6-օրյա վերապատրաստում հոգեկան առողջության ոլորտի բուժանձնակազմերի համար. ՄԻՊ-ը վկայագրեր է հանձնել

Armenpress 15:26, 9 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վկայագրեր է հանձնել աշխատակազմում 6-օրյա վերապատրաստումներ անցած հոգեբուժական հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Այս վերապատրաստումները բխում են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքից և նպատակ ունեն բարձրացնել հոգեկան առողջության ոլորտի բուժաշխատակազմերի մասնագիտական կարողությունները, ինչպես նաև նպաստել Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկների առավել ամբողջական իրացմանը։

Դասընթացին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժական օգնության և սպասարկման ոլորտի նկատմամբ հսկողություն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության բոլոր հոգեբուժական կազմակերպությունների, այդ թվում՝ մարզային, բժշկական անձնակազմերի ներկայացուցիչների (բժիշկներ, հոգեթերապևտներ, հոգեբաններ, բուժքույրեր, բուժակներ, սանիտարներ), ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հոգեբույժների, ինչպես նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքի այլ բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ:

6 օրերի ընթացքում քննարկվել են հոգեբուժական հիվանդանոցային բժշկական օգնությանն ու սպասարկմանն առնչվող համակարգային խնդիրները, ներառյալ՝ զսպան միջոցների կիրառման, պացիենտների զննության և հետազոտման չափանիշների, ստացիոնար ընդունելու և դուրս գրելու ընթացակարգերի, իրազեկման և իրազեկված համաձայնության ստացման, հարկադիր և ոչ հոժարակամ բուժման, սկրինինգային հետազոտությունների կազմակերպման և այլ հարցերի վերաբերյալ: Միաժամանակ, ներկայացվել են խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ոլորտի ներպետական և միջազգային չափանիշները, Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակը և լիազորությունները:

«Ազգային կանխարգելման մեխանիզմի վերաբերյալ ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի առաջարկությունների իրականացում և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված քննարկումների շարքը վարել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցներն ու փորձագետները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am