Արցախյան ազատամարտի հերոս Դավիթ Սարապյանի հիշատակը հավերժացնող գրքերը դրվեցին ընթերցողի սեղանին

Armenpress 20:47, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեր օրերի Դավիթը» գիրքն ամփոփում է արցախյան պատերազմի հերոս, ազատագրական շարժման գործիչ, գրող Դավիթ Սարապյանի կյանքն ու պայքարը, իսկ «Երեք հարյուր վայրկյան» գիրքն ընդգրկում է Սարապյանի վիպակներն ու պատմվածքները, որոնք թարգմանվել են հայերեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

«Մեր օրերի Դավիթը» փաստավավերագրության հեղինակ Էվելինա Մելքումյանն ասաց, որ գրքի հրատարակման նպատակը Դավիթ Սարապյանի (Դև) հիշատակը վառ պահելն է: «Կարծում եմ՝ այս գիրքը դաստիարակչական բնույթ ունի, և Դավիթի կերպարը կարող է ոգևորել աճող սերնդին: Գրքում զետեղվել են նաև Դավիթի մասին այն անձանց հուշերը, որոնք ճանաչում էին Դավիթին: Նրանց թվում են Արկադի Տեր-Թադևոսյանը, Պարգև սրբազանը, Մոնթե Մելքոնյանը, Վարդան Դևրիկյանը, Գագիկ Գինոսյանը և այլք»,-ասաց Մելքումյանը:

Խոսելով «Երեք հարյուր վայրկյան» գրքի մասին՝ Մելքումյանը տեղեկացրեց, որ Դավիթի ստեղծագործությունները ռուսերենից հայերեն է թարգմանել Մերի Կարապետյանը: Մելքումյանի հավաստիացմամբ՝ Մերին բարձր մակարդակով է արել իր աշխատանքը:

Մերի Կարապետյանն էլ պատմեց՝ երբ իմացել է, որ Դավիթը նաև ստեղծագործում էր, գտել է նրա գործերն ու սիրով ընթերցել դրանք:  Նա նշեց, որ «Երեք հարյուր վայրկյան» գրքում զետեղված է համանուն վիպակը, որը հետագայում վերածվել է սցենարի և արժանացել  ականավոր կինոգործիչների բարձր գնահատականին, իսկ Օդեսայի կինոստուդիան հաստատել է այն նկարահանման, բայց Դավիթը թողել է կինոաշխարհն ու մեկնել ռազմի գոտի:

«Գրքում ընդգրկվել են նաև պատմվածքներ և «Վարազդատ արքա» համակարգչային խաղի համար գրված սցենարի առաջին մասը, որը Դավիթն ընկերոջ խնդրանքով գրել է մեկ գիշերվա ընթացքում, քանի որ առավոտյան կրկին ճակատ պետք է գնար: Այդ սցենարը Լոնդոնում առաջին մրցանակի է արժանացել: Հուսամ՝ կգտնվեն երիտասարդներ, որոնց կհետաքրքրի այդ խաղը, և նրանք կցանկանան շարունակել այն՝ ցույց տալով, թե ինչպես են պատկերացնում մեր արքային, հայոց պետականությունը, մեր ազգային գաղափարներն ու երազները»,-ընդգծեց թարգմանչուհին:

Գրքերը հրատարակվել են «Դավիթ Սարապյան» նախաձեռնության և «Հայ Ձմեռ Պապ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am