«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արեւելքի եւ հայ արվեստի մերձեցման գաղտնիքները

Armenpress 21:37, 12 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության,  ՀԱՊ պահոցների ստեղծագործությունների, Մարտիրոս Սարյանի, Սերգեյ Փարաջանովի, Ժամանակակից արվեստի թանգարաններից եւ 20-21-րդ դդ. հայտնի վարպետների արեւելյան թեմաներին առնչվող գործեր, թվով՝ 200 ցուցանմուշ, մեկտեղվել են «Արեւելքը եւ հայ արվեստը» խորագրով ցուցահանդեսում, որի բացումը տեղի ունեցավ Հայաստանի ազգային պատկերասրահում:

Այստեղ ներկայացված գլուխգործոցները հնարավորություն են տալիս զուգահեռներ անցկացնելու գեղարվեստական տարբեր դպրոցների միջև եւ վկայում են Արեւելքի ու հայ մշակույթի փոխազդեցության մասին: Ցուցահանդեսի համադրող Իրինա Բագդամյանի խոսքով՝ ցուցահանդեսի անվանումը որոշակիորեն  կապակցվում է օրիենտալիզմի հետ. «19-րդ դարավերջին - 20-րդ դարասկզբին Եվրոպայում վառ դրսեւորված գեղարվեստական այս հոսանքը իր հետաքրքրություններն ուղղել էր դեպի Արեւելքի երկրներ: Դրանք եվրոպացիներին գերում էին խորհրդավորությամբ եւ էկզոտիկայով, մղում էին ճանաչելու սեփական արմատներն ու անցյալը, համամարդկային մշակույթի զարգացումը: Գեղարվեստում օրիենտալիզմը դիմում է արեւելյան սյուժեների, կիրառում է արեւելյան մշակույթին բնորոշ ոճական արտահայտչամիջոցներ:  Հայաստանը պատմականորեն, մշակույթով կապված լինելով Արեւելքի հետ՝ յուրովի է փոխարկում նրա պատմական եւ գեղագիտական հարուստ ժառանգությունը»:

Ցուցահանդեսի կառուցվածքը, ցուցադրվող նյութը, ըստ համադրողի, թույլ են տալիս արձանագրել արեւելյան հովերը, սկսած ամենավաղ նմուշներից՝ միջնադարյան մանրանկարների եւ որմնանկարների ընդօրինակություններից, ի հայտ բերել Արեւելքի արվեստի արձագանքները հաստոցային եւ մոնումենտալ երկերում, սրբապատկերներում, դիմանկարներում: Հատուկ ուշադրություն է հատկացվում այն նկարիչներին, որոնց արվեստում այս թեման էական տեղ է զբաղեցրել: Սուրենյանց, Սարյան, Կոջոյան, Յակուլով. արվեստագետների ոչ լրիվ մի ցանկ, որոնց հետաքրքրությունը Մերձավոր, Միջին եւ Հեռավոր Արեւելքի մշակույթի նկատմամբ միշտ անմար է եղել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am