1000х90.jpg (78 KB)

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հստակեցում դպրոցի տնօրենի ընտրության գործընթացում

Armenpress 21:46, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվելու են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, ինչը նախատեսում է տնօրենի ընտրության գործընթացի հստակեցում:

Կրկնակի ստուգման գործընթացը բացառելու նպատակով առաջարկվում է տնօրենի ընտրության համար հարցազրույցի այլ ընթացակարգ, որն իր ձեւով եւ բովանդակությամբ կտարբերվի հավաստագրման գործընթացի թեստավորումից եւ հարցազրույցից՝ շեշտը դնելով տնօրենի հավակնորդի կողմից ներկայացված զարգացման ծրագրի քննարկման վրա: Մրցույթի ժամանակ հավակնորդի հետ խորհուրդը կանցկացնի հարցազրույց, որի ընթացքում հավակնորդին կտրվեն հարցեր վերջինիս ներկայացրած զարգացման ծրագրից: Հարակից զեկույցով հանդես եկող ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ փոփոխության անհրաժեշտությունն առաջացավ այն բանից հետո, երբ նոր մոդելի ներդրմանը զուգահեռ մի շարք կառույցների կողմից մշակվեցին դպրոցի զարգացման օրինակելի ծրագրեր, որոնք մեթոդական ուղեցույցի նշանակություն ստացան հավակնորդների համար, իսկ այնուհետեւ դարձան մեխանիկական կրկնօրինակման տարբերակ։ «Հանրակրթության ոլորտը շատ կարեւոր է անձի կայացման եւ զարգացման հարցում, քանի որ այս պահի դրությամբ կրթության այն միակ օղակն է, որը պատրադիր է Հայաստանում ապրող յուրաքանչյուր քաղաքացու համար։ Այս առումով դպրոցի դերը պարզապես անփոխարինելի է։ Շատ կարեւոր է, որ այդ 12 տարին անիմաստ չանցնեն, քանի որ մեր օրերում ամենաթանկ ռեսուրսը ժամանակն է»,- ասում է զրուցակիցս»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am