոնկրետ ուղիղ պատասխանը, թե արդյոք որևէ տարի եղել է, որ  հարկային եկամուտների այս չափի աճ ունենանք՝ ծրագրայինի հետ համեմատած, կդժվարանամ հիմա ներկայացնել, բայց ցուցանիշները կարելի է նայել:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Կարծում եմ՝ հետաքրքիր ցուցանիշ է, պետք է ճշտել: Կճշտեք, որովհետև դա կարևոր է:

 

Հարգելի գործընկերներ, քանի որ տարեվերջյան նիստն է, և, ըստ էության, արդեն Ամանորին ենք մոտենում, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը շատ քննարկվեց և, բարեբախտաբար, քննարկումները շատ արագ դադարեցին: Խոսքը նրա մասին է, որ մենք 270 մլն դրամ հատկացրել ենք ամանորյա միջոցառումների իրականացման համար Երևանի քաղաքապետարանին: Եվ դա շատ մեծ քննարկումների տեղիք տվեց, բայց այն, ինչ մենք ստացանք և ստանալու ենք, կարծես թե դրա արդյունքում քննարկումները դադարեցին:

 

Ես կարևոր եմ համարում ընդգծել, որ այս որոշման հիմքում 2 հայեցակարգային մոտեցում է դրված: Առաջինը, որ ընդհանուր առմամբ մենք պայմանավորվել ենք, որ  պետք է մեր քաղաքականությունն ուղղված լինի հնարավորություններ ստեղծելուն և հնարավորություններն ընդլայնելուն: Եվ այս առումով ուզում եմ ընդգծել, որովհետև  այդ թեման շատ է շոշափվում: Մենք ընդհանրապես պետական միջոցների ծախսման առավել երկար հետագիծ պետք է կարողանանք որդեգրել, որպեսզի պետական միջոցները ծախսվելիս իրենց հետևից ավելի մեծ արդյունք բերեն, ավելացված արժեք բերեն: Սա մի հարց է, որը ծավալուն է, և առաջիկայում,  իհարկե, մենք առիթ կունենանք դրանք քննարկելու: 

 

Երկրորդը՝ մենք խնդիր ենք դնում, որպեսզի Ամանորը նշելու մթնոլորտը, միջավայրը որոշակի փոփոխություն կրի: Գիտեք, որ երկար տարիներ ընդունված է Հայաստանի Հանրապետությունում, և դա դառնում էր գրեթե համատարած թրենդ, որ մարդիկ Ամանորը նախընտրում էին նշել Հայաստանի Հանրապետությունից դուրս, որովհետև Ամանորի նշելու այն պայմանները, որոնք գոյություն ունեն Հայաստանի Հանրապետությունում, բազմաթիվ մարդկանց համար ստեղծում են բազմաթիվ խնդիրներ: Մենք խնդիր ենք դրել, և դա, ընդ որում,  շատ կարևոր խնդիր է, այդ թվում ազգային ինքնության պահպանման տեսակետից, ստեղծել բոլորովին նոր պայմաններ, և ոչ թե Ամանորը լինի մի տոն, որտեղ մարդիկ հնարավորինս փոքր խմբերով, կամ  միջին չափի խմբերով առանձնանում են, կղզիանում են և այդպես են նշում: Մենք ուզում ենք Ամանորը Հայաստանի Հանրապետությունում դարձնել իրոք հանրային տոն, որտեղ հանրությունը, ժողովուրը միասին նշելու հարթակ ունի և, ընդ որու,մ այդ պարտադիր ծախսերի տրամաբանությունը հնարավորինս նվազեցնել: Ցույց տալ, որ կարելի է ավելի շատ տրամադրության տոն սարքել, քան թե ուտելիքի տոն, որը վերածվում է հետո որոշակի դեպրեսիվ վիճակների: Եվ այս առումով ես ուզում եմ ընդգծել նաև, որ մենք այս տարի աշխատել ենք, որպեսզի Ամանորի մշակութային կյանքը լինի բավական աշխույժ: Կխնդրեմ՝ ԿԳՄՍ նախարարը ներկայացնի այն նոր շրջանակը, որ մենք Ամանորին ունենալու ենք մշակութային կյանքում:

