Ամանորին համայնքային մի շարք կառույցներում կսահմանվի հերթապահություն
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոն օրերին մայրաքաղաքում մի շարք ոլորտների և ծառայությունների աշխատանքների նկատմամբ կսահմանվի ամենօրյա հսկողություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը առողջապահական և շտապբուժօգնության ծառայությունների պատասխանատուներին հանձնարարել է ապահովել օպերատիվ հերթապահություն և ուժեղացնել հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության բոլոր բուժհաստատություններում:
Հանձնարարվել է հերթապահություն սահմանել նաև կրթամշակութային և մարզական հաստատություններում՝ ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով: Կենսապահովման ծառայությունների անխափան աշխատանքը կազմակերպելու համար էլ համակարգող պատասխանատուներին հանձնարարվել է սահմանել շուրջօրյա հերթապահություն, սերտորեն համագործակցել «Երևան Ջուր», «Երևան Գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների պատասխանատուների հետ և հնարավոր վթարների մասին ահազանգերի դեպքում արագորեն արձագանքելով կարգավորել առաջացած խնդիրները:
Հսկողություն և հերթապահություն կսահմանվի նաև մայրաքաղաքի տոնական ձևավորման նկատմամբ՝ վթարների դեպքում օպերատիվ արձագանքելու նպատակով: Հաշվի առնելով տոնական օրերին քաղաքացիների ակտիվ տեղաշարժը՝ հանձնարարվել է խստորեն վերահսկել տրանսպորտի աշխատանքի պատշաճ կազմակերպումն ու ապահովումը:
«Աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին, կոմունալ ծառայություններին ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել աղբահանության պատշաճ կազմակերպումը: Հատուկ հսկողություն կսահմանվի նաև «Թեժ գիծ» ծառայությամբ տոնական օրերին ստացվող քաղաքացիների հարցերին արագ արձագանքելու ուղղությամբ: