«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչո՞ւ էին միմյանց պաշտում Կոմիտասն ու Թումանյանը

Armenpress 21:21, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Գրականագետ Սուսաննա Հովհաննիսյանի խոսքով` Կոմիտաս-Թումանյան առնչակցության, երաժշտի կյանքի մասին բազմաթիվ դրվագներ են պահպանվել Թումանյանի մասին ժամանակակիցների հուշերում։ Այս իմաստով հատկանշական է համարում Ստեփան Լիսիցյանի, Ավ. Իսահակյանի եւ հատկապես Վահան Տեր-Առաքելյանի հուշերը. «Վերջինս նախ արձանագրում է, որ «Կոմիտասը Թիֆլիսում ուներ բազմաթիվ ծանոթներ, անձնական բարեկամներ, բայց համերգներից առաջ ոչ ոքի այցելության չգնաց, բացի Հովհաննես Թումանյանից»։ Կոմիտասի եւ Թումանյանի զրույցի թեման, գրականագետի խոսքով, օտարամոլությունն էր, որոշ շրջանների քամահրական կարծիքը ժողովրդական երգի նկատմամբ։ Կոմիտասն ասել էր. «Ժողովրդական երգի բնորոշ հոտը հայոց լեռնաշխարհի գունագեղ ծաղիկների անուշ բույրն է, նրանից ուրիշ հոտ առնողն ինքն է հոտած՝ նման հոպոպի, որը շուտ-շուտ փոխում է իր բույնը, կարծելով, թե բույնը հոտած է, բայց փաստորեն հոտածն ինքն է… Հայերս զարմանալի օտարամոլ ժողովուրդ ենք… Ստրկամիտ մարդուն հատուկ մոլությամբ՝ նվաստացնելով մերը, մենք սիրում ենք փքել, ուռցնել օտարինը, երբեմն նաեւ մերը, բայց այն, ինչ իրականում ոչ մի արժեք չունի»:

«Համերգից հետո Թումանյանն արդեն իր տանն է մեծարանքի խոսքեր ուղղում «մեծ հայ ու մեծ հայրենասեր, ամենայն հայոց երաժիշտ, երգահավաք ու երգամշակ» վարդապետին, որին համարում է ոչ թե իր տան հյուրը, այլ «մեր աչքի լույսը»։ Բանաստեղծի խոսքերով, Կոմիտասը նաեւ Թիֆլիսի հանրությանն ապացուցեց, թե ինչ է նշանակում ժողովրդական երգ, եւ ինչպես պետք է կատարել հոգեւոր երգերը։ Կոմիտասն ընթերցում է բեմահարթակ նետված թերթիկներից մեկը. «Եթե եկեղեցում այսպես երգեին, ներս մտնելու համար պետք կլիներ ժամերով հերթ կանգնել»»,- նշում է Ս. Հովհաննիսյանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am