Էստոնիայի նախագահը ներողություն Է խնդրել Ֆինլանդիայի վարչապետի մասին ՆԳ նախարարի բառերի համար
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը ներողություն Է խնդրել Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինի վերաբերյալ երկրի ներքին գործերի նախարարի Մարտ Հելմեի բառերի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 16-ին հայտնել Է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի դիվանատունը:
«Նախագահները դեկտեմբերի 16-ին հեռախոսազրույց են անցկացրել Էստոնական կողմի նախաձեռնությամբ: Կալյուլայդը ներողություն Է խնդրել Հելմեի հարցազրույցի կապակցությամբ, որը նա տվել Է դեկտեմբերի 15-ին: Ֆինլանդիայի նախագահը, նրա խնդրանքով, ներողությունը փոխանցել Է Սաննա Մարինին եւ կառավարությանը»,-ասված Է հաղորդագրության մեջ: Դեկտեմբերի 15-ին Էստոնիայի ՆԳ նախարար, Պահպանողական ժողովրդական կուսակցության նախագահ Մարտ Հելմեն, մեկնաբանելով Մարինի նշանակումը վարչապետի պաշտոնում, հայտարարել Է, թե այդ կապակցությամբ ինքը կցանկանար հիշեցնել «Վլադիմիր Ուլյանով-Լենինի խոսքերն այն մասին, որ ցանկացած խոհարարուհի կարող Է դառնալ նախարար»: Ֆինլանդիայում, ընդգծել Է Հելմեն, հենց նման իրադրություն Է, երբ «վաճառողուհին դարձել Է վարչապետ»: Նա նաեւ կասկած Է հայտնել, որ Ֆինլանդիայի նոր կառավարությունը կկարողանա պաշտպանել երկրի շահերը: Մարինն ինքը, հակազդելով քննադատությանը, Twitter-ում գրել Է, թե հպարտանում Է նրանով, որ իր երկրում բնակչության աղքատ խավերը հնարավորություն ունեն կրթություն ստանալ եւ շատ բանի հասնել կյանքում: Ֆինլանդիայի խորհրդարանը դեկտեմբերի 10-ին քվեարկել Է կառավարող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջին փոխնախագահ Սաննա Մարինին վարչապետ նշանակելու օգտին: Մարինին ու նրա կառավարությանը արդեն հաստատել Է Ֆինլանդիայի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: