Սպիտակում Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ խոնարհեց երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ

Armenpress 12:26, 7 Դեկտեմբեր, 2019

ՍՊԻՏԱԿ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1988 թվականի ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակամուտ համայնքից հետո այցելեց Սպիտակ քաղաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը,Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, հոգևորականներ:

Երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ աղոթք հնչեցվեց, այնուհետև ՀՀ վարչապետը, պաշտոնատար անձինք ծաղիկներ խոնարհեցին: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ խոնարհեց նաև Սպիտակ քաղաքում գտնվող Ճապոնիայի երկրաշարժին նվիրված հուշարձանի, Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

Սպիտակի քաղաքապետը Գագիկ Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երկրաշարժի հետևանքով ի հայտ եկած բնակարանների խնդրի լուծման ուղղությամբ դեռ անելիքներ կան:

«Այն ընտանիքները, որոնք շենքերում բնակարաններ են կորցրել, և պետական ծրագրում ներառված են եղել, բոլորը փոխհատուցվել են: Հիմա օրակարգային է մնում սեփական տներ կորցրած ընտանիքների հարցը: Նրանցից շատերը խորհրդային միության տարիներին ռուբլով փոխհատուցում են ստացել, սակայն երբ Միությունը փլուզվեց, այդ գումարները մնացին բանկում: Այսօր, ընդհանուր առմամբ, Սպիտակում տնակներում շարունակում է բնակվել 1200 ընտանիք: Նրանց թվում նաև աղետի հետևանքով տուժածներ»,-ասաց քաղաքապետը: Նա ընդգծեց, որ ներկայում կառավարությունում ակտիվորեն քննարկվում է այդ հարցը, վերջնական որոշումից հետո անդրադարձ կկատարվի նաև այս խնդրին:

Քաղաքապետը նշեց, որ քաղաքն ունի աշխատատեղերի խնդիր: Նախկինում Սպիտակը եղել է արդյունաբերական կենտրոն, իսկ այսօր մեկ-երկու խոշոր ընկերություն է գործում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am