«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Կարգելվի կուսակցությունների առեւտրային գործունեությունը

Armenpress 21:57, 17 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը մի շարք առանցքային հարցերի շուրջ եկել է ընդհանուր հայտարարի։ Արդեն իսկ համաձայնեցված են կուսակցությունների գործունեության ազատականացման, ֆինանսական թափանցիկության ավելացման, ֆինանսական վերահսկողություն իրականացնող մարմնի եւ դրա հետ կապված գործառույթների վերանայման եւ ընդլայնման, կուսակցությունների ներքին ժողովրդավարության տարրերի ներառման հետ կապված սկզբունքները։ Նախագծի փաթեթը ներառելու է ոչ միայն «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը, այլեւ հարակից մի շարք իրավական ակտեր։

Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող, «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ ներկայումս այդ սկզբունքներն իրավական տեքստի փոխակերպելու փուլն է։ «Այսուհետ իրավաբանական անձինք չեն կարողանալու նվիրատվություններ անել կուսակցություններին։ Ֆիզիկական անձանց համար կուսակցություններին նվիրատվությունների սահմանաչափը վերանայվելու է, լինելու է մեկ առավելագույն սահմանաչափ թե անդամավճարների, թե նվիրատվությունների համար։ Այսօր նվիրատվություններն առանձին են, անդամավճարը՝ առանձին։ Արգելվելու է կուսակցությունների կոմերցիոն գործունեությունը, ներառյալ իրենց շարժական եւ անշարժ գույքի միջոցով եկամուտներ ստանալը»,- մանրամասնեց պատգամավորը։

Մի շարք հարցերի շուրջ դեռեւս վերջնական տարբերակներ չկան, լավագույն լուծումների փնտրտուքի մեջ են։ Դրանցից մեկը վերաբերում է այն կազմակերպությունների բարեգործական գործունեությանը՝ հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաեւ անհատներ, որոնք առնչություններ ունեն կուսակցությունների, քաղաքական գործիչների հետ։ Ներկայումս քննարկվում է վերջիններիս հաշվետվողականության հետ կապված հարցերը։ Մանրամասն կարգավորման ենթակա է ֆինանսական թափանցիկության ապահովման խախտումների պարագայում պատժամիջոցների կիրառման հարցը։ 

      Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am