Մինչեւ դարավերջը օվկիանոսները կարող են թթվածնի մինչեւ 4 տոկոսը կորցնել տաքացման եւ աղտոտման պատճառով

Armenpress 17:40, 9 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմաստիճանի բարձրացման եւ շրջակա միջավայրի աղտոտման հետեւանքով օվկիանոսները մինչեւ 2100 թվականը կարող են կորցնել դրանցում պարունակվող թթվածնի 3-ից մինչեւ 4 տոկոսը, ինչը կործանարար ազդեցություն կունենա ծովի կենդանական աշխարհի բազմաթիվ տեսակների վրա: Այս եզրակացությանն են եկել Բնության եւ բնական ռեսուրսների պահպանության միջազգային միության (ԲԲՌՊՄՄ) փորձագետները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշվում Է այս կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում, աղտոտման եւ տաքացման պատճառով օվկիանոսներում ավելի ու ավելի Է պակասում թթվածինը: Հետազոտությանը մասնակցած 17 երկրների 67 մասնագետներ վկայակոչում են ավելի վաղ կատարված ուսումնասիրությունները, որոնց համաձայն, «թթվածնի պարունակությունն օվկիանոսներում 20-րդ դարի կեսերից պակասել Է 1-2 տոկոսով»: Այժմ մոտավորապես 700 շրջանում նշվել Է թթվածնի պարունակության նվազում այն դեպքում, երբ 20-րդ դարի 60-ական թվականներին այդպիսի շրջանները միայն 45-ն Էին: «Սպասվում Է, որ օվկիանոսն ամբողջությամբ վերցված մինչեւ 2100 թվականը կկորցնի թթվածնի 3-4 տոկոսը, եթե միջոցներ չձեռնարկվեն:

Ընդ որում՝ այդ կորուստների հիմնական մասը բաժին կընկնի վերին 1000 մետր շերտին, որն աչքի Է ընկնում տեսակների բազմազանությամբ եւ առատությամբ»,-ընդգծում են փորձագետները:

ԲԲՌՊՄՄ-ը, որը հիմնվել Է 1948 թվականին, աջակցում Է միջազգային համագործակցությանը բնության պահպանության բնագավառում, տեղեկատվություն Է տարածում բնապահպանական խնդիրների եւ դրանց լուծման եղանակների վերաբերյալ: Այդ կազմակերպության, որի կենտրոնակայանը գտնվում Է շվեյցարական Գլանդե քաղաքում, խնդիրների թվում պայքարն Է հանուն կենդանիների ու բույսերի տեսակների պահպանության: 1964 թվականին ԲԲՌՊՄՄ-ը հրապարակել Է Կարմիր գրքի առաջին երկհատորյակը, որտեղ տվյալներ են հավաքվել հազվագյուտ կամ անհետացող կենսաբանական տեսակների վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am