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան - Շնորհակալություն: Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, իրոք մեր մշակութային կյանքում Ամանորի օրերն աննախադեպ են լինելու, որովհետև դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը մեր մշակութային կյանքը զրոյանում էր նախորդ տարիներին: Մենք այս տարի նաև Ձեր հանձնարարականների շրջանակում փոխել ենք իրավիճակը, և ուզում եմ ասել, որ, օրինակ, նախկինում թատրոններում մենք գրեթե չէինք ունենում դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը որևէ ներկայացում, ապա այս տարում մենք ունենալու ենք մոտ 20 ներկայացում, որոնք լինելու են բազմազան ներկայացումներ՝ մեծերի համար, փոքրերի համար և ընտանիքով հաճախելու համար: Մասնավորապես, մի ավանդույթ ենք ներդնում, որը կարող են իրենց թույլ տալ քիչ երկրներ, համենայնդեպս, ես ուսումնասիրել եմ և տեսել եմ, որ այդ ավանդույթը քիչ երկրներում կա՝ շատ գեղեցիկ համերգով ամփոփել, հիմնականում դասական երաժշտության համերգով ամփոփել տարին և տարին հետաքրքիր սկսել հենց այդ նույն համերգով: Դեկտեմբերի 31-ին Սիմֆոնիկ նվագախմբի  և մշակույթի մի շարք գործիչների հետ միասին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի է ունենալու շատ գեղեցիկ միջոցառում, որին կոչ ենք անում ակտիվ մասնակցություն ունենալ և դիտել այդ շոուն: Ես, ճիշտն ասած, մեր գործընկերներին նվիրել եմ տոմսեր՝ Սունդուկյանի անվան թատրոնի «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման տոմսերն են, որը տարվա լավագույն ներկայացումներից է: Ես ուզում եմ շեշտել, որ այստեղ հրավիրատոմսեր չեն, այլ տոմսեր են, որոնք ես գնել եմ և նվիրում եմ իմ գործընկերներին:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Ձեր անձնական միջոցների՞ց եք գնել:

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան - Անձնական միջոցներից, բնականաբար: Սա ուղերձ է, որ մենք, այսպես ասած, սննդային  պարտադիր ծախսերից անցնենք մշակութային օբյեկտներ հաճախելու, տոմսեր գնելու պարտադիր ծախսերին, որովհետև դա հետաքրքիր է, մշակութային առումով հավելյալ արժեք է ստեղծում և հնարավորություն է նաև ընտանեկան այլ միջավայրում անցկացնել հետաքրքիր ժամանակը: Երևանի տոնակատարությունների մասին Դուք արդեն նշեցիք, Երևանի մի շարք մշակութային հաստատությունները նույնպես աշխատելու են այդ օրերին: Ես քիչ առաջ իմացա, որ Կենդանաբանական այգին, «Մհեր Մկրտչյան» թատրոնը, «Պատանի հանդիսատես» թատրոնը, մեր «Տիկնիկային» թատրոնն է լինելու, Սունդուկյանի անվան թատրոնը, Սոս Սարգսյանի անվան թատրոնը: Ես չեմ ուզում թվարկել, մեր կայքում այդ ամեն ինչը կա:

 

Ուզում եմ շնորհակալություն հայտնել հեռուստաընկերություններին. մենք մի արշավ ենք սկսել այս նախաձեռնության հետ կապված, և հեռուստաընկերությունները մեզ ընդառաջել են և իրենց հաղորդումների մի հատվածը նվիրում են սրան, որպեսզի մենք հանրահռչակենք այս իրադարձությունները: Թանգարաններն են բաց լինելու. կարող եմ թվել այն թանգարանները, որոնք իրենց դռները բացելու են տոնական օրերին՝ Չարենցի անվան գրականության թանգարան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ, Հովհաննես Թումանյանի թանգարան, Սերգեյ Փարաջանովի թանգարան, Երվանդ Քոչարի թանգարան, Ռուսական արվեստի թանգարան, Հայաստանի պատմության թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահի թանգարան: Պարոն վարչապետ, ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր այս հաստատությունների և հիմնարկների աշխատակիցներին, որոնք միացել են մեր այս արշավին  և իրենց լուման են ներդնում: Ես կարծում եմ, որ 2 տարի հետո մենք միանգամայն այլ իրավիճակ արդեն կունենանք: Այս տարի արդեն հուսադրող են այն տեմպերը, որոնք կան, և մենք նկատում ենք: Այնպես որ կոչ եմ անում շատ ակտիվ լինել, նաև իմ գործընկերներին, նաև մեր քաղաքացիներին հրավիրել իրենց հարազատներին այս օջախներ և լավ ժամանակ անցկացնել այդ օրերին:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ լավ: Ամսի 31-ի համերգի ժամը կարծես չասեցիք:

