Ոստիկանությունը հայտնում է «Աջափնյակ» ԲՀ-ից  10 միլիոն դրամի յուրացումը բացահայտելու մասի

Armenpress 19:18, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության  դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել «Աջափնյակ» բարեգործական հիմնադրամի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ըստ քննությանը հայտնի տվյալների՝ հիշյալ հիմնադրամի տնօրենը 2016 թվականին Աջափնյակում գտնվող մանկապարտեզներից մեկի վերանորոգման համար հատկացված գումարներից հիմնադրամի դրամարկղից ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր 1 միլիոն 960 հազար դրամից ավելի գումար։

«Բացի այդ, 2012-ից 2016 թվականների ընթացքում հիմնադրամի միջոցներով ֆինանսավորել է Երևանի քաղաքապետարանի և Աջափնյակ վարչական շրջանի վարչակազմի մասնակցությամբ տարբեր ռեստորանային համալիրներում կազմակերպված խնջույքները, ինչի հետևանքով հիմնադրամին պատճառվել է 8․970․000 դրամի վնաս։

Նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնադրամի տնօրենը վերականգնել է հիմնադրամին պատճառված 10 միլիոն 930 հազար դրամից ավելի վնասը»,- նշված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am