Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը

Armenpress 11:51, 16 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը դատարանը մերժեց:

Վերաքննիչ դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը այսօր՝ դեկտեմբերի 16-ին, մերժեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների բողոքը։

Նախորդ դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը մեղադրող դատախազին բացարկի միջնորդություն էր ներկայացրել, որն այսօր Վերաքննիչ դատարանը մերժեց։

Մանվել Գրիգորյանը հունվարի 22-ից կալանավորված է:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

 Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: Ազգային անվտանգության ծառայության ԱԱԾ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես ասված էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնա լճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրմամբ սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարան: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին՝ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am