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան  - Ժամը 17:30-ից է սկսվում: Մենք փոքր հատված ունենք՝ հյուրասիրության և ընդունելության միջև համերգը, իսկ բուն համերգը ժամը 18:00-ին է:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - 18:00-ի՞ն:

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան – Այո, և տոմսերը վաճառվում են:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Դեկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ին: Ես կարծում եմ, որ Դուք շատ հետաքրքիր առաջարկ եք անում, և ավանդույթի սկիզբ կարող է լինել հետևյալը՝ ընդհանրապես Ամանորից առաջ մեր ընտանիքներում հետևյալ ընտրանքը կա. պարզ է, որ գումարը սահմանափակ է և միշտ ընտրություն է կանգնում՝ գումարի որ հատվածն ինչի վրա ծախսել՝ այս երշիկից գնել կամ չգնել կամ այս երշիկից ինչքան գնել: Ես առաջարկում եմ այս մտածումների փուլում ուղղակի որոշում կայացնել և Ամանորի առիթով հարազատներին, ընկերներին, բարեկամներին Ձեր օրինակով տոմս գնել և նվիրել: Ընդ որում, շատ կարևոր է՝ նախարարը նշեց, որ ոչ թե հրավիրատոմս է տալիս, այլ տոմս: Դրանք տարբեր բաներ են, և մեր մշակութային կյանքում այս մշակութային փոփոխություններն իրականացնելու կարիք նույնպես կա, որովհետև ես կարծում եմ, որ ընդհանրապես մեր մշակութային օջախները, մեր մշակութային կազմակերպությունները և մենք խնդիր ենք դրել, պետք է շարունակաբար, սեփական եկամուտներն ավելացնելու քաղաքականություն տանեն: Մենք չենք ասում, որ այդ կազմակերպությունները պետք է անցնեն ինքնաֆինանսավորման: Ոչ, մենք նման բան չենք ասում առնվազն հիմա, որովհետև այս տարի, տեղյակ եք, ըստ էության, բազմաթիվ մշակութային կազմակերպությունների, կոլեկտիվների տարեկան ծախսերը փակել ենք: Բայց մենք ասում ենք, որ մշակութային կազմակերպությունների աշխատանքի գնահատման կոնկրետ չափանիշ ենք դնելու՝ ինչքանով են այդ մշակությային կազմակերպությունները սեփական եկամուտները ավելացրել: Եվ դա նշանակում է, որ պետք է նաև որոշակի տնտեսական գործունեություն ծավալեն, տոմս վաճառեն, որովհետև Հայաստանի Հանրապետությունում դա ընդունված է՝ պետական բյուջեից ֆինանսավորվել, կազմակերպել միջոռացում, ուղարկել հրավիրատոմսեր, այսպես կոչված, ձրի, հետո այդ թատրոնները կամ համերգներն իրականացնել դատարկ կամ կիսադատարկ դահլիճներում: Հարց՝ այդ դեպքում, եթե կիսադատարկ է դահլիճը, և պահանջված չէ այդ ներկայացումը, ինչո՞ւ է պետական բյուջեից ֆինանսավորվում, և որտեղի՞ց ենք համոզված, որ դա պետական բյուջեից արված ամենաարդյունավետ ծախսն է: Հետևաբար, մենք խոսել ենք, նաև խորհրդակցություն ունեցել ենք, առաջիկայում կարծում եմ՝ էլի քննարկում կունենանք: 2019 թ. այս խնդիրը արդեն դրված էր, և մենք կնայենք, թե մշակութային կազմակերպություններն ինչքանով են ավելացրել սեփական եկամուտները, և հետագայում էլ այս տրամաբանությամբ կառաջնորդվենք: Խնդրեմ, պարոն Խաչատրյան:

 

