1000х90.jpg (78 KB)

Թաներ Աքչամը Ցեղասպանության ժխտողականության մասին դասախոսությամբ է հանդես եկել Լիտվայում

Armenpress 13:40, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի գիտությունների ակադեմիայիում Լիտվայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և կազմակերպմամբ դեկտեմբերի 9-ին  տեղի ուենցավ թուրք հայտնի պատմաբան, ԱՄՆ Մասաչուսեթսի Քլարքի համալսարանի պատմության դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամի (Taner Akçam) և Նյու Յորքի Մանհեթթենվիլի քոլեջի փիլիսոփայության պրոֆեսոր, փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Շվոն Նաշ-Մարշալի (Siobhan Nash-Marshall) դասախոսությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության ժխտողականությանը, Լիտվայի գիտությունների ակադեմիայի անդամ, պատմաբան Էգիդիյուս Ալեքսանդրյավիչիուսի մասնակցությամբ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Լիտվայում ՀՀ դեսպանությունից: 

Ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա համատեքստում կազմակերպված միջոցառմանը ներկա էին Լիտվայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Դասախոսությունների ընթացքում Թ․ Աքչամը ներկայացրեց Հայոց ցեղասպանության հարցում թուրքական ժխտողականության դրսևորումները, հիմնական թեզերը, խոսեց իր վերջին՝ «Սպանության հրամաններ» գրքում ցեղասպանությունն իրագործած պարագլուխների և նրանց կողմից ուղարկված գաղտնի հեռագրերի վերծանման մասին։ Աքչամը նշեց, որ թուրքական ժխտողականության զինանոցում գտնվող այն պնդումները, թե կեղծիք են Թալեաթ փաշայի հեռագրերը, որոնք հրապարակվել են Արամ Անտոնյանի միջոցով, այլևս չեն դիմանում քննադատության, քանի որ անհերքելի ապացույցներ են ներկայացվել դրանց փաստացիության վերաբերյալ։

Շվոն Նաշ-Մարշալն իր հերթին նշեց, որ ժխտողականությունը Թուրքիայում դրված է օրենդրական հիմքի վրա, ինչն անհնար է դարձնում հաշտեցման և սեփական պատմության հետ առերեսման ցանկացած փորձ։

Միջոցառմանը եզրափակիչ խոսքով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով շնորհակալություն հայտնելով բանախոսներին իրենց դասախոսությունների համար, ներկայացրեց օրվա խորհուրդը, միջազգային ասպարեզում Հայաստանի գործադրած ջանքերը ցեղասպանության զոհերի հիշատակման և նոր ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ։

Դեսպան Մկրտչյանը հավելեց, որ ժխտողականության դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը իրազեկվածության բարձրացումն է, քանի որ ժխտողականության առաջին զոհը ճշմարտությունն է, և ժխտողականության ցանկացած դրսևորում պետք է արժանի հակահարված ստանա։ Եզրափակելով իր խոսքը՝ Տ․ Մկրտչյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչմանն ուղղված միջոցառումները մշտական բնույթ են կրելու:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am