ՊԵԿ-ը հորդորում է Նորագավիթի մաքսատանը գտնվող մեքենաները դուրս բերել մաքսային հսկողության տարածքից

Armenpress 19:21, 13 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է Նորագավիթի ավտոմաքսատանը գտնվող ավտոմեքենաների սեփականատերերին՝ սեղմ ժամկետներում իրականացնել դրանց մաքսային ձևակերպումները և մեքենաները դուրս բերել մաքսային հսկողության տարածքից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

«Կոմիտեն հիշեցնում է, որ Երևանի Նորագավիթ թաղամասում տեղակայված ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների տարածքի` ՊԵԿ կողմից վարձակալության ժամկետը չի երկարացվելու, և ժամկետի ավարտից հետո այդ տարածքում մաքսային մարմինները որևէ ծառայություն չեն մատուցելու: Հետևաբար, տարածքի վարձակալության ժամկետի ավարտից հետո մաքսային մարմինները որևէ կերպ չեն երաշխավորում բաց թողումից հետո այդ տարածքում մնացած ավտոմեքենաների պահպանությունը: Իսկ մաքսային հսկողության ենթակա ավտոմեքենաները կտեղափոխվեն մաքսային հսկողության այլ՝ գործող տարածք»,- նշված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am