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան – Պարոն վարչապետ, շնորհակալ եմ: Իմ գործընկերոջ՝ պարոն Հարությունյանի դիտարկումները շարունակելով՝ ուզում եմ նաև զեկուցել, որ Ձեր հանձնարարությամբ մենք անցյալ շաբաթվա ընթացքում շատ ակտիվ քննարկումներ ենք ունեցել բոլոր կենտրոնամերձ՝ Հանրապետության հրապարակի շուրջ գտնվող ռեստորանների, սրճարանների, սրճարան-ռեստորան ներկայացնող կազմակերպությունների հետ՝ մեկ հիմնական նպատակով, որ առավելագույն հարմարավետություն ապահովենք մեր այն քաղաքացիների համար, ովքեր կորոշեն դեկտեմբերի 31-ից լույս 1-ի գիշերը միանալ կենտրոնում տոնակատարությանը և այդ ժամանակի ընթացքում գուցե մեկ ժամ մի տեղ տաքանալու կամ թեյ խմելու կարիք կունենան, անհրաժեշտություն կզգան: Եթե 4 օր առաջ Ձեզ զեկուցել էի, որ մեր կոչին կամ դիմումին արձագանքել են 30 կազմակերպություններ, որոնք հիմնականում տեղակայված էին Ամիրյան, Հյուսիսային պողոտա, Աբովյան փողոց և Վազգեն Սարգսյան փողոց ուղղություններով, որոնք ամենամոտն են Հանրապետության հրապարակին, ապա այսօրվա դրությամբ արդեն 50-ը գերազանցող թվով կազմակերպություններ միացել են այդ նախաձեռնությանը և շարունակում են միանալ: Ուզում եմ ես նույնպես շնորհակալություն հայտնել բոլոր մեր այն համաքաղաքացիներին, ովքեր, գալով աշխատանքի այդ գիշեր, միանալու են նախ այդ տոնական տրամադրությանը, հաջորդը՝ ապահովելու են մեր մյուս համաքաղաքացիների բարձր տրամադրություն ստեղծելու համար միջավայր ստեղծելուն, և նաև սա չափազանց կարևոր է, որ մենք այս քայլով մեկ քայլ առաջ ենք անում դեպի այդ օրը Երևանում անցկացնելու համար զբոսաշրջության պայմաններ ստեղծելուն: Մենք գիտենք, որ սա առաջին տարին է, և հավանական է, որ մենք մեկ անգամ դա պետք է անենք, որ հաջորդ տարիների համար ավելի համոզիչ ազդակներ հաղորդենք: Բայց այս օրերի աշխատանքը և ընթացքը ցույց են տալիս, որ մենք շատ լավ նախաձեռնություն ենք ցուցաբերել, ճիշտ քայլ ենք կատարել, և սա արձագանք է գտել ոչ միայն այն կազմակերպությունների շրջանում, որոնք միանալու են մեզ, այլև մեր բազմաթիվ քաղաքացիներ ոգևորված են այդ իրադարձությամբ, և կարծում եմ, որ շատ լավ առաջին քայլ է տեղի ունենալու նաև այդ առումով: Շնորհակալ եմ:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալություն, պարոն Խաչատրյան: Ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, համենայն դեպս, երբ Ձեր ուղարկած ցուցակն ուսումնասիրեցի, այն ռեստորանները կամ սրճարանները, որոնք աշխատելու են դեկտեմբերի 31-ի երեկոյան և ամանորյա գիշերը, տարբեր գնային սեգմենտների են, այսինքն՝ այնտեղ կան, այսպես կոչված, պիցցերիաներ, որոնք ավելի ցածր գնային սեգմենտի են, ռեստորաններ և այլն: Այնպես որ կարծում եմ, որ մարդիկ հնարավորություն կունենան իրենց հնարավորության սահմաններում Ամանորը նշել այդ միջավայրում:

 

