Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փոխվստահության խորացում, դինամիկ զարգացում. փորձագետը՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին

Փոխվստահության խորացում, դինամիկ զարգացում. փորձագետը՝ ՀՀ-ՌԴ 
հարաբերությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական հարաբերությունները 2019 թվականին աչքի ընկան փոխվստահության խորացմամբ, դրական զարգացման դինամիկայով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում քաղաքագետ Վարդուհի Հարությունյանը նշեց, որ տարին առանձնացավ բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերով:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր ձևաչափերով հանդիպումներ է ունեցել թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, թե վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հայաստանում ընդունել է ՌԴ արտգործնախարարին, Պաշտպանության նախարարին, Անվտանգության խորհրդի քարտուղարին: Կարևոր եմ համարում ընդգծել, որ հաջորդ տարի նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Մոսկվա և Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան»,-ասաց Վարդուհի Հարությունյանը:

Քաղաքագետն առանձնացրեց անվտանգության ոլորտում համագործակցությունը, մասնավորապես, զինտեխնիկայի ձեռքբերումը: Այս տարվա ընթացքում պայմանավորվածություններ են ձեռքբերվել Գյումրու 102-րդ ռազմաբազայի արդիականացման ուղղությամբ: Նախատեսվում է կրկնապատկել ռազմաբազայի ներուժը:

«Կարևոր է տարեսկզբից Սիրիայում իրականացվող հումանիտար առաքելությունը Սիրիայի իշխանությունների և ռուսական կողմից հետ համագործակցությամբ: Սա առաջին հերթին առանձնանում է Սիրիայում հայ համայնքին և, ընդհանրապես, Սիրիայի բարեկամ ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու տեսանկյունից» ,-հավելեց քաղաքագետը: Նա ընդգծեց, որ Ռուսաստանը շարունակում է տարածաշրջանում Հայաստանին ընկալել որպես հիմնական ռազմավարական դաշնակից, վստահելի գործընկեր:  

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությանը, ապա քաղաքագետը նշեց, որ այն եղել է արդյունավետ և հաջողված: Այդ մասին նշել են նաև ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները: Տարին արդյունավետ էր ԵԱՏՄ-ի միջազգային հեղինակության բարձրացման, աշխարհագրության ընդլայնման տեսանկյունից:  Հոկտեմբերի 1-ին երևանյան գագաթնաժողովի ժամանակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրվեց Սինգապուրի հետ: Նույն ամսում նման համաձայնագիր ստորագրվեց Սերբիայի հետ: Ուժի մեջ մտավ Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագիրը, ինչպես նաև Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը:Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրեր են նախապատրաստվում Հնդկաստանի, Եգիպտոսի և Իսրայելի հետ:

Հայաստանի նախաձեռնությամբ այս տարի ԵԱՏՄ աշխատանքներում մի շարք նորամուծություններ եղան: Երևանյան ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ  անցկացվեց «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» խորագրով համաժողովը, որը գնահատվեց արդյունավետ  և որոշում կայացվեց այն իրականացնել ամեն տարի:

Հայաստանն առաջարկեց նաև հնգյակի երկրներից յուրաքանչյուրին վստահել խոշոր ինտեգրացիոն նախագծերից  մեկի իրականացումը: Հայաստանը ստանձնեց իրականացնել ոսկերչական բրենդի ձևավորման ծրագիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]