1000х90.jpg (78 KB)

Խինես Մելենդեսը մի պայմանով կմնա Հայաստանում  

Armenpress 15:38, 9 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը մի նախապայմանով կշարունակի աշխատանքը Հայաստանում:

«Եթե Արմեն Մելիքբեկյանը մնա, ես ևս կմնամ, եթե հեռանա` ես էլ չեմ մնա: Չեմ երկարաձգի պայմանագիրս: Եթե նա դառնա ֆեդերացիայի նախագահ, ես կշարունակեմ աշխատել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասել է Մելենդեսը:

Խինես Մելենդեսը ծնվել է 1950 թ. մարտի 22-ին:

Մարզչական կարիերան սկսել է «Ալբասետե» ակումբում՝ հետագայում զբաղեցնելով տարբեր պաշտոններ ակումբի համակարգում: 

2008 թվականից ՈՒԵՖԱ-ի, 2011 թվականից ՖԻՖԱ-ի տեխնիկական հրահանգիչ է:

2011-2018 թթ. զբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի և ազգային հավաքականների համակարգողի պաշտոնը:

Այդ ընթացքում Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները 7 անգամ նվաճել են տարբեր մրցաշարերի չեմպիոնի կոչումը, ևս 3 անգամ՝ դարձել արծաթե մեդալակիր:  

Մարզչական կրթության ոլորտում աշխատելուց բացի, նա գլխավորել է նաև Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները, որոնց հետ հասել է ֆուտբոլի պատմության ընթացքում բացառիկ հաջողությունների` մասնավորապես, 6 անգամ իր թիմերի հետ դառնալով Եվրոպայի չեմպիոն (Մ-17, Մ-19):

Խինես Մելենդեսն Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներում մարզել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Չավի Էռնանդեսը, Անդրես Ինիեստան, Իկեր Կասիլիասը, Դավիդ Վիլյան, Սեսկ Ֆաբրեգասը, Խուան Մատան, Ժերար Պիկեն, Իսկոն  և այլոք:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am