1000х90.jpg (78 KB)

Շիրակի մարզպետը և Չինաստանի Հայնան նահանգի ղեկավարը քննարկել են համագործակցության ծրագրերը

Armenpress 15:20, 15 Դեկտեմբեր, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական պատվիրակությունը Չինաստանի Հայնան նահանգում դեկտեմբերի 12-16-ը մասնակցում  է «Արևադարձային գյուղատնտեսական մշակաբույսերի միջազգային ձմեռային տոնավաճառ Չինաստան-2019» խորագրով ցուցահանդեսին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Չինաստանի խոշորագույն գյուղատնտեսական այսպիսի ցուցահանդեսի՝ Հայնան նահանգում անցկացվող ձմեռային միջազգային այս տոնավաճառին:

Հայկական տաղավարը ներկայացնում է «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամը»։  Տաղավարում ներկայացված են  բարձրորակ և էկոլոգիապես մաքուր արտադրանք, որոնք պատրաստված են Հայաստանի Հանրապետությունում աճեցված մրգերից և բանջարեղեններից:

Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակության հետ կապերի բաժնից, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ցուցահանդեսի պատվավոր հյուրերի ցանկում է և այցի շրջանակներում հանդիպել է Հայնան նահանգի ղեկավար Շեն Սյաոմինին։ Նահանգապետի հետ առավել առարկայական են քննարկվել երկուստեք գործակցության ուղղությունները, համատեղ իրականացվելիք հնարավոր ծրագրերը:

Չինական կողմը հետաքրքրվել է Տիգրան Պետրոսյանի կողմից ներկայացվող ներդրումային ծրագրերով:

Կողմերը քննարկել են Հայնան նահանգում Շիրակի մարզի և Շիրակի մարզում Հայնան նահանգի առևտրի տներ բացելու հնարավորությունները:

Շիրակի մարզի հնարավորությունների և ներուժի մասին առավել հստակ պատկերացում ունենալու նպատակով՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Հայնանի պատվիրակությանը հրավիրել է Շիրակի մարզ։

                        

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am