WikiLeaks-ի հիմնադիրի ներկայացուցիչը կրիտիկական է գնահատել Ասանժի վիճակը

Armenpress 21:30, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանները դատական գործընթացների ընթացքում ծրագրում են ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել Ասանժի առողջական վիճակի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Российская газета»-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է իսպանացի դատավոր Բալտասար Գարսոնը:

«Ասանժի վիճակը կրիտիկական է: Մենք կարծում ենք, որ նրա արտահանձնումը ԱՄՆ-ին անհիմն է և հակաօրինական: Ասանժը Լոնդոնի բանտերում պահվում է այնպիսի պայմաններում, որոնք հակասում են մարդու հիմնարար իրավունքներին, որը հաստատել է նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների ներկայացուցիչը»,- նշել է Ասանժի ներկայացուցիչը:

WikiLeaks-ի հիմնադրին արգելված են բոլոր տեսակի շփումներն արտաքին աշխարհի հետ օրվա մեջ 23 ժամվա ընթացքում: Ամբողջ օրվա ընթացքում մեկ ժամով կարող է Ասանժը դուրս գալ զբոսնելու, բայց առանց շրջապատի հետ որևէ փոխհարաբերության:

Նոյեմբերի 18-ին Լոնդոնի դատարանը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին թողել է կալանքի տակ, նրան ԱՄՆ-ին արտահանձնելու գործով հաջորդ տեխնիկական լսումները կկայանան դեկտեմբերի 13-ին և 19-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am