Եվ, պարոն Թորոսյան, ուզում եմ նաև մի այսպիսի հարցի անդրադառնալ. մենք ծխելու դեմ շատ լուրջ պայքար ենք տանում, և դա ճիշտ քաղաքականություն է, արդեն օրենքներ նույնիսկ ընդունել ենք, բայց ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ ծխելուց ոչ պակաս վտանգավոր երևույթ ժամանակակից աշխարհում համարվում է սխալ սնվելը, ինչը հատկապես ամանորյա շրջանում մեզ համար պրոբլեմ է: Նախ, ես ուզում եմ մեր հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր սիրելի քաղաքացիներին կոչ անել՝ ներողություն եմ խնդրում ինձ նման իրավունք վերապահելու համար, հազար ներողություն, բայց, կարծում եմ, որ, այնուամենայնիվ, պետք չէ բոլոր հյուրերին ստիպել ուտել խոզի բդից, որովհետև սա յուրահատուկ է, հետո սեղանի վրա եղած բոլոր ամեն ինչից պարտադիր փորձել, ընդ որում, վիրավորվելու տրամաբանությամբ՝ այսքանը պատրաստել ենք, որ վերջում փչանա՞:

 

Հարգելի քաղաքացիներ և հայրենակիցներ, այդ թվում՝ Ամանորին մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուտելու կարողությունները սահմանափակ են, և պետք է դա հաշվի առնել, առավել ևս՝ ոչ առաջին թարմության մթերքի: Ընդ որում, թատրոնների տրամաբանությունն ինչո՞ւ եմ կարևորում: Հիմա, ասենք, օրինակ, մի բան ասեմ, որը, ենթադրում եմ, որոշակի աղմուկ կբարձրացնի: Մենք ուզում ենք, որ մարդիկ, տնային տնտեսուհիները դեկտեմբերի 31-ի ամբողջ օրը չանցկացնեն տոլմա փաթաթելու և այլ պրոցեսների վրա: Ինչո՞ւ, որովհետև պետք է տոլման, ինչպես մնացած ամեն ինչն ուտել թարմ վիճակում: Չի կարելի մեկ օրում պատրաստել 5 օրվա ուտելու համար մթերք, որովհետև դա բոլոր դեպքերում վատ է, վնասակար, պարոն Թորոսյանը հիմա կասի: Ինչ-որ ժամանակ անցավ, այդ մթերքը վնասակար է, և առավել ևս հետո այդ քաղաքացիներին ստիպել, որ դա ուտեն, արդեն պիտանելիության ժամկետի խնդիր է: Մենք սուպերմարկետների դեմ կռիվ ենք տալիս, որ ժամկետանց մթերքը քաղաքացիներին չվաճառեն, ճի՞շտ է, բայց Նոր տարում մենք բոլորին, մեր ամենահարազատներին ստիպում ենք, որ չէ, պիտի սա էլ ուտես, սա էլ ուտես՝ 3 օրվա մայրաքաղաքային սալաթը, 4 օրվա բլինչիկը և 15 օրվա խոզի բուդը: Մի՛ արեք, հարգելի քաղաքացիներ, պատրաստեք այնքան, ինչքան ռեալ է ուտելը, և պետք չէ դեկտեմբերի 31-ի ամբողջ օրն անցկացնել ու ընդհանրապես տոնակատարությունն անցկացնել սննդի դեպրեսիվ սեղանների շուրջ: Խնդրեմ, պարոն Թորոսյան:

 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան - Շնորհակալություն, պարոն վարչապետ: Դուք բազմաթիվ կոմպոնենտներ արդեն նշեցիք, ինչին պետք է ուշադրություն դարձնել, բայց ես էլ եմ ուզում շեշտել, որ շատ ուրախ եմ, որ մշակութային կյանքը կակտիվանա, և մեր քաղաքացիներն ավելի քիչ ժամանակ կունենան սեղանի շուրջ անցկացնելու և ավելի անհարկի շատ սնունդ ընդունելու: Բայց ևս մեկ անգամ՝ կարևոր է սննդի անվտանգությունը և մեկ օրվա ընթացքում պատրաստված սնունդը հենց այդ նույն օրն սպառելը: Մենք, ցավոք, այս օրերին, ուրախանալուց զատ, քանի որ Նոր տարի ենք դիմավորում, նաև մեծ թվեր ենք տեսնում մեր բժշկական հաստատություններում՝ սննդային թունավորումների և հատկապես ալկոհոլային թունավորումների: Այդ առումով նաև կոչ եմ անում ալկոհոլի չարաշահումն էլ թույլ չտալ և միայն սիմվոլիկ, այսպես ասած, շնորհավորելու համար, ընդունել ալկոհոլ: Նաև մեր կոլեգաներն էլ հաստատ կփաստեն՝ վթարների դեպքեր շատ են լինում ալկոհոլային խմածությամբ վարորդների կողմից:

