ՀՀ ԱԻՆ-ն ընդլայնում է լեռնային զբոսաշրջության կազմակերպությունների հետ համագործակցությունը

Armenpress 19:12, 9 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 9-ին կայացել է նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանդիպումը լեռնային զբոսաշրջության ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր լեռնափրկարարական ծառայությունների իրականացման ոլորտում առկա խնդիրների քննարկումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Քննարկմանը ներկա էին նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի գլխավոր քարտուղար Մարիա Գրիգորյանը, ինչպես նաև` Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

ԱԻ նախարարը ողջունելով ներկաներին` նշեց, որ լեռնափրկարարական ծառայությունների իրականացման ոլորտում կան մի շարք խնդիրներ, որոնք փրկարարների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով լուծման կարիք ունեն:

-Փրկարարների աշխատանքի օպերատիվ և արդյունավետ կատարման համար Փրկարար ծառայությանը պետք է տրամադրվի արշավախմբերի և անհատ լեռնագնացների երթուղիների մասին տեղեկատվություն, - շեշտեց Ֆելիքս Ցոլակյանը:

Առաջարկություն եղավ ստեղծել առցանց հարթակ, որտեղ տուրիստական գործակալությունները, ինչպես նաև անհատ լեռնագնացները նախապես կգրանցեն արշավների երթուղիների վերաբերյալ տեղեկատվությունը:

Կարևորվեց նաև համապատասխան օրենսդրական դաշտի առկայությունը, որը կկարգավորի ոլորտը:

Զբոսաշրջության կոմիտեի գլխավոր քարտուղար Մարիա Գրիգորյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում նոր օրենքի նախագծի շուրջ:

Քննարկվեց նաև ուղեկցորդ-զբոսավարների վերապատրաստման հարցը, ինչպես նաև` որակավորման տրամադրումը:

ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը տվեց համապատասխան հանձնարարականներ հնչած առաջարկությունները ամփոփելու և հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով:

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Ֆ. Ցոլակյանին ոլորտի խնդիրները քննարկելու նպատակով հանդիպում կազմակերպելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am