Հայաստանը բարձր տեխնոլոգիական ոլորտում կանանց ներգրավվածությամբ առաջատար երկրների շարքում է

Armenpress 15:39, 18 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում կանանց ներգրավվածությունը շուրջ 38 տոկոս է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Բարձր տեխնոլոգիական ոլորտում 2018-ի դրությամբ եղել է 15 հազար աշխատող: Կանանց ներգրավվածությունը բարձր տեխնոլոգիական ոլորտում շուրջ 38 տոկոս է: Կարող ենք ասել, որ Հայաստանն այս առումով աշխարհի առաջատարների մեջ է: Սա շատ լավ թիվ է և, հուսով եմ, առաջիկայում կավելանա»,- ասաց Արշակյանը:

Նախարարը նկատեց՝ տարատեսակ թվեր են հնչում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության շրջանառության և աշխատակիցների քանակի, աճի տեմպերի վերաբերյալ, սակայն մինչև այժմ հնչեցված տարատեսակ թվերը հստակ չեն: «2018-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ծրագրային ապահովումը և սարքավորումների  արտադրությունը միասին կազմել են 250 մլն դոլար: Աճը 2017-ի նկատմամբ կազմել է 33 տոկոս: 2015-2018թթ. միջին աճը եղել է շուրջ 28 տոկոս: Այսինքն՝ աճի տեմպերը բավականին լուրջ են»,-ասաց նա:

Արշակյանը նշեց՝ ոլորտի շրջանառությունը հիմնականում գեներացվում է աշխատակիցների աշխատավարձերի տեսքով: «Հայաստանում գործող միջազգային ընկերությունների գլխամասը արտերկրում է, որտեղ էլ իրականացվում է իրենց ողջ ֆինանսական շրջանառությունը: Հայաստանյան մասնաճյուղ ուղարկվում են այն գումարները, որոնք անհրաժեշտ են այստեղ աշխատավարձ ապահովելու համար: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հայկական ընկերությունների մի մեծ մասը նույնպես այդպես է աշխատում, այսինքն՝ իրենց գումարները գեներացնում են արտերկրի կազմակերպություններում, իսկ Հայաստան է գալիս հիմնականում աշխատավարձը: Դա էլ բերում է նրան, որ շրջանառության փոքր թվեր ունենք: Սա նշանակում է, որ ռազմավարության մեջ պետք է դիտարկենք այնպիսի մեխանիզմներ, որպեսզի հայկական ընկերություններն իրենց ամբողջ գումարը շրջանառեն Հայաստանում»,-ասաց նախարարն ու հավելեց՝ այդ ուղղությամբ իրենք արդեն քայլեր են նախատեսում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am