1000х90.jpg (78 KB)

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի արձագանքներին

Armenpress 11:16, 9 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիան կազմակերպության կողմից անցկացվող «Կոռուպցիայի դեմ պայքարը հանուն կայուն զարգացման նպատակների փորձագիտական համաժողով»-ում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին  առաջադրված մեղադրանքի շուրջ դիտարկումներին: 

«Օրեր առաջ մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանի նկատմամբ: Ինձ զարմացրեցին դրա հետ կապված արձագանքները: Շատերը նշում են, թե ինչ զավեշտ է՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ 400 մլն դրամի հետ կապված մեղադրանք է առաջադրվել: Կարծես՝ ոմանք կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են համերգ հեռուստադիտողների հայտերով: Հայտ է ներկայացվում՝  խնդրում եմ մեկ քրեական գործ Սերժ Սարգսյանի նկատմամբ 400 մլն դրամի սահմաններում: Հետո դրանից  բխում է հաջորդ հարցը, թե ինչու ես պատվիրել 400 մլն դրամանոց գործ, այլ ոչ թե 4 մլրդ դրամանոց: Այնպիսի տպավորություն է, որ կոռուպցիոն մտածողությունը և կոռուպցիայի դեմ պայքարի ընկալումը մեկը մյուսի շարունակությունն է: Այսինքն, ըստ էության, գործ ունենք նույն ծագման հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ  Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am