Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս

Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար 2019-ն արդյունավետ տարի էր. փորձագետի դիտարկումները

 Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար 2019-ն արդյունավետ տարի էր. 
փորձագետի դիտարկումները

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար 2019 թվականը բավական արդյունավետ տարի էր: Քաղաքագետ Նարեկ Մինասյանի կարծիքով, դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Հայաստանի և ԵՄ-ի միջև կար ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչը բավական կարևոր գործիք  է: Քանի դեռ այն վավերացված չէ ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից, հետևաբար գտնվում է ժամանակավոր կիրարկման փուլում: Առայժմ հնարավորություն է տրված կիրարկել համաձայնագրի 80 տոկոսը: Քաղաքագետը նշեց, որ այս տարվա հունիսին կարևոր քայլ կատարվեց՝ Երևանը և Բրյուսելը համաձայնեցրին ճանապարհային քարտեզը, ըստ որի, պետք է կյանքի կոչվի տվյալ համաձայնագիրը:

«Ճանապարհային քարտեզը ամրագրում է գործողությունների հաջորդականությունը՝ հստակ ժամանակացույցով, ֆինանսավորմամբ: Այսինքն՝ բարեփոխումների քայլերը հստակ ժամանակացույցով ամրագրված են: Սա բարձր են գնահատում եվրոպացի գործընկերները»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց քաղաքագետ Նարեկ Մինասյանը:

Հաջորդ կարևոր գործընթացը, ըստ քաղաքագետի, ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի վավերացումն է: Այս ընթացքում եղան կարծիքներ այն մասին, որ վավերացման գործընթացը ձգձգվում է: Նարեկ Մինասյանը համամիտ չէ այդ կարծիքի հետ, սակայն ավելացրեց, որ ամեն դեպքում գործ ունենք բարդ ընթացակարգերի հետ:

«Համաձայնագիրը վավերացվել է շուրջ երկու տասնյակ ԵՄ անդամ երկրների կողմից, ինչը բավական լավ ցուցանիշ է: Ինչ վերաբերում է ընթացակարգերին, ապա պետք է հաշվի առնել այն, որ որոշակի գործընթացներ են նախատեսված, ինչի համար ժամանակ է պահանջվում՝ հանձնաժողովներով է անցնում, որոշ երկրներում խորհրդարանը երկպալատ է, դրանից բացի, համաձայնագիրը պետք է թարգմանվի տվյալ երկրի ազգային լեզվով և այլն»,-ասաց քաղաքագետը:

Հաջորդ կարևոր հարցը Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում, մեր երկրում ընթացող բարեփոխումներին ուղղված աջակցությունն է: Եվրամիությունն աջակցություն է ցուցաբերում դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում, առավել ժողովրդավարական ինստիտուտների զարգացման տեսանկյունից և այլն: Նարեկ Մինասյանը հիշեցրեց, որ 2018 թվականին ԵՄ-ն Հայաստանի համար նախատեսել էր 40 մլն եվրո, սակայն հաշվի առնելով բարեփոխումների օրակարգը, որոշեց հավելյալ 25 մլն եվրո տրամադրել:

«Հայտնի դարձավ, որ 2020 թվականի համար ԵՄ-ը նախատեսում է Հայաստանին տրամադրել 150 մլն եվրո: Բարեփոխումների օրակարգին նման ծավալի աջակցությունը շատ կարևոր է կառավարության կողմից առաջ մղվող բարեփոխումների ծրագրերը կյանքի կոչելու տեսանկյունից»,-ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով վիզայի ռեժիմի ազատականացմանն ուղղված գործընթացներին՝ Նարեկ Մինասյանը նշեց, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները բավական դրական ֆոն են ստեղծել այս հարցն առաջ մղելու համար: Նա նկատեց, որ այս տարվա ընթացքում եվրոպական կողմից արձանագրվեց, որ Բրյուսելը որևէ խնդիր չի տեսնում վիզայի ռեժիմի ազատականացման համար: Քաղաքագետը նշեց, որ վերջին շրջանում Հայաստանից ԵՄ երկրներում ապաստան հայցած քաղաքացիների թվի անկում կա, ինչը ևս կարող է դրական ազդակ լինել այդ գործում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