 

Եվ ևս մեկ բան, որ կուզեմ անդրադառնալ՝ երեխաների պայթուցիկների օգտագործումն է, որովհետև շատ ծանր դեպքեր ենք ունենում մատների անդամահատումների, վերջույթների. մինչև մենք օրենսդրորեն կարգավորենք, նորից կոչ եմ անում և խնդրում եմ ծնողներին՝ չառնել պայթուցիկներ երեխաների համար և ընդհանրապես զերծ մնալ կենցաղային պայթուցիկների օգտագործումից:

 

Սննդի օգտագործման վտանգավորությունը Դուք նշեցիք՝ այո, ոչ պակաս կարևոր է առողջ սնունդ ընդունելը՝ քիչ չափաքանակներով և ժամանակի մեջ, դրանով են պայմանավորված նաև բազմաթիվ հիվանդություններ: Ե՛վ ճարպակալումը, և՛ քիչ ֆիզիկական ակտիվությունը բերում են շատ մեծ թե՛ տնտեսական կորուստների, թե՛ առողջական: Ուզում եմ նաև հայտնել մեր քաղաքացիներին, որ իմ հանձնարարականով պոլիկլինիկական հաստատությունները տոնական օրերին հերթապահություն են ունենալու՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչև 17:00-ն և կարիքի դեպքում կոչ եմ անում դիմել առողջապահական այդ հաստատություններ:

 

Եվ ևս մեկ հանգամանք ու այլևս չեմ չարաշահի՝ խնդրում եմ չնպաստել վարակիչ հիվանդությունների տարածմանը իրար այցելությունների ժամանակ և կոչ եմ անում՝ եթե հիվանդ եք, մի՛ այցելեք ձեր բարեկամներին: Ավելի լավ է նրանք մնան առողջ և ձեզ մեկ օր պակաս տեսնեն, որովհետև նորից այս շրջանում մենք նկատում ենք վարակիչ հիվանդությունների աճ: Առիթն օգտագործելով՝ շնորհավորում եմ բոլորի գալիք Նոր տարին, մենք էլ պատրաստ ենք այն պատվով անցկացնել: Շնորհակալություն:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Խնդրեմ, պարոն Հարությունյան:

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան -Պարոն վարչապետ, ես կուզենայի արձանագրել, որ զբոսաշրջային ոլորտի համար էլ է այս ակտիվությունը շատ հետաքրքիր: Ես մի շարք զբոսաշրջային կազմակերպությունների հետ եմ զրուցել, նաև Զբոսաշրջության պետական կոմիտեի: Արձանագրվում էր, որ մասնավորապես, ամսի 1-ին և 2-ին զբոսաշրջիկներն, ըստ էության, անելիք չէին ունենում Երևանում, և այս պրոդուկտները, որ մենք առաջարկում ենք հենց այդ օրերին, կակտիվացնեն այս կազմակերպություններին, և հաջորդ տարիների համար արդեն ազդակ կլինի, որ այս օրերին մշակութային կյանքը, հետևաբար, և զբոսաշրջային պրոդուկտներն ակտիվ են լինելու:

 

Եվ երկրորդը՝ ուզում եմ ասել, որ արդեն այսօրվանից, այս օրերից մենք նախանշում ենք մեր հաջորդ տարվա միջոցառումներն այս շրջանակում և արձանագրում ենք, որ մարզերն էլ պետք է ակտիվ ներգրավվածություն ունենան հաջորդ տարի: Թեպետ այս տարի արդեն Գյումրիում, Վանաձորում և Գորիսում թատրոնները որոշակի ներկայացումներ առաջարկում են, բայց հաջորդ տարվանից թե՛ թանգարանների, թե՛ առհասարակ մշակութային կյանքի առումով մենք պետք է աշխատենք համայնքապետերի հետ, որ այս ակտիվ ցիկլը, որ ունենք Երևանում՝ միջոցառում հրապարակում, թանգարաններ, թատրոններ, կարողանում ենք ապահովել, ապահովել նաև մյուս համայնքներում և քաղաքներում:

 

 Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Եվ, իհարկե, անվտանգությունը՝ մեր անվտանգությունն ապահովող ծառայությունները՝ Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է ապահովեն տոնի լիարժեքությունը, և համոզված եմ, որ այդպես էլ կլինի:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