Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները բերման են ենթարկել արագաչափ սարքերը կոտրած տղամարդուն

Armenpress 16:51, 16 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության կենտրոնական բաժնում  դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18․15-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ դիտավորությամբ կոտրել են Արշակունյաց պողոտայում տեղադրված «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը պատկանող արագաչափ սարքը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը ոստիկանության Մաշտոցի բաժնում ևս նույնաբովանդակ հաղորդումներ ստացվեցին։ Մի դեպքում դիտավորյալ կոտրել էին Հալաբյան փողոցի, մյուս դեպքում՝ Լենինգրադյան փողոցի արագաչափերը։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումները դեպքերից ժամեր անց արդյունք տվեցին։ Ոստիկանների տեսադաշտում հայտնվեցԴավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։ Կասկածվողը նույն օրը իր բնակարանից բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նա խոստովանել է, որ ինքն է երկաթե մահակով կոտրել Արշակունյաց պողոտայի, Հալաբյան և Լենինգրադյան փողոցների արագաչափ սարքերի ապակիները։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ընկերությանը պատճառված վնասի չափը ճշտվում է։ Հանգամանքները պարզվում են։

         


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am