1000х90.jpg (78 KB)

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

Armenpress 21:38, 13 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 13-ին խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ, որին մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Խորհրդակցությանը ներկա են գտնվել  Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Սուրեն Պապիկյանն արդյունավետ է որակել պետական մարմինների ղեկավարների և մարզպետների մասնակցությամբ ոլորտային հարցերի անմիջական քննարկման արդեն իսկ պարբերական դարձած ձևաչափը և նկատել, որ այն բարձրացնում է միջոլորտային խնդիրները լուծելու արդյունավետությունը։

Շարունակելով գործընկերոջ միտքը՝ նախարար Թորոսյանը խոսել է մարզերում առողջապահության ոլորտին առնչվող ընթացիկ հարցերից, մասնավորապես, խնդրել մարզպետներին իրենց իրավասության շրջանակներում հետևողական լինել մարզերի նախակրթական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սանիտարական նորմերով պահանջվող ջերմային ռեժիմի  պահպանման հարցում։

Մարզպետների հետ խորհրդակցությունը շարունակվել է օրակարգային մի շարք հարցերի շուրջ։ Քննարկվել է 2019թ․ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն և մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման աշխատանքների ընթացիկ վիճակը։ Անդրադարձ է կատարվել այն ծրագրերին, որոնք, պայմանավորված եղանակային պայմաններով, նախատեսվում է ավարտել հաջորդ տարի։ Նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ շինաշխատանքների ընթացքում հայտնաբերված թերություններն ու նախանշված ժամկետների խախտումներն  արձանագրելու և շինարարական կազմակերպությունների հետ դրանք վերացնելուն ուղղված հետևողական աշխատանք տանելու ուղղությամբ։

Ամփոփվել են 2019թ․ դեկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների եկամուտների հավաքագրման արդյունքները։ Նշվել է, որ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,3 մլրդ դրամով։

Հանդիպմանն  անդրադարձ է եղել նաև Երևանի 2800-ամյակին նվիրված պուրակում նախատեսվող տոնավաճառին և ամանորյա միջոցառումներին մարզերի կոլորիտային ներկայացվածությունն  ապահովելուն։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են աշխատանքային մի շարք այլ հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am