Հայալեզու «Վրաստան» թերթը 99 տարեկան է. «Արմենպրես»-ը միացել է շնորհավորանքներին

Armenpress 20:23, 20 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում լույս տեսնող հայալեզու «Վրաստան» թերթը տոնում է հիմնադրման 99-ամյակը։ Այս կապակցությամբ թերթի խմբագրությունը  «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ իր ուղին սկսվելով 1920 թվականի դեկտեմբերի 15-ին «Կարմիր աստղ» անվամբ՝ թերթը, իր պատմության 99 տարիների ընթացքում միշտ հավատարիմ իր պատմական առաքելությանը՝ գործուն, հաստատուն կամուրջ է ծառայել հայ ու վրաց եղբայրական ժողովուրդների բարեկամական հարաբերությունների զարգացմանը, իսկ Վրաստանի ու Հայաստանի պետական անկախության վերականգնումից հետո, հնարավորինս նպաստել երկու երկրների միջեւ սերտ համագործակցության ծավալմանը, իր հազարավոր ընթերցողներին մանրամասն տեղեկատվություն փոխանցել Վրաստանում եւ Հայաստանում ծավալվող իրադարձությունների մասին, նյութեր հրապարակում վիրահայ համայնքի կյանքից, նրա առօրյայից:

«Այսօր էլ մենք, հավատարիմ մեր կոչմանը, առկա առանձին բարդությունների պայմաններում փորձում ենք մեր ընթերցողների աջը պահել երկրի զարկերակին, ապրել նրա կյանքով, լինել երկրի հասարակության անկապտելի մասը:

Եվս մեկ տարի, եւ մեր «Վրաստանը» կնշի իր մեկդարյա հոբելյանը: Այդ տարեդարձի սպասումով մենք կշարունակենք մեր թերթի ստեղծման ակունքում կանգնած մեր մեծերի գործը, հավատարիմ կծառայենք մեր եղբայրական երկու ժողովուրդների շահերին:

«Վրաստան»-ին՝ հիմնադրման 99-ամյակի առթիվ իրենց շնորհավորանքներն ու ստեղծագործական արգասաբեր գործունեության մաղթանքներ են հղել 101-ամյա «Սաքարթվելոս ռեսպուբլիկա» թերթի գլխավոր խմբագիր Սպարտակ Քոբալիան, 101-ամյա «Արմենպրեսի» գլխավոր տնօրեն Արամ Անանյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթենիկ Սեյրանյանը,Վրաստանի ժուռնալիստների միության համանախագահներ Մարինա Թեքթումանիձեն եւ Մարինե Գիգինեիշվիլին, 98-ամյա «Գյուրջիստանի» գլխավոր խմբագիր Իսլամ Ալիեւը, 94-ամյա «Վեչերնի Տբիլիսի» թերթի խմբագիր Վադիմ Անաստասիադին»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am